ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-992-27.04.2016-ԱՄ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ՝

1) «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում արդեն իսկ առկա է նույնաբովանդակ դրույթ: Մասնավորապես, օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետությունը երաշխավորում է քաղաքացիների տրամադրած սեռաբջիջների եւ սաղմի պահպանությունը նրանց կյանքը վտանգող իրավիճակներում կամ սերնդարարման ունակությունը կորցնելու ռիսկի (առողջության համար վտանգ ներկայացնող մասնագիտական գործունեություն, զինվորական պարտականությունների կատարում, ինչպես նաեւ այլ բժշկասոցիալական ցուցումներ) դեպքում։ Ուստի, օրենքի նախագծով սահմանված դրույթն օրենքում առանձին մասով սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է.

2) օրենքի նախագծով կարգավորված չեն`

ա. սեռաբջիջների պահպանության բանկի գործունեության, ֆինանսավորման եւ կարգավիճակի հետ կապված հարաբերությունները կամ այդ հարցերի իրավական կարգավորման նպատակով լիազորություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները, ինչը հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին,

բ.  զոհված զինծառայողների սեռաբջիջների օգտագործման ընթացակարգերը, մասնավորապես, դրանց օգտագործման իրավասություն ունեցող անձանց շրջանակը, նրանց իրավունքները եւ պարտականությունները, զոհված զինծառայողների սեռաբջիջների օգտագործմամբ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, սեռաբջիջների օգտագործման արդյունքում ծնված երեխայի կարգավիճակը, որդեգրման դեպքում` դրա առանձնահատկությունները, ինչը չի բխում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից.

3) ներկայացված օրենքի նախագիծը խնդրահարույց է էթիկայի տեսանկյունից, մասնավորապես, ամուսնության մեջ չգտնվող զոհված զինծառայողների սեռաբջիջների օգտագործման միջոցով ծնված երեխաների մասով, նույնիսկ այն դեպքերում, եթե սահմանվեն որոշակի իրավական ընթացակարգեր: Արդյունքում՝ ստացվում է, որ պետության կողմից ապահովվում է ի սկզբանե ծնողազուրկ երեխաների  ծնունդը, որոնք  իրավական ընթացակարգերի սահմանման դեպքում կարող են որդեգրվել զոհված զինծառայողի հարազատների կողմից: Այս մոտեցումը որոշակի հակասության մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության  հետ, այն է` որդեգրումը համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման նախապատվելի ձեւը։ Փաստորեն, ստացվում է, որ առանձին դեպքում պետությունը հնարավոր է համարում ի սկզբանե առանց ծնողական խնամքի մնացող երեխաների ծնունդը եւ նրանց հետագա որդեգրումը:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարձրացված խնդրի համատեքստում դիտարկում է նպատակային ծրագրի շրջանակներում զինվորական պարտականությունները կատարելու ընթացքում սերնդարարման ունակությունը կորցրած կամ այլ մարմնական վնասվածքներ ստանալու հետեւանքով վերարտադրողական իրավունքներն իրականացնելու հնարավորությունից զրկված անձանց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով վերարտադրողական իրավունքներն իրականացնելու հնարավորությունը:

Օրենքի նախագծով սահմանված սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի անհամաչափ ավելացման, ինչը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ ներկայացված խմբագրությամբ ընդունման դեպքում այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`    ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


Եզրակացություն
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մարդու վերարտադրողական առողջության եւ  վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Մարդու  վերարտադրողական   առողջության եւ  վերարտադրողական   իրավունքների մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում եւ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված  uկզբունքներին  եւ  պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է սահմանել դրույթ, որով կապահովվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վերարտադրության հետ կապված հետագա խնդիրների լուծումը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:   Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի նպատակը պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վերարտադրության հետ կապված հետագա խնդիրների լուծումն է եւ  Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների եւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:

Միաժամանակ, նշյալ ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը, որի ազդեցության չափը հնարավոր չէ տալ համապատասխան տվյալների բացակայության պատճառով: