ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
 ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-148-22.05.2019,27.09.2019-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չունենք:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առաջարկում ենք՝     

1)  վերնագրում «փոփոխություններ» բառը փոխարինել «լրացում» բառով,        

2) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.        

«Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.       

«2.1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2020 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:»,   

3) նախագծից հանել 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածները, 

4) նախագծի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ   

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Օրենքի 9-րդ հավելվածում 1.25, 1.29, 1.33, 1.37 գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների համար հիմնական աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափից: Համապատասխան պետական ծառայողների համար օրենքով նախատեսված բնականոն աճը կիրառվում է Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշվող պաշտոնային դրույքաչափերի՝ տվյալ պահին աշխատողի համար նախատեսված գործակցի և օրենքով սահմանված կարգով բնականոն աճի կիրառման դեպքում համապատասխան գործակցի միջոցով որոշվող պաշտոնային դրույքաչափերի, տարբերության չափով:»:    

                                                                  

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ