«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-364-13.11.2019-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է բանկային ավանդի համար տոկոսները վճարել ինչպես ներդրման օրվա, այնպես էլ վերադարձման օրվա համար։ Ներկայացված առաջարկությունն ընդունելի է մասամբ:

Այսպես, միջօրյա (overnight) ավանդ կնքելու հնարավորություն ստեղծելու նպատակով  նպատակահարմար ենք համարում բանկային ավանդի համար տոկոսների հաշվարկն ավանդի ներդրման օրվանից սկսած, սակայն ոչ ավանդի մարման օրը։

Տվյալ մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավանդի մարման օրը բանկն ավանդի միջոցներն օգտագործելու հնարավորություն չունի։ Ինչպես ներգրավված ավանդի գումարը, այնպես էլ հավելագրված տոկոսներն ավանդի մարման օրը կանխիկ կերպով պահվում են դրամարկղում, որպեսզի բանկը հաճախորդի պահանջի դեպքում նրան վերադարձնի գումարը։ Հետևաբար՝ արդարացված չէ մարման օրը բանկի կողմից չօգտագործվող միջոցների համար տոկոսագումարների վճարումը։

Բացի դրանից, առաջարկում ենք օրենքի նախագծում «հավելագրում» բառը փոխարինել «հաշվարկվում» բառով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի դեպքերում հնարավոր է նաև բացասական տոկոսով ավանդի տրամադրում, ինչը լայնորեն կիրառվում է արտասահմանում: