«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն  ԵՎ  լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ -043-30.06.2017- ՊԻՄԻ -011/0 ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության  ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հետևյալ հիմնավորմամբ՝

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում «մոլեխաղեր» եզրույթը կիրառվում է միայն 364.1-ին հոդվածում և հաշվի առնելով, որ այն քրեաիրավական եզրույթ չէ, գտնում ենք, որ նպատակահարմար չէ բլանկետային դիսպոզիցիայում սպառիչ սահմանում տալ այնպիսի եզրի, որն ընդհանուր առմամբ իրավունքի այլ ճյուղերի կարգավորման առարկա է: Հատկապես, եթե քննարկվող նորմի գործող շարադրանքը միանգամայն բավարար է հանցակազմի հատկանիշների նույնացման համար՝ օգտագործելով իրավական նորմի մեկնաբանության տառացի կամ քերականական եղանակը:

Բացի դրանից, նախագծի հիմքում դրված տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում անխուսափելիորեն անհրաժեշտություն կառաջանա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածներում սահմանել մի շարք գործածվող եզրույթների օրենսդրական հասկացությունները, ինչը կնպաստի քրեական օրենսդրության արհեստական և չհիմնավորված ուռճացմանը: Այդ առումով ընդունելի չէ նախագծի հիմքում դրված մոտեցումը:

Հարկ է նկատի ունենալ նաև, որ «մոլեխաղ» եզրույթի օրենսդրական հասկացությունը բացակայում է նաև Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագծի 1-ին հոդվածում, որտեղ նշված է քրեական օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունների բովանդակությունը:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: