ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Լյովա Խաչատրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1050-02.09.2016-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծով մասնավորապես առաջարկվում է՝

1) ստեղծել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունն ուսումնասիրող, իսկ այնուհետեւ նաեւ ընկերությունում ներդրումային պարտավորությունների մշտադիտարկում եւ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ընկերության ներկայացուցիչների ընդգրկմամբ.

2) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության զարգացման պետական ծրագրի շրջանակներում «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարել արդյունաբերական գոտի եւ 70 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ կամ ավելի ներդրումային նախագծի դեպքում հինգ տարով ազատել հարկերից:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ՝

1. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 73-րդ հոդվածի դրույթներին, համաձայն որի, անհրաժեշտության դեպքում, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ՝ առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս սահմանում է նրա խնդիրները, գործունեության ժամկետը եւ կարգը: Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավունքը, մինչդեռ նախագծով  սահմանվում է օրենքով «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պարտականություն:

2. Համաձայն նախագծի 2-րդ հոդվածի՝ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության վերաբերյալ ներդրումային առաջարկությունների քննարկումը Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջներով ստեղծվող հանձնաժողովի հետ համատեղ՝ ապահովելով թափանցիկություն եւ հաշվետվողականություն հանձնաժողովի եւ հանրության համար:

Այս առումով հարկ ենք համարում  նշել, որ նախագծի դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածի դրույթներին, համաձայն որոնց՝ պետական իշխանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Իշխանությունների բաժանման կառուցակարգային մոտեցումը պահանջում է, որ պետական միասնական իշխանության երեք թեւերից յուրաքանչյուրն իրականացվի պետական ապարատի առանձին օղակների առանձին մարմինների միջոցով, որոնք միմյանցից գտնվում են հարաբերականորեն անկախ եւ ինքնուրույն վիճակում:

Ուստի գտնում ենք, որ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ժամանակավոր հանձնաժողովի նկատմամբ հաշվետվողականության պահանջի սահմանումը հակասում է իշխանությունների տարանջատման սկզբունքին եւ խախտում իշխանության թեւերի միջեւ սահմանադրական նորմերով ամրագրված հավասարակշռությունը:

«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման արդյունավետության խնդիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ուշադրության կենտրոնում: Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ քննարկվում են «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գույքային համալիրի հետագա օգտագործման հնարավորությունները: Ասվածի համատեքստում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ համատեղ պատրաստակամ է համակողմանիորեն քննարկել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային գրավչության ապահովման համար անհրաժեշտ պայմանների ձեւավորման վերաբերյալ ներկայացված օրենքի նախագծի հեղինակների տեսակետները:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի առարկի ներկայացված օրենքի նախագծի հեղինակների Հայաստանի Հանրապետության կառավարության համար ընդունելի տեսակետների հիման վրա լրամշակված նախագծի տարբերակին:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:   
 

Հարգանքով`
ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

         

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում


«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1 «Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

Եզրակացություն
«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
 
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի նպատակը «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության վերագործարկումն է, ինչն, անշուշտ, կունենա դրական ազդեցություն գործարար ու ներդրումային միջավայրի վրա, եթե հաշվի չառնենք գործող օրենսդրության եւ Նախագծի իրավական եւ կառուցակարգային հակասությունները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» օրենքի նախագծով «այսուհետ` Նախագիծ» նախատեսվում է կարգավորել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու հետ կապված իրավահարաբերությունները: Նախագծով կարգավորվող շրջանակներն ուղղված են «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, գույքային համալիրի ամբողջականության ապահովմանը եւ հիմնական միջոցների օտարման բացառմանը, ընկերության հիմնական միջոցների շուկայական գնահատման ապահովմանը, ընկերության արդյունաբերական գոտի հայտարարելուն:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում առանձին շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին շուկայում մրցակցային միջավայրի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
««Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

««Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ)` մասնավորապես, առաջարկվում է ՀՀ արդյունաբերության զարգացման պետական ծրագրի շրջանակներում «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարել արդյունաբերական գոտի, ընդ որում 70 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կամ ավելի ներդրումային նախագծի դեպքում հինգ տարով ազատել հարկերից:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:

Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջարկվում է ապահովել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հաշվեկշռում Նախագծի ընդունման պահին գտնվող հիմնական միջոցների շուկայական գնահատում` տվյալ ոլորտի մասնագիտական գնահատող կազմակերպության կողմից, մինչդեռ պարզ չէ, թե ինչ աղբյուրների հաշվին պետք է այն իրականացվի:

Հետեւաբար հիմնական միջոցների շուկայական գնահատումը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու պարագայում, Նախագծի ընդունումը կհանգեցնի ծախսերի ավելացման, որի չափը ներկայումս հնարավոր չէ գնահատել:

Ինչ վերաբերվում է համայնքների բյուջեների եկամուտներին եւ ծախսերին, ապա Նախագծի ընդունման ազդեցությունը վերջինների վրա կլինի չեզոք: