ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (Խ-275-10.09.2019,11.11.2019-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը:
1. Նախագծի կարգավորման առարկա հարաբերությունները կարգավորվում են 2018 թվականի մարտի 23-ի «Հանրային ծառայության մասին» ՀՕ-206-Ն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում: Նույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից: Մինչ այդ շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 23-24-րդ, 30-31-րդ հոդվածների, 32-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովի սույն թվականի նոյեմբերի 19-ին նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությամբ նշված հանձնաժողովն արդեն իսկ կազմավորվել է, համապատասխանաբար սույն թվականի նոյեմբերի 20-ին ուժը կորցրած է ճանաչվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, ուստի 2011 թվականի մայիսի 26-ի «Հանրային ծառայության մասին» ՀՕ-172-Ն օրենքում փոփոխություն նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է:
Այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում, Նախագծով առաջարկվող փոփոխությունը կարող է կատարվել 2018 թվականի մարտի 23-ի «Հանրային ծառայության մասին» ՀՕ-206-Ն օրենքի 34-րդ հոդվածում:
2. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ Նախագծով առաջարկվող՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասից և 34-րդ հոդվածի 1-ին մասից «15 000 և ավելի բնակչություն ունեցող» բառերը հանելու վերաբերյալ կարգավորումներն ուժի մեջ են մտնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ձևավորման պահից:
Սկզբունքորեն կողմ լինելով Նախագծով սահմանված կարգավորումներին՝ հարկ է նշել, որ Հանձնաժողովը նոր է կազմավորվել, և դեռևս շարունակում է աշխատել հայտարարագրման գործող էլեկտրոնային համակարգով: Այս առումով Նախագծի վաղաժամկետ ուժի մեջ մտնելն անհարկի կծանրաբեռնի Հանձնաժողովի աշխատանքը, ընդհուպ կհանգեցնի վերջինիս գործառույթների իրականացման արդյունավետության զգալի անկմանը: Ուստի, այս փուլում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ տվյալ կարգավորումից, և առաջարկում ենք նախատեսել Նախագծի՝ ավելի ուշ ուժի մեջ մտնելու ժամկետ:
3. Նախագծի 4-րդ հոդվածում «կետը» բառը փոխարինել «մաս» բառով:
ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ