«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-145-22.05.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 ՀՀ կառավարությունը օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները:

Նախագծում ներկայացված չէ, թե մեկ ամսվա ընթացքում Ջրի ազգային խորհրդի նիստ չգումարելու դեպքում ինչ ընթացակարգով են տրամադրվելու Ջրի ազգային խորհուրդ ներկայացված ջրօգտագործման թույլտվությունները:

Բացի այդ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Ջրի ազգային խորհրդի գործունեության և լիազորությունների հետ կապված դրույթները, այդ թվում նաև նախագծով փոփոխության ենթարկվող՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը։

Ելնելով վերոշարադրյալից՝ կառավարությունն առաջարկում է ներկա փուլում ձեռնպահ մնալ փոփոխություններից և նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ: