«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-161-27.05.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ 

ՀՀ կառավարությունը օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի դրույթների միջև առկա անհամապատասխանությունը վերացնելու նպատակով օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ: Անհամապատասխանությունը վերարաբերում է օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի և 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթներին, որի համաձայն անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճար չեն կատարել, եթե տվյալ հաշվետու տարվա ընթացքում ձեռնարկատիրական կամ նոտարական գործունեությունից կամ այլ հիմքով եկամուտներ չեն ստացել, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխությունների համաձայն՝ անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճար վճարում են հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շահութահարկի հաշվարկում, իսկ շրջանառության հարկի և (կամ) արտոնագրային հարկի համակարգերում գործող անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը:

Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը հասկանալի է, սակայն գտնում ենք, որ ընդհանուր առմամբ ուղղակի հակասություն առկա չէ. օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը կարիք ունի բացառապես հստակեցման, միաժամանակ առաջարկվող փոփոխության բովանդակությունից պարզ չի երևում, թե որ դեպքերում են անհատ ձեռնարկատերերը և նոտարներն ազատվում դրոշմանիշային վճար կատարելու պարտավորությունից: Նշված անհստակությունը վերացնելու նպատակով և հաշվի առնելով, որ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխված դրույթներն ուժի մեջ են մտել 2018 թվականի հունվարի 1-ից, օրենքի նախագծի ընդունումը գտնում ենք նպատակահարմար՝ նախագծում հետևյալ փոփոխությունների կատարման դեպքում.         

1) վերնագրում «փոփոխություններ» բառը փոխարինել «փոփոխություն» բառով.      

2) 1-ին և 2-րդ հոդվածները շարադրել հետևյալ բովանդակությամբ՝     

«Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝   

«2) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք, եթե բացակայում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված հանգամանքները.»:  Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:»: