Առաջարկություն
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և 81-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակարգի VIII գլուխը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնում է գրավոր առաջարկներ առաջին ընթերցմամբ ընդունված «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին (կոդ՝ Պ-239) վերաբերյալ.
- Ողջունելով Ձեր նախաձեռնությունը՝ առաջարկում ենք լրացնել այն նաև «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նոր սկզբունքային նորմով, համաձայն որի՝ ոչ միայն Ձեր կողմից առաջարկվող կարգավորումների, այլ նաև առհասարակ նշյալ օրենքի կիրարկման ողջ շրջանակում ապահովված կլինեն քաղաքացիների անձնական կյանքի գաղտնիությունը և առհասարակ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պաշտպանվող իրավունքները։
- Չարաշումներից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք նախատեսել սահմանափակող դրույթ, որի ուժով՝ արգելվում է նույն անձին տեսանկարահանել ամսական 2 անգամից ավելի և տարեկան 5 անգամից ավելի, բացառությամբ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների տեսանկարահանման։
- Համակարգի անխափան աշխատանքն ապահովելու և գերբեռնումից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք սահմանափակել տեսանկարահանումների քանակը, որոնք չեն արձանագրում որևէ իրավախախտում։ Մասնավորապես՝ ամսական 2 անգամ նմանատիպ տեսանկարահանման դեպքում օգտատիրոջն արգելափակել 1 ամսով, իսկ տարեկան 10 անգամը գերազանցելու դեպքում՝ արգելափակել 6 ամսով։