«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱ­ՐԵ­ԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱ­ԽԱԳԾԻ (Պ-237-25.07.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ      
                
                

          «Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է «Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքում (այսուհետ՝ Օրենք) սահմանել պահանջ, որի համաձայն՝ ազգությամբ հա­յերի՝ քաղաքացիության ձեռքբերման վերաբերյալ դիմումները կքննարկվեն երեք­ամսյա ժամկետում՝ ընդհանուր կանոնի վեցամսյա ժամկետի փոխարեն:  
          Կառավարությունը մեծապես կարևորում է քաղաքացիության ձեռքբերման վերա-բերյալ դիմումների քննարկման ժամկետների հետևողական կրճատումը, սակայն ներկա փուլում առաջարկվող ժամկետի կրճատումը կարող է խնդրահարույց լինել քաղաքա-ցիության տրամադրման դիմումներին պատշաճ ընթացքն ապահովելու տեսանկյունից։ Բանն այն է, որ իրավասու պետական մարմինների վիճակագրության համաձայն՝ Հա­յաս­տանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչու­թյու­նում և Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում տարեկան ներկայացվում են մոտ 10.000 դիմումներ, որոնց ճնշող մեծամասնությունը՝ մոտ 95 տո­կոսը, կազմում են ազգությամբ հայերի կողմից ներկայացված քաղաքացիության ձեռք­բեր­ման դիմումները: Բացի այդ, Կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 498-Ն որոշ­մամբ սահմանված է քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնա­ժո­ղո­վի գործունեության կարգ, որով ևս որոշակի ժամկետներ են նախատեսվում հանձ­նա­ժո­ղովի գործունեության համար։
          Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, Կառավարությունը նախաձեռնել է քննարկվող հարաբերությունները կարգավորող օրենսդրության համակարգային վերա­նայ­ման գործընթաց։ Այս առումով, թեպետև կարևորում ենք Նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը, սակայն գտնում ենք, որ նախատեսված ընթա­ցա­կարգը լիարժեք ձևով կիրառելու համար անհրաժեշտ է Օրենքում մի շարք այլ փոփո­խու­թյուններ կատարել նաև համապատասխան մեխանիզի ներդրման մասով։ Այդ կապակ­ցու­թյամբ առաջարկում ենք ձեռնպահ մնալ ներկայացված նախագծի ընդունումից, հաշվի առնելով այն, որ առաջիկայում Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի քաղաքացիության տրամադրման հետ կապված օրենսդրության ամբող­ջա­կան վերանայման վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթ։