«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-419-11.12.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 54-րդ հոդվածի 5-րդ մասը «երեք ժամվա դիմաց» բառերից հետո լրացնել «, որը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն չափը» բառերով:
Նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նկատառումները հանգում են հետևյալին.
Նախագծի հիմնավորման համաձայն՝ «(…) Օրենսգրքի հատուկ մասի բազմաթիվ հոդվածներ նախատեսում են տուգանք, որի նվազագույն չափը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում ստացվում է Օրենսգրքով նախատեսված առավելագույն ժամաքանակ' երկու հազար երկու հարյուր ժամ, որն էլ որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելիս գերազանցում է օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն չափը: (…)»:
Այս առումով հարկ է նշել, որ օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
Այսպիսով, օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը պարտադրում է դուրս չգալ Հատուկ մասի հոդվածի սանկցիայի սահմաններից: Նշանակվող պատիժը չի կարող հոդվածի սանկցիայում նախատեսված պատժի առավելագույն կամ նվազագույն չափից ավելի խիստ կամ մեղմ լինել: Այդ պահանջից բացառություն կարող է անել միայն օրենքը, որն Ընդհանուր մասում նախատեսված հատուկ նորմերի ուժով դատարանին իրավունք է վերապահում դուրս գալու այդ սահմաններից: Ավելի խիստ պատիժ, քան համապատասխան հոդվածի առավելագույնն է, կարող է նշանակվել միայն հանցագործությունների կամ դատավճիռների համակցության դեպքերում (օրենսգրքի 66-րդ և 67-րդ հոդվածներ): Քանի որ նշված համակցությունների դեպքում պատիժ նշանակվում է երկու կամ ավելի հանցագործությունների համար, ուստի, օրենսգրքի 61-րդ հոդվածի պահանջը չի խախտվում:
Այսինքն, օրենսգրքի Ընդհանուր մասում Հատուկ մասի սանկցիայի վերին շեմից ավելի խիստ պատիժ նշանակելու հնարավորություն տվող հատուկ նորմի բացակայության պայմաններում դատարանները բոլոր դեպքերում (այդ թվում՝ նաև հանրային աշխատանքները որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու դեպքում) չեն կարող նշանակել օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի վերին շեմը գերազանցող պատիժ:
Ելնելով շարադրվածից՝ գտնում ենք, որ օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված՝ պատիժ նշանակելու վերոշարադրյալ կանոնի առկայության պայմաններում նախագծով առաջարկվող կարգավորումների անհրաժեշտությունը բացակայում է: