ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ  ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 
 
Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Լեւոն Դոխոլյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-854-18.09.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ:

 Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անցումային դրույթների առաջին եւ երկրորդ մասերում` «վեց ամիս» բառերը փոխարինելով «մեկ տարի» բառերով. նշված օրենքի  112-րդ հոդվածով նախատեսված անցումային դրույթներում օրենքի նախագծով փոփոխվող դրույթն առկա չէ: Նշված դրույթն առկա է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-249-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածով նախատեսված անցումային դրույթներում, հետեւաբար, օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունը պետք է կատարվի այդ օրենքում:

Օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վարչական իրավախախտումներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի մասն արտասահմանում գտնվելու, իսկ մյուս մասն այլ հարգելի պատճառներով հնարավորություն չեն ունեցել վեց ամսվա ընթացքում կատարելու տուգանքների վճարումները:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ նշված անցումային դրույթները սահմանվել են, որպեսզի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու համար մինչեւ նշված օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարի վճարման դեպքում՝ վարչական իրավախախտում կատարած անձն ազատվի վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքների չափի ավելացած մասի վճարման պարտականությունից, ինչը նպատակ է հետապնդել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված վարչական ակտերի վրա տարածելու օրենքի հետադարձ ուժը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտի հասցեատերը սահմանված կարգով պատշաճ կերպով չի ծանուցվել վարչական ակտի մասին, եւ տուգանքն ավելացել է, նա ազատվի տուգանքի ավելացած մասի վճարման պարտականությունից՝ վճարելով տուգանքի հիմնական գումարը:

Այդ առումով` ներկայացված առաջարկության հիմնավորվածությունը լիարժեք գնահատելու համար անհրաժեշտ են վիճակագրական ստույգ տվյալներ ու  վերլուծություններ այն մասին, թե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացում վարչական իրավախախտումներ կատարած քանի անձ է օգտվել նշված արտոնությունից: Բացի դրանից, անհրաժեշտ են վիճակագրական տվյալներ այն մասին, թե տոկոսային հարաբերակցությամբ որքան է այն անձանց թիվը, ովքեր հնարավորություն չեն ունեցել այդ ընթացքում կատարելու տուգանքների վճարումները, եւ դրանք տվյալ ժամանակահատվածում թույլ տրված իրավախախտումների որ մասն են կազմում:

Անհրաժեշտ է նաեւ նշել, որ օրենքն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 9-ին եւ առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում այն գործելու է մինչեւ 2016 թվականի հունվարի 9-ը:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում ստեղծված հանձնաժողովի աշխատանքների  օրակարգում է ճանապարհային երթեւեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաեւ տուգանքների կրկնակի վճարման (գանձման) դեպքերը բացառելու համակարգի ներդնումը:

Ելնելով շարադրվածից, ՀայաստանիՀանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

Եզրակացություն
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը

1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է մի շարք վարչական իրավախախտումներ կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարի վճարման ժամկետը երկարաձգել եւս վեց ամսով:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է տրանսպորտի, ճանապարհային տնտեսության բնագավառներում սահմանված վարչական իրավախախտումներ կատարելու համար նախատեսված տուգանքի գումարների վճարման ժամկետը երկարաձգել` սահմանելով մինչեւ մեկ տարի ժամանակահատվածը` ներկայիս վեց ամսվա փոխարեն եւ, Նախագծի ընդունման արդյունքում, դրա կիրարկման դեպքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կնախատեսվի ոչ էական դրական ազդեցություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական հիմունքների եւ վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծով առաջարկվում է`

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար մինչեւ 2015 թվականի հունվարի 9-ը կայացրած վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը  առանց լրացուցիչ պարտավորությունների՝ օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետում վճարելու արտոնությունը երկարացնել եւս 6 ամսով:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կլինի չեզոք, իսկ եկամուտների վրա կարող է լինել բացասական, քանի որ կնվազեն օրենքով նախատեսված դեպքերում լրացուցիչ տուգանքների տեսքով ՀՀ պետական բյուջե գանձվող գումարների չափը: Միաժամանակ, ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել, համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով: