«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-375-15.11.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է քրեադատավարական կառուցակարգերում օրենսդրորեն ամրագրել հարցաքննությունը տեսագրության միջոցով անցկացնելու և արձանագրելու ընթացակարգ, ինչը, ըստ նախագծի հեղինակների, կնպաստի մինչդատական վարույթում ժամանակային ռեսուրսի խնայողությանը, հարցաքննության ընթացքում տեղեկատվության առավել ամբողջական փոխանցմանը և այլն:
Նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նկատառումները հանգում են հետևյալին՝
1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 209-րդ հոդվածը լրացնել 3.1-ին մասով, որով սահմանվում է հետևյալը. «Հարցաքննության ընթացքի ձայնագրման և (կամ) տեսագրման դեպքում, եթե քննչական գործողության մասնակիցները և քրեական հետապնդման մարմինները չեն առարկում, ապա ցուցմունքները, այդ թվում՝ հարցերը և պատասխանները հարցաքննության արձանագրության մեջ չեն արտացոլվում: Այս դեպքում առարկությունների բացակայության մասին նշում է կատարվում արձանագրությունում, ձայնագրությունը և (կամ) տեսագրությունն ամրագրվում են երկու նյութական կրիչի վրա, որոնք կցվում են հարցաքննության արձանագրությանը: Նյութական կրիչներից մեկը կնքվում է և կարող է բացվել դատարանում՝ սույն օրենսգրքի 337-րդ և 342-րդ հոդվածներով նախատեսված դեպքում, իսկ մյուս կրիչը կարող է օգտագործվել քննիչի կամ դատախազի կողմից՝ իրենց դատավարական լիազորություններն իրականացնելու նպատակով: Հարցաքննության ընթացքի ձայնագրության և (կամ) տեսագրության նյութական կրիչի կրկնօրինակը դատավարության մասնակիցներին օրենքով սահմանված կարգով տրամադրվում է մեղադրական եզրակացություն կազմելուց առաջ՝ գործի նյութերին ծանոթացնելու ընթացքում»:
Ինչպես նկատում ենք նախագծի շրջանակներում առաջարկվում է ընդլայնել դատավարական գործողությունների արձանագրման ընթացակարգը՝ թղթային տարբերակից բացի սահմանելով նաև ձայնագրման կամ տեսագրման միջոցով դատավարական գործողությունների արձանագրման եղանակները: Նախագծում, սակայն, առկա են որոշ խնդրահարույց կարգավորումներ:
Մասնավորապես, նախագծում ամրագրված են արձանագրման լրացուցիչ երկու եղանակներ, դրանք են՝ ձայնագրումը և տեսագրումը, որոնք միմյանցից տարանջատվում են և (կամ) շաղկապներով, ինչը նշանակում է, որ հնարավոր են դեպքեր, երբ դատավարական գործողության կամ դատական նիստի արձանագրումն իրականացվի միայն ձայնագրման կամ միայն տեսագրման միջոցով, որի պարագայում ձայնի և պատկերի միաժամանակյա արձանագրման հնարավորությունը կբացակայի: Նմանատիպ կարգավորման պայմաններում կարող է ստացվել նաև այնպես, որ մի դեպքում առանց պատշաճ հիմնավորման, հարցաքննության արդյունքներն ամրագրվեն ձայնագրման, մեկ այլ դեպքում՝ տեսագրման միջոցով, ստեղծելով նաև անհավասար պայմաններ դատավարության մասնակիցների համար:
Վերոգրյալի հիման վրա, կարծում ենք, որ հարցաքննությունն առաջարկվող ընթացակարգով իրականացնելու համար անհրաժեշտ է գործածել այնպիսի բառ, որը կներառի և´ տեսապատկերը, և´ ձայնն ամրագրելու հնարավորություն: Այսպես, առաջարկում ենք նախագծում գործածված «տեսագրություն» և «ձայնագրություն» բառերը փոխարինել «տեսաձայնագրառում» բառով` միաժամանակ բացառելով միայն ձայնագրությամբ հարցաքննությունն արձանագրելու ընթացակարգի նախատեսման հնարավորությունը:
2. Խնդրահարույց է նաև նախագծի նույն հոդվածի մեկ այլ կարգավորում, համաձայն որի՝ հարցաքննության ընթացքի ձայնագրության և (կամ) տեսագրության նյութական կրիչի կրկնօրինակը դատավարության մասնակիցներին օրենքով սահմանված կարգով տրամադրվում է մեղադրական եզրակացություն կազմելուց առաջ՝ գործի նյութերին ծանոթանալու ընթացքում: Բանն այն է, որ նշված նորմով չեն կարգավորվում այն դեպքերը, երբ մինչդատական վարույթը չի ավարտվում մեղադրական եզրակացության կայացմամբ: Այսինքն, պարզ չէ, թե համապատասխան նյութական կրիչի կրկնօրինակը դատավարության մասնակիցներին տրամադրվելու է արդյո՞ք այն պարագայում, երբ քրեական գործը կարճելու և (կամ) քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացվի:
3. Նախագծով առաջարկվել է փոփոխել օրենսգրքի 337-րդ հոդվածի 2-րդ և 342-րդ հոդվածի 2-րդ մասերը: Սակայն անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաև վերոնշյալ հոդվածների 1-ին մասերում: Մասնավորապես, առաջարկում ենք օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասը «ցուցմունքների» բառից հետո լրացնել «տեսաձայնագրառումների,» բառով, 2-րդ մասը «ցուցմունքների» բառից հետո լրացնել «տեսաձայնագրառման կամ» բառերով, միաժամանակ օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասը «ցուցմունքների» բառից հետո լրացնել «տեսաձայնագրառման և» բառերով, 2-րդ մասը «ցուցմունքների» բառից հետո լրացնել «տեսաձայնագրառման կամ» բառերով:
4. Նախագծով առաջարկվել է սահմանել հարցաքննության համար արձանագրման նոր ընթացակարգ, սակայն որևէ կարգավորում չի նախատեսվել առերեսման արդյունքները նման կարգով արձանագրելու վերաբերյալ:
Այսպես, օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի և մեկ այլ անձի ցուցմունքներում»:
Կարծում ենք, որ արձանագրության տեսաձայնագրառման եղանակով ամրագրման ընթացակարգ պետք է նախատեսել նաև առերեսման համար, քանի որ ինչպես արդեն նշվեց առերեսումը նախկինում հարցաքննված երկու անձանց միջև անցկացվող հարցաքննության ինքնուրույն ձև է:
Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագիծը կարող է ընդունելի լինել մեր կողմից ներկայացված նկատառումները հաշվի առնելու դեպքում: