«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ   ՆԱԽԱԳԾԵՐԻ    (Պ-300-30.09.2019-ԳԿ-011/0)    ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ:

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ օրենք) փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի վերաբերյալ հարկ է նշել, որ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է, իսկ պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասում 2015 թվականին կատարված և 2017 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությամբ  պարտադիր է ճանաչվել տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական, կամ միջին մասնագիտական կրթությունը: Նման մոտեցման համար հիմք է ծառայել այն իրողությունը, որ աշակերտը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքի ուժով երաշխավորված անվճար պարտադիր տասներկուամյա միջնակարգ կրթությունն ամբողջությամբ կարող է ստանալ պետական հանրակրթական հաստատությունում, իսկ հիմնական կրթության հիմքով ուսումը նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով պետական ուսումնական հաստատություններում շարունակելու պարագայում՝ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունում: Հարկ է նշել նաև, որ, առաջնորդվելով նշված սահմանադրական նորմի և օրենքի տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նույն՝ 2017 թվականին համապատասխան փոփոխություն է կատարել իր 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգում՝ դրա 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանելով, որ պետությունն ուսանողական նպաստի ձևով, մրցութային հիմունքով՝ ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ տարվա համար հատկացված անվճար ուսուցման տեղում մինչև 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողին` մինչև ուսումնառության ավարտը:

Ելնելով շարադրվածից՝ գտնում ենք, որ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթությամբ 19 տարեկանը չլրացած սովորողների համար չի կարող սահմանվել վճարովի կրթության հնարավորություն:

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվելու ուսումը շարունակելու բուհերի առկա ուսուցման 2-րդ կուրսում, եթե տվյալ մասնագիտության համար հեռակա ուսուցման ձև նախատեսված չէ:

Նախագծի ընդունման դեպքում անհավասարություն կառաջանա միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների միջև, քանի որ նրանց միայն մի մասը կկարողանա կրթությունը բուհերում շարունակել առկա ուսուցմամբ՝ այն պարագայում, երբ նրանց գերակշիռ մասն ուսումը պետք է շարունակի հեռակա ուսուցմամբ: Անհավասար պայմաններ կստեղծվեն նաև ավագ դպրոցում կամ միջնակարգ կրթության 3-րդ աստիճանում սովորողների համար, քանի որ վերջիններս չունեն նման հնարավորություն և բուհ են ընդունվում ընդհանուր հիմունքներով՝ այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի համաձայն միջնակարգ կրթության 3-րդ աստիճանը (10-12-րդ դասարաններ) և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիրն ունեն նույն՝ 4-րդ մակարդակը:

Հաշվի առնելով շարադրվածը՝ առաջարկում ենք օրենքների նախագծերի փաթեթով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ խնդրո առարկա կարգավորումները կարող են ամրագրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշման հավելվածում իրականացվող համապատասխան փոփոխություններով, որի նպատակահարմարությունը գնահատելու համար անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ և համակողմանի ուսումնասիրություն: