«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ (Պ-366-14.11.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐ ՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները:

Առաջարկվող կարգավորմանը հարկ ենք համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետության գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ դատարանում ներկայացուցչությունը բացառապես փաստաբանների կողմից իրականացվելու կարգավորման էության, դրանով հետապնդվող նպատակի, ինչպես նաև նախորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում նշված հարցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2016 թվականի ապրիլի 5-ի թիվ ՍԴՈ-1263 որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո:

Այսպես, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նշված որոշման շրջանակներում անդրադառնալով դատարանում որպես ներկայացուցիչ գործը վարելու լիազորությունը բացառապես փաստաբանին վերապահելու իրավաչափության հարցին, «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության վերլուծության արդյունքում արձանագրել է, որ օրենսդիրը սահմանել է դատական ներկայացուցչության կամ դրա կազմակերպման երկու դեպք.

- դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը՝ որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն, և՝

- դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը՝ ոչ որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն:

Ընդ որում, դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը՝ որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն, կարող է իրականացնել միայն փաստաբանը:

Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրել է, որ, միայն փաստաբանի միջոցով դատական ներկայացուցչության իրականացման օրենսդրական պահանջն ամրագրելով, օրենսդիրը ոչ միայն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի երաշխավորման իր պոզիտիվ պարտականությունը, այլև երաշխավորում է որակյալ իրավաբանական օգնություն՝ դրանով իսկ երաշխավորելով իրավական պետությանը հարիր՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը՝ ամրագրված Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում:

Ինքնանպատակ չէ այն հանգամանքը, որ, ի տարբերություն 2005 թվականի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածի, որի 1-ին մասի 1-ին նախադասությամբ ամրագրված դրույթով սահմանված էր իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, 2015 թվականի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածը, որը վերաբերում է դիտարկվող իրավունքին, պարունակում է 2-րդ մաս, որի 1-ին նախադասությամբ ամրագրված է հետևյալ դրույթը. «Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը:»: Դրանով իսկ պետությունն ընդլայնել է որակյալ իրավաբանական օգնություն ցուցաբերելու իր պոզիտիվ պարտականության շրջանակները՝ սահմանադրական մակարդակի բարձրացնելով փաստաբանության՝ որպես որակյալ իրավաբանական օգնություն տրամադրող ինստիտուտի դերը: Այդ նպատակն է հետապնդում նաև օրենքով նախատեսված` փաստաբանական դպրոցի ստեղծումը, որը կազմակերպում և իրականացնում է փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը, կազմակերպում է փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար անցկացվող որակավորման քննությունը, կազմակերպում և անցկացնում է փաստաբանների մասնագիտական վերապատրաստումը:

 Ինչ վերաբերում է վճարովիության հիմունքներով պարբերաբար դատական ներկայացուցչության՝ միայն փաստաբանի միջոցով իրականացման օրենսդրական պահանջի և դատարանի մատչելիության իրավունքի միջև հարաբերակցությանը, ապա, հաշվի առնելով փաստաբանական գործունեության ձեռնարկատիրական բնույթը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գտել է, որ նման հարաբերակցությունը կարող է պայմանավորված լինել բացառապես դատական ներկայացուցչություն հայցող անձի ֆինանսական հնարավորություններով:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը նշել է, որ օրենսդիրը նախատեսել է որոշակի երաշխիքներ՝ դատական ներկայացուցչություն հայցող, սակայն համապատասխան ֆինանսական հնարավորություններ չունեցող անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի ապահովման համար:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հայտնած դիրքորոշման համատեքստում անդրադառնալով գործող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորմանը՝ հարկ ենք համարում նշել հետևյալը:

Այսպես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասում, ամրագրելով դատական ներկայացուցչությունը փաստաբանի միջոցով իրականացնելու ընդհանուր կանոնը, նույն հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը նախատեսել է այդ կանոնից որոշակի բացառություններ՝ սահմանելով, որ դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև՝

1) օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված անձինք.

2) օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, ովքեր ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են.

3) անձինք, ովքեր՝

ա. անվճար ներկայացնում են իրենց ծնողի, զավակի, պապի, տատի, թոռան, հորեղբոր, հորաքրոջ, մորեղբոր, մորաքրոջ, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, վերջիններիս ամուսնու կամ զավակի, ինչպես նաև իր ամուսնու կամ նրա ծնողի, զավակի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ շահերը,

բ. վճարովի կամ անվճար ներկայացնում են այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի քսան և ավելի տոկոսը պատկանում է իրենց կամ սույն կետի «ա» ենթակետում նշված անձանց:

Բացի դրանից, «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասում օրենսդիրը թվարկել է հասարակության խոցելի խմբերին պատկանող 16 կատեգորիայի անձանց, որոնց իրավաբանական օգնությունը տրամադրվում է անվճար՝ ուղղակիորեն չնախատեսելով տվյալ կատեգորիայի անձանց` համապատասխան ֆինանսական հնարավորություններ չունենալու հանգամանքը, և միայն մեկ դեպքում, որը սահմանված է օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետում (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներ), օրենսդիրն անվճար իրավաբանական օգնության տրամադրման համար ուղղակիորեն նախատեսել է տվյալ կատեգորիայի անձանց` համապատասխան ֆինանսական հնարավորություններ չունենալու հանգամանքը:

Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ գործող կարգավորումներն ապահովում են անձի համար արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում՝ արհեստավարժ փաստաբանների կողմից:

Միևնույն ժամանակ, ամփոփելով քննարկվող հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դիրքորոշումը, կարելի է փաստել, որ ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի՝ դատական ներկայացուցչության վերաբերյալ առկա իրավակարգավորման հիմնական նպատակը քաղաքացիական արդարադատության ոլորտում մարդկանց վճարովի իրավաբանական ծառայություն մատուցելու ինստիտուտի հստակ կանոնակարգումն է` արգելելով անձանց պարբերաբար և վճարովի հիմունքներով հանդես գալ որպես ներկայացուցիչ դատարանում` չունենալով համապատասխան գործունեությամբ զբաղվելու արտոնագիր: Նման իրավակարգավորում առկա է բազմաթիվ երկրներում և բխում է իրավական պետությունում իրավունքի գերակայության երաշխավորման սահմանադրական սկզբունքի էությունից:

Ընդ որում, քաղաքացիական և քրեական գործերով պարտադիր համարելով դատական ներկայացուցչությունը համապատասխան որակավորում ունեցող փաստաբանների միջոցով իրականացնելը՝ պետությունը հնարավորություն է տալիս անձին՝ լիովին, ազատորեն ընտրելու իր նախընտրած փաստաբանին: Այս կարգավորումը համապատասխանում է նաև «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի պահանջներին:

Հարցին անդրադառնալով դատարանի մատչելիության իրավունքի տեսանկյունից՝ անհրաժեշտ ենք համարում վկայակոչել նաև «Ուսուցիչների լեհական միությունն ընդդեմ Լեհաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2004 թվականի սեպտեմբերի 21-ի վճռի 29-րդ կետում արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Գործող իրավակարգավորումներն ամենևին չեն սահմանափակում անձի իրավունքն իր ընտրած ցանկացած անձի միջոցով իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը, այլ ուղղված են առանց համապատասխան արտոնագրի՝ դատական ներկայացուցչություն իրականացնելն արգելելուն:

Ընդ որում, առանց փաստաբանական գործունեության արտոնագրի դատական ներկայացուցչություն իրականացնելու դեպքում գործնականում անհավասար պայմաններ են առաջանալու փաստաբանների և դատական ներկայացուցչություն իրականացնող այլ իրավաբանների միջև, քանի որ առաջինները, որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտներ, կրում են որոշակի հարկային պարտավորություններ, ինչը դժվար կլինի գործնականում վերահսկել այլ իրավաբանների դեպքում:

Բացի դրանից, փաստաբանները, լինելով Փաստաբանների պալատի անդամ, ենթարկվում են որոշակի վերահսկողության՝ փաստաբանի վարքագծի կանոնները պահպանելու տեսանկյունից: Մասնավորապես, վերջիններս կաշկանդված են փաստաբանի վարքագծի կանոնագրքով, ենթարկվում են ավելի խիստ կանոնների, քան արտոնագիր չունեցող իրավաբանները, ինչն ավելի արհեստավարժ է դարձնում դատավարությունը՝ ավելի որակյալ և արդյունավետ դարձնելով անձի դատական պաշտպանությունը:  Հետևաբար, նախագծի հեղինակների այն մտահոգությունը, որ գործող իրավակարգավորումը խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության սկզբունքներով նախատեսված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացումը, շարադրվածի համատեքստում, կարծում ենք, արդարացված չէ:

Անդրադառնալով նախագծի հեղինակների այն դիտարկմանը, որ յուրաքանչյուր քաղաքացի, ընտրելով դատարանում իր իրավունքների պաշտպանությունն իրականացնող ներկայացուցչին, կրում է գործի ցանկացած ելքով ավարտի ռիսկը, ուստի, ինքը պետք է ընտրի, թե որ միջոցն է առավել արդյունավետ իր իրավունքների պաշտպանության համար, գտնում ենք, որ այդ միջոցի ընտրության հարցում անձի հայեցողությունը չի կարող լինել բացարձակ, որպիսի հանգամանքը կարևորել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ մատնանշված դատական գործով:

Այս կապակցությամբ հատկանշական է նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դիրքորոշումն առ այն, որ անձի ինքնարտահայտման իրավունքը, որը ներառում է նաև դատական ներկայացուցչությունը, և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, մնացած բոլոր իրավունքների նմանությամբ՝ կարող է իրացվել միայն  օրենքով նախատեսված կարգով,  այլ ոչ թե սեփական հայեցողությամբ[1]

Ինչ վերաբերում է նախագծի հիմնավորման մեջ վկայակոչված այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում ևս ներկայացուցիչ լինելու հնարավորությունը տրվում է յուրաքանչյուրին, ապա հարկ է նկատի ունենալ այն, որ դատավարական տարբեր ընթացակարգերում ներկայացուցչությունն ապահովվում ու վերջինս իրավակարգավորվում է այդ ընթացակարգերի առանձնահատկությունները հաշվի առնելով:

Այսպես, ինչպես Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում գործում է գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքը, որի դեպքում նշված դատարանները սահմանափակված չեն դատավարության մասնակիցների ներկայացրած միջնորդություններով, առաջարկություններով, ապացույցներով, իսկ քրեական և քաղաքացիական գործերով դատավարությունների դեպքում գործում է կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքը, որի դեպքում դատարանը սահմանափակված է դատավարության մասնակիցների ներկայացրած միջնորդություններով, առաջարկություններով, ապացույցներով: Բացի դրանից, քրեական գործում տուժողը հանդես է գալիս արհեստավարժ իրավաբան դատախազի հետ մեկտեղ` մեղադրանքի կողմում, ինչն ապահովում է տուժողի իրավունքների պաշտպանության բարձր որակը: Հետևաբար, արդարացված է դատավարությունների միջև տարբերությունների առկայությամբ պայմանավորված՝ նաև դատավարական ներկայացուցչության տարբերությունը, որը բխում է հենց ներկայացվողի շահերից:

Ամփոփելով շարադրվածը և նկատի ունենալով այն, որ դրանով նախատեսվող կարգավորման հիմքում դրված է քաղաքացիական դատավարությունում իրավաբանական օգնությունը արհեստավարժ հիմունքներով մատուցելու տրամաբանությունը, առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը թողնել անփոփոխ:

 

 

 

 

[1] Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2016 թվականի ապրիլի 5-ի թիվ ՍԴՈ-1236 որոշումը: