ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Լեւոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի եւ Մհեր Շահգելդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-647-22.10.2014-ՊԻ-010/0 եւ Պ-6471 -22.10.2014-ՊԻ-010/0) վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ .

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է ապաքրեականացնել՝

1) գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողների կանխամտածված մոլորեցումը (օրենքի նախագծի 1-ին հոդված, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 198-րդ հոդված).

2) հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները խոշոր չափերով վճարելուց չարամտորեն խուսափելը (օրենքի նախագծի 2-րդ հոդված, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մաս):

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Տուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում եւ սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում պատիժ նշանակելու պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից երեքհազարապատիկի չափով»:

Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեսունհազարապատիկից քառասունհազարապատիկի չափով կամ չվճարված գումարի եռապատիկի չափով:

Այսինքն՝ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությամբ սանկցիան գերազանցում է «տուգանք» պատժատեսակի առավելագույն սահմանը:

Բացի դրանից, «չվճարված գումարի եռապատիկի չափով տուգանքի» կիրառումն անհամաչափ է արարքի վտանգավորությանը, քանի որ չվճարված գումարի չափը կարող է տատանվել՝ սկսած, օրինակ, հինգ հազար դրամից մինչեւ տասը միլիոն դրամը կամ ավելի: Մինչդեռ անհրաժեշտ է նկատի ունենալ այն, որ օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքն արտահայտվում է նվազագույն աշխատավարձի որոշակի չափով, հետեւաբար, «չվճարված գումար» հասկացությունը չի բխում օրենսգրքի նշված հոդվածի բովանդակությունից, եւ նմանատիպ սանկցիա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի նորմերով նախատեսված չէ:

Ազատազրկումը, որպես պատժատեսակ, սանկցիաների շրջանակից հանելը հիմնավորված չէ: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ՝

1) Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 198-րդ եւ 199-րդ հոդվածներով թե՛ իրավաբանական անձանց, թե՛ քաղաքացիների համար այլ պատժատեսակների հետ մեկտեղ նախատեսվում է նաեւ ազատազրկում.

2) Լատվիայի եւ Լիտվայի քրեական օրենսգրքերը համապատասխանաբար 218-րդ եւ 219-րդ հոդվածներում նույնպես տվյալ հանցակազմի համար նախատեսում են ազատազրկում.

3) Գերմանիայի հարկային կանոնադրության (Abgabenordnung) 370-րդ պարբերությունը քրեական պատասխանատվություն է սահմանում հարկերից խուսափելու համար եւ, որպես պատժատեսակ, տուգանքի հետ մեկտեղ նախատեսում է ազատազրկում՝ մինչեւ 5 տարի ժամկետով, իսկ «առանձին ծանր դեպքերում»՝ 2 ամսվանից մինչեւ 10 տարի ազատազրկում.

4) Ֆրանսիայի հարկերի մասին ընդհանուր օրենսգիրքը (Code general de impots) հարկերից խուսափելու վերաբերյալ նորմերում, որպես պատիժ, տուգանքի հետ մեկտեղ նախատեսում է ազատազրկում՝ մինչեւ 5 տարի ժամկետով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ .

1. 1-ին հոդվածով լրացվող՝ օրենսգրքի 47.8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողներին մոլորեցնելու համար նախատեսված է պատիժ: Այսինքն՝ վարչական իրավախախտում հանդիսացող արարքի համար նախատեսվում է պատիժ, մինչդեռ պատիժը քրեաիրավական ներգործության միջոց է, իսկ «պատիժ» ինստիտուտը բնորոշ է միայն քրեական իրավունքին: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ եւ արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ: Հետեւաբար, պատիժը, որպես պետական հարկադրանքի միջոց, կարող է նշանակվել միայն քրեական օրենսգրքով որպես հանցագործություններ նախատեսված արարքների համար:

Հարկ է նշել նաեւ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշված օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց եւ կիրառվում է՝ նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակելու օրենքները պահպանելու, ինչպես նաեւ կանխելու նոր իրավախախտումների կատարումը: Այսինքն՝ վարչական իրավախախտման համար կիրառվող հարկադրանքի միջոցը տույժն է եւ ոչ թե պատիժը:

Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ «խոշոր չափ» է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից քսանհազարապատիկը: Այսինքն՝ վարչական իրավախախտում հանդիսացող արարքը դիտվում է որպես հանցագործություն, ինչը նույնպես չի բխում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջներից:

Անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ այն, որ օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկվող սանկցիաները կարող են խնդրահարույց լինել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից: Վերջինիս ձեւավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով իրավախախտումը քրեական որակելու չափանիշներն են՝

1) իրավախախտման դասակարգումն ըստ ազգային օրենսդրության.

2) իրավախախտման բնույթը.

3) նշանակված կամ հնարավոր պատժի խստության աստիճանը (օրինակ, Engel and others v. Netherlands գործով 1976 թվականի հունիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 5100/71, 5101/71, 5102/71, 5354/72, 5370/72, կետ 81, Galstyan v. Armenia գործով 2007 թվականի նոյեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 26986/03, կետեր 56-60 եւ այլն):

Ընդ որում, իրավախախտումը քրեական որակելու համար բավարար է նշված չափորոշիչներից միայն մեկի առկայությունը: Ուստի, չնայած այն հանգամանքին, որ օրենքի նախագծով բացառվել են ազատազրկման հետ կապված սանկցիաները, սակայն անհամեմատ խստացվել են «տուգանք» պատժատեսակի չափերը (նշված հոդվածի 1-ին մասում նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկը՝ գործող քրեական օրենսգրքով նախատեսված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի փոխարեն, ինչպես նաեւ հոդվածի 2-րդ մասում նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկը՝ գործող քրեական օրենսգրքով նախատեսված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի փոխարեն): Նման մոտեցումն անընդունելի է եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի տեսանկյունից:

Այս առումով նշված արարքներն ապաքրեականացնելը հիմնավորված չէ:

Ներկայացված օրենքի նախագծում օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Այսպես՝

1) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «ընդունված N-355-11 06.12.1985 թվ.» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1985 թվականի դեկտեմբերի 6-ի» բառերով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները.

2) օրենքի նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է «օրենսգրքի» բառը փոխարինել «օրենսգիրքը» բառով, իսկ «47-րդ հոդվածը» բառերը՝ հանել.

3) օրենքի նախագծի 2-րդ հոդվածում անհրաժեշտ է «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով՝ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները.

4) օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող օրենսգրքի 170.3-րդ հոդվածում նշված «գանձվող» բառն անհրաժեշտ է հանել՝ նկատի ունենալով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն պետական տուրքը, պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված, սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող՝ օրենքով սահմանված պարտադիր վճար է:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը բավարար հիմնավորված չէ:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դիսպոզիցիայի գործող խմբագրությունը պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Մասնավորապես, պարզ չէ, թե որն է «հարկերը, տուրքերը կամ պարտադիր վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը»: Արդյոք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները կամ հարկման հիմք հանդիսացող այլ պարտադիր փաստաթղթերը մե՞կ անգամ, թե՞ երկու եւ ավելի անգամ չներկայացնելն է համարվում հարկերը, տուրքերը կամ պարտադիր վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել: Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի կիրառելիության շրջանակները հստակեցման կարիք ունեն: Այդ առումով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել եւ ներկայումս շրջանառության մեջ է դրված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որի շրջանակներում կարելի է դիտարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացրած օրենքների նախագծերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսված է հստակեցնել տնտեսական հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն սահմանող նորմերը՝ ապահովելով քրեական, վարչական եւ քաղաքացիական պատասխանատվության հավասարակշռված օրենսդրական կարգավորումներ:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս՝ հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Օրենքների նախագծերի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով՝
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների (այսուհետ՝ օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների՝ մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ հստակեցվում են հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու համար նախատեսված պատժամիջոցները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները՝ կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են՝ արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է տնտեսական ոլորտի իրավախախտումների ապաքրեականացմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:


Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր)՝ կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծերի՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը՝

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

««Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածով (կեղծ գովազդը) եւ 205-րդ հոդվածի 1-ին մասով (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները կատարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է խոշոր չափերով) սահմանված քրեական պատասխանատվության փոխարեն սահմանել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանվող պատասխանատվություն, բարձրացնել հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները կատարելուց չարամտորեն խուսափելը որպես հանցագործություն որակելու համար օրենքով սահմանված առանձնապես խոշոր չափի սահմանը եւ էապես ավելացնել նախատեսված տուգանքների չափերը: Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի գործող խմբագրության համաձայն հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը: Ներկայացված նախագծերով առաջարկվում է առանձնապես խոշոր չափ համարել հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկը գերազանցող գումարը, իսկ վերոնշյալ իրավախախտումը պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեսունհազարապատիկից քառասունհազարապատիկի չափով, կամ չվճարված գումարի եռապատիկի չափով կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:

Միաժամանակ առաջարկվում է ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով խոշոր չափ համարել իրավախախտման պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից քսանհազարապատիկը ներառող գումարը, իսկ վերոնշյալ իրավախախտման համար քրեական պատասխանատվության փոխարեն պատասխանատվության ենթարկել վարչական տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից քսանհազարապատիկի չափով:

Ելնելով վերոգրյալից՝ կարծում ենք, որ օրենքների նախագծերի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության: Մի կողմից՝ օրենքների նախագծերի ընդունումը տուգանքների չափի ավելացման, դրանց կիրառման եւ գանձման առումով կարող է ունենալ դրական ազդեցություն: Մյուս կողմից հաշվի առնելով քրեական պատասխանատվության սահմանման կանխարգելիչ բնույթը, ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածի ապաքրեականացումն ու պատժի մեղմացումը կարող են հանգեցնել հարկային կարգապահության խաթարմանը, հարկային իրավախախտումների ու հանցագործությունների աճին, պետական բյուջեի հանդեպ պարտավորություններն օրենքով սահմանված կարգով կատարելուց խուսափելուն, ինչն իր հերթին ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն:

Արդյունքում պետական բյուջեի եկամուտների վրա վերը նշված գործոնների ընդհանուր ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ գնահատել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել, թե օրենքների ընդունումից ինչպիսի իրավախախտումներ կկատարվեն, որքանը կբացահայտվեն, դրանց հետեւանքով որքան վնաս կպատճառվի պետությանը եւ որքանը հնարավոր կլինի վերականգնել՝ ներառյալ տուգանքների տեսքով գանձվող գումարները:

Միաժամանակ օրենքների նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: