ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

  
   Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1058-19.09.2016-ԳԿ-010/0) վերաբերյալ:

1. «Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի անվանումը հստակեցման կարիք ունի, քանի որ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` օրենք) «արտադպրոցական կրթություն» հասկացություն կամ դրույթ չկա: «Արտադպրոցական դաստիարակություն» հասկացությունն ամրագրված է օրենքի 20-րդ հոդվածում, որտեղ ներկայացված են նաեւ արտադպրոցական դաստիարակության նպատակները եւ իրականացնող կազմակերպությունները (մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական ու արվեստի դպրոցներ, ակումբներ, պատանի հայրենասերների, տեխնիկների, բնասերների եւ տուրիստական կայաններ, մարզադպրոցներ, ճամբարներ ու արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ):

Օրենքի նախագծում «արտադպրոցական կրթություն» հասկացությունը (2-րդ հոդվածի 2-րդ մաս) հիմնականում առնչվում է օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 26-րդ հոդվածով ամրագրված՝ լրացուցիչ կրթական ծրագրերին ու լրացուցիչ կրթությանը վերաբերող  դրույթներին, ըստ որոնց լրացուցիչ կրթական ծրագրերը նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների ու մասնագետների կրթական պահանջմունքների բավարարմանը եւ նրանց մասնագիտական որակավորման բարձրացմանը, ինչպես նաեւ սահմանված են լրացուցիչ կրթության խնդիրները եւ դրանք իրականացնող կրթական հաստատությունները: Օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ուսումնական հաստատության տիպերից է լրացուցիչ կրթության, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության ուսումնական հաստատությունը (13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ):

2. 2-րդ հոդվածի համաձայն՝ արտադպրոցական ուսումնական կրթություն ստացողներ են նշված հաստատությունների սաները, սովորողները եւ ունկնդիրները: Այս առումով անհրաժեշտ է օրենքի նախագծի 2-րդ հոդվածում սահմանել նաեւ «ունկնդիր» հասկացությունը:

3. 3-րդ եւ 7-րդ հոդվածներն անհրաժեշտ է միավորել «Օրենքի խնդիրները» վերնագրի տակ:

4. 4-րդ հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Արտադպրոցական կրթության համակարգը»:

5. Առաջարկում ենք 8-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետից հանել «եւ շինությունները, սարքավորումները, տեխնիկան օտարելու իրավունքի» բառերը, քանի որ գույքի նկատմամբ համապատասխան իրավունքների հետ կապված հարաբերությունները գործող օրենսդրական դաշտով կարգավորված են:

5. 9-րդ հոդվածի`

1) 5-րդ մասով նախատեսվում են արտադպրոցական ուսումնական հաստատությունների արտահերթ պետական ատեստավորման վերաբերյալ դրույթներ՝ նշելով, որ արտահերթ ատեստավորումը, որպես բացառություն,կարող է իրականացվել պետական կառավարման մարմնի կամ այլ պետական մարմինների որոշմամբ: Այդ առումով պարզ չէ, թե արտահերթ պետական ատեստավորումը որ դեպքերում եւ ինչ կարգով է իրականացվելու: Միաժամանակ պարզ չէ, թե նշված մասում ինչ բացառության մասին է խոսքը: Պարզ չէ նաեւ, թե որոնք են այն պետական կառավարման այլ մարմինները, որոնց որոշմամբ անցկացվելու է արտադպրոցական ուսումնական հաստատությունների արտահերթ պետական ատեստավորում: Այդ առումով անհրաժեշտ է հստակ սահմանել արտահերթ ատեստավորում անցկացնելու դեպքերը՝ նախատեսելով դրույթներ ատեստավորման անցկացման կարգի վերաբերյալ, ինչպես նաեւ անհրաժեշտ է հստակ նշել ատեստավորում անցկացնելու մասին համապատասխան որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմինները.

2) 6-րդ մասում նշված պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների առանձնահատկությունները հաշվի առնելով՝ անհրաժեշտ է նշված մարմինների իրավասությունները նախատեսել առանձին հոդվածներով:

6. 13-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է ստեղծել արտադպրոցական ուսումնական հաստատության մասնաճյուղեր: Մասնաճյուղն իրավաբանական անձ չէ եւ գործում է ուսումնական հաստատության հաստատած կանոնադրության համաձայն, իսկ օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունը նաեւ հիմնարկի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է: Փաստորեն, ստացվում է, որ հիմնարկը կարող է ստեղծել մասնաճյուղեր, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը: Մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա, իսկ 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնարկն իրավաբանական անձ չէ եւ գործում է իրավաբանական անձի հաստատած կանոնադրության հիման վրա: Հետեւաբար, արտադպրոցական ուսումնական հաստատությանը՝ հիմնարկին նախագծով մասնաճյուղեր ստեղծելու իրավասություն վերապահելը չի բխում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 61-րդ եւ 62-րդ հոդվածների պահանջներից:

7. 15-րդ եւ 20-րդ հոդվածները բովանդակային առումով՝ օրենքով  կարգավորման ենթակա դրույթներ չեն պարունակում: Անհրաժեշտ է հոդվածներում ամրագրված դրույթները հանել՝ դրանք ամրագրելով ուսումնական հաստատության կանոնադրության մեջ:

8. 16-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ  պարբերությունները հակասում են միմյանց:

9. 17-րդ հոդվածով սահմանված` ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցների ցանկը լրացման եւ խմբագրման անհրաժեշտություն ունի:

10. 18-րդ հոդվածի 7-րդ մասի կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում մինչեւ 18 տարեկանների կանխարգելիչ ստուգումները, հետազոտումն ու բուժօգնությունն արդեն իսկ իրականացվում են անվճար, պետական պատվերի շրջանակներում` անկախ արտադպրոցական ուսումնական հաստատություններում նրանց ներգրավվածությունից: Այդ առումով հիմնավորման կարիք ունի լրացուցիչ արտոնության տրամադրումը, ինչը կնախատեսի լրացուցիչ ֆինանսավորում, եւ պարզ չէ, որ պետական կառավարման մարմինները պետք է ապահովեն անվճար բուժօգնության տրամադրումը:

11. 19-րդ հոդվածում «բարձր հատկանիշներով օժտված անձ լինելը» որպես  մանկավարժ  համարվելու  չափանիշ սահմանելն օրենսդրական որեւէ հիմնավորում չունի եւ սուբյեկտիվ մոտեցումների  դրսեւորման հիմք կարող է հանդիսանալ:

Օրենքի նախագծի գրեթե բոլոր հոդվածները մասնագիտական, բովանդակային, իրավական եւ լեզվաոճական խմբագրման կարիք ունեն, առկա են անհիմն կրկնություններ, մի շարք հասկացություններ ժամանակավրեպ են եւ անտեղի, մասնավորապես, «միջդպրոցական կոմբինատ», «պալատ», «մասնագիտական-տեխնիկական ուսումնական հաստատություն», «ունկնդիր», «հաստատության պետական ատեստավորում», «քաղաքացու ցանկալի դիմանկարի կերտում»,  «կրթության գիտականացում» եւ այլն:

Հարկ ենք համարում նշել այն հանգամանքը, որ արտադպրոցական կրթության իրականացման գործընթացներն արդեն իսկ իրենց կարգավորումն են ստացել «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ու «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով, ինչպես նաեւ արտադպրոցական կրթություն իրականացնող կազմակերպությունների կանոնադրություններով:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Ներկայացնում ենք օրենքի նախագծի ընդունման դեպքում ընդունումից հետո օրենքի կատարումն ապահովող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ այլ իրավական ակտերի ցանկը եւ ժամանակացույցը`

1) 12-րդ հոդվածի 1-ին մաս՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրության հաստատում. Հայաստանի Հանրապետության կառավարություն, 6-ամսյա ժամկետում.

2) 20-րդ հոդվածի 2-րդ մաս՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունների այլ տեսակների լրավճարների չափերի ու կարգի սահմանում. Հայաստանի Հանրապետության կառավարություն, 6-ամսյա ժամկետում.

3) 26-րդ հոդվածի 1-ին մաս՝ պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների մատուցման կարգի սահմանում. Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի պետական  կառավարման լիազորված մարմին, 6-ամսյա ժամկետում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները: 
 

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 
  ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 
 

Եզրակացություն
 
«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

 Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն: 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում են նաեւ արտադպրոցական ուսումնական հաստատությունների արտահերթ պետական ատեստավորման վերաբերյալ դրույթներ՝ նշելով, որ արտահերթ ատեստավորումը, որպես բացառություն, կարող է անցկացվել պետական կառավարման մարմնի կամ պետական այլ մարմինների որոշմամբ: Այս կապակցությամբ պարզ չէ, թե արտահերթ պետական ատեստավորումը որ դեպքերում եւ ինչ կարգով է իրականացվելու: Միաժամանակ անհրաժեշտ է հստակեցնել, թե հիշյալ մասում ինչ բացառության մասին է խոսքը: Պարզ չէ նաեւ, թե որոնք են այն «այլ պետական կառավարման մարմինները», որոնց որոշմամբ անցկացվելու է արտադպրոցական ուսումնական հաստատությունների արտահերթ պետական ատեստավորում: Միաժամանակ, հիշյալ դրույթներով արտադպրոցական ուսումնական հաստատությունների արտահերթ ատեստավորում անցկացնելու պահանջը հստակ չէ, քանի որ պահպանված չէ դրույթների իմպերատիվության պահանջը: Վերոնշյալ դրույթների կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ   1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 4-րդ եւ 7-րդ ենթակետերով նախատեսված դրույթները, համաձայն որոնց կոռուպցիոն գործոններն արտահայտվում են իրավական ակտում երկիմաստ եզրույթների, իրավական ակտի լեզվի ոչ հստակության, պարզության, մատչելիության գնահատողական բնույթի հասկացությունների, միեւնույն հասկացությունը տարբեր եզրույթներով արտահայտելու միջոցով: Մրցութային (աճուրդային) անհրաժեշտ ընթացակարգերի բացակայությունը կամ ոչ հստակ կարգավորումը, որը հիմնականում դրսեւորվում է կոնկրետ իրավունք ձեռք բերելուն հավակնող անձանցից հաղթողի ընտրության հատուկ ընթացակարգերի բացակայությամբ եւ պաշտոնատար անձի կողմից սուբյեկտիվ մոտեցման հնարավորության ընձեռմամբ: Հետեւապես անհրաժեշտ է հստակ սահմանել արտահերթ ատեստավորում անցկացնելու դեպքերը, մասնավորապես՝ նշել, թե երբ պետք է անցկացվի արտահերթ պետական ատեստավորումը, ինչ կարգով է իրականացվելու ատեստավորումը, հստակեցնել ատեստավորում անցակացնելու մասին համապատասխան որոշում ըդունելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը՝ նկատի ունենալով, որ վերջիններս վերոնշյալ հիմքերով պարունակում են կոռուպցիոն գործոններ: 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի /այսուհետ` Նախագիծ/ ընդունման ազդեցությունը, այլ հավասար պայմաններում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների վրա կարող է լինել դրական, իսկ ծախսերի մասով Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական եւ համայնքների բյուջեներից լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտության, որի գնահատականը հնարավոր չէ տալ` տեղեկատվության բացակայության պատճառով (ընդ որում, լրացուցիչ ծախսերը էականորեն կգերազանցեն լրացուցիչ եկամուտներին): 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է սահմանել արտադպրոցական կրթության նկատմամբ պետական քաղաքականության սկզբունքները եւ արտադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության հետ կապված իրավահարաբերությունները, մասնավորապես` սահմանվում են կրթադաստիարակչական գործընթացի հիմնական ուղղությունները, բովանդակությունը եւ ձեւերը, ինչպես նաեւ ամրագրվում է արտադպրոցական կրթության մասին օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը եւ այլն:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են կրթական ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է սահմանել արտադպրոցական կրթության նկատմամբ պետական քաղաքականության հիմնական սկզբունքները եւ արտադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության իրավական հիմքերը:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն: