Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 70-րդ հոդվածի 1-ին մասը և 77-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնում է գրավոր առաջարկություն «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և կից փաթեթի (կոդ՝ Կ-289) վերաբերյալ.

Վաճառասրահների ոլորտի 3.000-ից ավելի տնտեսվարողներ դիմել են խմբակցություն՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի[1] վերաբերյալ։

Խնդիրը, որ առաջացնում է նման կարգավորումը, այն է, որ այս բիզնեսից դուրս գալու պարագայում նշյալ տնտեսվարողներն ունենալու են մեծ ֆինանսական կորուստներ (մոտավորապես տարեկան 10 մլրդ հայկական դրամի չափով), այսինքն շրջանառությունից դուրս է գալիս տարեկան այդչափ գումար, և չկա հստակ հիմնավորում այն մասին, որ վաճառասրահներում ծխախոտի ցուցադրությունը որևէ կերպ ավելացնում է ծխողների քանակը երկրում։

Ավելին, օրինակ՝ Գերմանիայում ևս ժամանակին նմանատիպ արգելք է սահմանվել, սակայն հետագայում վերադարձ է կատարվել հին կարգավորմանը։ Չեխիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում թույլատրվում է նաև բիլբորդային գովազդը, սակայն այդ հասարակությունները չեն կարող համարվել այնքան ծխող, որքան մեր երկրում։ Այս տվյալը վկայում է այն մասին, որ գովազդն ու ծխողների քանակն ուղղակի կապի մեջ չեն, և ծխողների մեծաքանակ լինելն այլ հանգամանքներով է պայմանավորված։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք փաթեթից հանել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը։

 

Շնորհակալություն համագործակցության համար։

 

Հարգանքով՝

 

 

[1] Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների՝

(…)

2) հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում: Դրանց ցանկը՝ գների մասին նշումով վաճառողի կողմից տրամադրվում է չափահաս անձին՝ վերջինիս պահանջով: Ցանկը վաճառասրահում չի փակցվում: