ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք- ների նախագծերի (Պ-634 - 6342 -10.10.2014-ՍՀ-010/0) փաթեթի վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ տեղեկացնում ենք.

1) օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացումը եւ դրանով կարգավորվող, մասնավորապես, եռակողմ հանձնաժողովի ռոտացիոն կարգով նախագահության հարցը, ըստ էության, հանրապետական կոլեկտիվ պայմանագրով եւ դրա համաձայն ձեւավորվող Հանրապետական եռակողմ հանձնաժողովի (այսուհետ` եռակողմ հանձնաժողով) աշխատակարգով կարգավորման ենթակա խնդիր է, որը կարող է ապահովվել կոլեկտիվ բանակցությունների արդյունքում եւ ներառվել հանրապետական կոլեկտիվ պայմանագրում:

Օրենսգրքի 7-րդ եւ 8-րդ գլուխներով սահմանվում են «սոցիալական գործընկերություն» հասկացությունը եւ սկզբունքները, կողմերը, համակարգը, ձեւերը, կոլեկտիվ պայմանագրերը, կոլեկտիվ պայմանագրերի մակարդակները՝ ապահովելով սոցիալական գործընկերության եւ կոլեկտիվ պայմանագրերի ամբողջական կարգավորումը: Նշված կարգավորումների շրջանակներում բարձրացված հարցերի լուծումը թողնվել է կողմերին՝ բանակցությունների միջոցով դրանք լուծելու համար:

Հոդվածով առաջարկվող լրացման վերջին մասը, որի համաձայն եռակողմ հանձնաժողովի հավանությանն արժանացած նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, առանց հետագա փոփոխությունների, ներկայացվում են դրանք ընդունող մարմին,  հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի  ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգին:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը եւ պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:

Օրենքի նախագծով առաջարկվող կարգավորման դեպքում ստացվում է, որ եռակողմ հանձնաժողովում քննարկված եւ հավանության արժանացած նախագծերը պետք է ընդունվեն` առանց Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկման եւ հնարավոր փոփոխությունների.

2) 3-րդ հոդվածի`

ա. 1-ին մասով առաջարկվող լրացման անհրաժեշտությունը չկա, քանի որ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետով արդեն իսկ սահմանված է, որ սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում Հայաստանի Հանրապետության կառավարության հետ գործընկերության կողմերն են արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը եւ գործատուների հանրապետական միությունը,

բ. 2-րդ մասով առաջարկվող փոփոխությունն ունի բովանդակային հակասություն: Առաջարկվում է սահմանել, որ «Կողմերը պարտավոր են ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումն արհեստակցական միության հետ», այն դեպքում, երբ կոլեկտիվ բանակցությունների կողմերից մեկն արհեստակցական միությունն է, իսկ որպես կոլեկտիվ բանակցությունների ցանկություն հայտնող կողմ կարող է հանդես գալ նաեւ գործատուն (գործատուի ներկայացուցիչը) կամ գործատուների միությունը: Բացի դրանից` առաջարկվող փոփոխությունը կողմերին զրկում է ազատորեն բանակցելու հնարավորությունից՝ սահմանելով կոնկրետ 15-օրյա ժամկետ: Գործնականում բանակցությունների նախապատրաստման համար օբյեկտիվորեն կարող է պահանջվել առավել երկար ժամկետ, քան 15 օրն է, ինչն ընդունելի կլինի նաեւ բանակցող մյուս կողմի համար: Հարկ է նշել, որ օրենսգրքի գործող դրույթն ապահովում է կոլեկտիվ բանակցությունների վարման ժամկետների առավել ճկուն կարգավորում՝ դրանց որոշման հնարավորությունը թողնելով կողմերին, եւ միաժամանակ սահմանելով, որ այդ ժամկետը պետք է լինի ողջամիտ ու առանց ձգձգումների: Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությանը,

գ. 3-րդ մասով օրենսգրքի 45-րդ հոդվածի 5-րդ մասում նշված տասնհինգօրյա ժամկետը տասնօրյա ժամկետով փոխարինելը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Ամեն դեպքում, համաձայն գործող դրույթի, կոլեկտիվ բանակցությունների հետ կապված հարցման պատասխան ներկայացնելու ժամկետը կարող է փոփոխվել կողմերի կամ նրանց ներկայացուցիչների լրացուցիչ պայմանավորվածությամբ: Ուստի, կողմերի համար ժամկետի կրճատումը գտնում ենք ոչ նպատակահարմար: Օրինակ, ենթադրենք հարցումը կատարվում է դեկտեմբերի 29-ին: Այս դեպքում տասն օրվա ընթացքում հարցմանը պատասխանելը կողմերի համար գործնականում կարող է հանգեցնել դժվարությունների կամ դառնալ անհնարին.

3) օրենքի նախագծի 4-րդ հոդվածի անհրաժեշտությունը չկա: Մասնավորապես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ կազմակերպություններում արհեստակցական միություններ չլինեն: Բացի դրանից, օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն, աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն ինչպես արհեստակցական միությունները, այնպես էլ` աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչները (մարմինը): Միաժամանակ հարկ է նշել, որ առաջարկվող լրացումը նաեւ բովանդակային առումով չի համապատասխանում օրենսգրքի 113-րդ հոդվածին, որով գործատուին իրավունք է վերապահվում աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը: Հարկ է նկատել, որ, օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից մեկը  գործատուի նախաձեռնությամբ  աշխատանքային պայմանագրի լուծումն է: Այսինքն, օրենսգիրքը տալիս է նշված հարցի ամբողջական կարգավորումը, իսկ արհեստակցական միության գրավոր դիրքորոշում ասվածը արհեստականորեն կխոչընդոտի գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծմանը վերաբերող օրենսգրքի 113-րդ հոդվածի կիրառումը:

Մյուս կողմից, օրենսգրքի 21-րդ գլխով ապահովվում է կարգապահական տույժերի ամբողջական կարգավորումը. սահմանված են կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական տույժերի կիրառման արգելքը, կիրառման կարգը, ժամկետները, բողոքարկումը, կարգապահական տույժի գործողության ժամկետները, կարգապահական տույժի հանումը: Օրենսգրքի 223-րդ հոդվածով, որպես կարգապահական տույժի տեսակ, սահմանված է նաեւ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը` օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով.

4) 5-րդ հոդվածում «լիազոր մարմնի» բառերն առաջարկում ենք փոխարինել «աշխատողների ներկայացուցչական մարմնի» բառերով: Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեսչական բարեփոխումների հայեցակարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, իրացված է նշված փոփոխությունը.

5) օրենքի նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող լրացման կապակցությամբ հայտնում ենք, որ նշված հարցի ամբողջական կարգավորումն օրենսգրքով արդեն իսկ առկա է, եւ, կողմերի համաձայնությամբ, կարող է ապահովվել կոլեկտիվ պայմանագրով:

6) օրենքի նախագծի 1-ին եւ 7-18-րդ հոդվածներով նախատեսվում է  անհատական աշխատանքային վեճերի քննարկման հնարավորություն` անհատական աշխատանքային վեճերը քննող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով)  կողմից: Այսինքն, առաջարկվում է աշխատանքային վեճերի քննության նոր արտադատական համակարգի (անհատական աշխատանքային վեճերը քննող հանձնաժողովի) ներմուծում, սահմանվում են հանձնաժողովի իրավասությունը, հանձնաժողովի ձեւավորման,  հանձնաժողովի կողմից անհատական աշխատանքային վեճի քննարկման, հանձնաժողովի որոշում կայացնելու կարգերը, հանձնաժողովի որոշման կատարումը, հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերը:

Օրենքի նախագծով նախատեսվող աշխատանքային վեճերի քննության նոր արտադատական համակարգի (անհատական աշխատանքային վեճերը քննող հանձնաժողովի) գաղափարն ընդհանուր առմամբ ընդունելի է: Սակայն, գտնում ենք, որ  մինչեւ աշխատանքային վեճերի արտադատական կարգով լուծման հետ կապված հարաբերությունների վերաբերյալ դրույթներն օրենսգրքում ներառելը եւ այդ հարաբերությունների կարգավորման մեխանիզմների սահմանումը, անհրաժեշտ է շահագրգիռ լայն քննարկումների արդյունքում, նկատի ունենալով նաեւ միջազգային լավագույն փորձը, ձեւավորել հանրապետությունում աշխատանքային վեճերի քննության արտադատական համակարգի ներդրման մոդելը եւ ամրագրել այդ մոդելի հիմնական նպատակներն ու սկզբունքները, հայեցակարգային համալիր հիմքերն ու մոտեցումները, այդ թվում՝ գործառնական, ինստիտուցիոնալ եւ իրավական: Ուստի, առանց նշված հայեցակարգային հիմքերի եւ ամբողջական մոտեցումների ամրագրման, դեռեւս նպատակահարմար չենք գտնում օրենսգրքում կատարել  այդ փոփոխությունները՝ նկատի ունենալով նոր հնարավորության ներդրման բազմակողմանի բնույթը, աշխատանքային հարաբերություններում դրա ընդգրկումը:

Ինչ վերաբերում է  նշված հարցերի վերաբերյալ օրենքի նախագծով ներկայացված կարգավորումներին եւ լուծումներին, ապա գտնում ենք, որ`

Օրենքի նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվող լրացման եւ փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ օրենսգրքի 24-րդ գլխում ներկայացված են անհատական աշխատանքային վեճին վերաբերող կարգավորումները:

Հարկ է նկատի ունենալ այն, որ օրենսգրքի 264-րդ հոդվածի վերնագիրը չի կարող լրացվել «անհատական» բառով, քանի որ հոդվածի 2-րդ մասը վերաբերում  է նաեւ կոլեկտիվ աշխատանքային վեճին:

Հանձնաժողովը, որպես կազմակերպությունում առաջացած անհատական աշխատանքային վեճերը քննող սկզբնական մարմին, դիտարկելը չպետք է սահմանափակի աշխատողի եւ գարծատուի՝ դատական կարգով իրենց իրավունքները վերականգնելու հնարավորությունը:

Էական խնդիր է նաեւ հանձնաժողովի անդամների մասնագիտական հնարավորությունների հարցը՝ բազմաբնույթ աշխատանքային վեճերը քննելու եւ համապատասխան լուծումներ առաջարկելու առումով:

Օրենքի նախագծի 10-րդ հոդվածով սահմանվում է հանձնաժողովի ձեւավորումը, որի համաձայն հանձնաժողովը ձեւավորվում է կազմակերպության աշխատողների (աշխատողների ներկայացուցչական մարմնի) նախաձեռնությամբ եւ (կամ) գործատուի նախաձեռնությամբ` կողմերի հավասար թվով ներկայացուցիչներից: Թեեւ օրենքի նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվող 270-րդ հոդվածի լրացման 5-րդ մասում նշվում է, որ հանձնաժողովի կողմերը նիստին կարող են հրավիրել մասնագետներ, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ գործնականում դա ենթադրում է լրացուցիչ ծախս` գործատուի կամ աշխատողի համար, եւ ոչ բոլոր դեպքերում կողմերը կարող են ունենալ նման հնարավորություն, մինչդեռ, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 22-րդ հոդվածի համաձայն, դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման եւ աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:

Խնդիր է նաեւ այն, որ օրենքի նախագծի 11-րդ հոդվածում  կարծում ենք չափից ավելի լայն իրավասություն է վերապահվում հանձնաժողովին՝ բաց թողնված ժամկետները հարգելի համարելու առումով:

Օրենքի նախագծի 12-րդ հոդվածով լրացվող հոդվածի հետ կապված գտնում ենք, որ`

1) 6-րդ մասը հակասում է օրենսգրքի 16-րդ գլխի դրույթներին.

2) 8-րդ մասում նշվում է, որ հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի բացակայության դեպքում հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի՝ նիստին ներկա գտնվող անդամների կողմից: Մինչդեռ, օրենքի նախագծի 10-րդ հոդվածով լրացվող 268-րդ հոդվածի 5-րդ մասում նշվում է, որ հանձնաժողովը յուրաքանչյուր նիստում իր կազմից ընտրում է նախագահ եւ քարտուղար: Հետեւաբար, նշված դրույթներում առկա է հակասություն:

15-րդ հոդվածով լրացվող 273-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է հանձնաժողովի որոշման բողոքարկման մասին, սակայն չի հստակեցվում, թե բողոքարկման համար 10-օրյա ժամկետը երբվանից է հաշվարկվում:

Օրենքի նախագծի 17-րդ հոդվածով լրացվող 275-րդ հոդվածի վերնագիրը չի համապատասխանում հոդվածի բովանդակությանը: Մասնավորապես, վերնագրում նշված է «հարցեր», սակայն հոդվածում սահմանվում են աշխատանքային հարաբերությունների այն ոլորտները, որտեղ առաջացող աշխատանքային վեճերը ենթակա են քննության` հանձնաժողովի կողմից: Հոդվածում ներկայացված թվարկումներում նշվում է նաեւ աշխատանքային պայմանագրի դադարեցմանը վերաբերող վեճը, որտեղ, որպես բացառություն, սահմանվում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքը, որի նպատակը թերեւս աշխատողի՝ օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված` դատարան դիմելու ժամկետը չկորցնելու իրավունքի ապահովումն է: Այս նկատառումով անհրաժեշտ է  նկատի ունենալ այն, որ օրենսգրքի 265-րդ հոդվածի համաձայն աշխատողն իրավունք ունի դիմելու դատարան նաեւ աշխատանքի պայմանների փոփոխման հետ համաձայն չլինելու դեպքում: Ուստի, եթե աշխատանքի պայմանների փոփոխմանը վերաբերող վեճը քննվում է հանձնաժողովում, հնարավոր է, որ աշխատողը բաց թողնի այդ հարցով դատարան դիմելու ժամկետը:

Մյուս կողմից, օրենսգրքի 223-րդ հոդվածի համաձայն, կարգապահական տույժի տեսակներից է նաեւ օրենսգրքի 113-րդ հոդվածի (1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով (գործատուի նախաձեռնությամբ) աշխատանքային պայմանագրի լուծումը: Հետեւաբար, օրենքի նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ եւ 12-րդ կետերի միջեւ առաջանում է հակասություն:

Անդրադառնալով «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման վերաբերյալ հիմնավորման (այսուհետ՝ հիմնավորում) մեջ  ներկայացված այն դիտարկումներին, որ «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի դրույթների միջեւ առկա է հակասություն («Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «ե» ենթակետին, 23-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 121-րդ հոդվածին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին կատարված հղումներ)՝ հարկ է նշել, որ օրենսգրքի 23-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն աշխատողների ներկայացուցիչները՝ արհեստակցական միությունները, աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչները (մարմինը): Համաձայն օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները: «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «ե» ենթակետում ամրագրված դրույթը կարող է իրացվել օրենսգրքի 23-րդ հոդվածի եւ 38-րդ  հոդվածի 2-րդ մասի շրջանակներում՝ կոլեկտիվ պայմանագրով նախատեսելով այդ հնարավորությունը: Ուստի, կարծում ենք, որ հիմնավորման մեջ ներկայացված հակասությունն առկա չէ:

Հիմնավորման մեջ ներկայացված սոցիալական գործընկերությանն առնչվող հարցերի կապակցությամբ հարկ է նկատի ունենալ այն, որ հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը կնքվել է 2009 թվականի ապրիլի 27-ին: Հանրապետական մակարդակում կոլեկտիվ բանակցությունների վարման, պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման, պայմանագրի կիրարկումն ապահովելու նպատակով գործողությունների ծրագրի մշակման, պայմանագրի կատարման ընթացքում ծագած խնդիրների քննարկման եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով` 2009 թվականի հուլիսի 9-ին պայմանագրի կողմերը ձեւավորել են եռակողմ հանձնաժողովը`  յուրաքանչյուր կողմից 5-ական ներկայացուցիչներով: «Հանրապետական եռակողմ հանձնաժողով ձեւավորելու մասին» համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահի, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի կողմից եւ այն հարցը, որ եռակողմ հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է, ամրագրված է  նշված համաձայնագրում:

Չնայած այն հանգամանքին, որ սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում դեռեւս առկա են մի շարք խնդիրներ, այնուամենայնիվ, համաձայն չենք հիմնավորման մեջ ներկայացված այն դիտարկմանը, որ գործնականում չեն կիրառվում օրենսգրքով սահմանված սոցիալական գործընկերության սկզբունքները՝ նկատի ունենալով եռակողմ հանձնաժողովի գոյությունը, դրա ձեւավորման սկզբունքները, եռակողմ հանձնաժողովում քննարկվող հարցերի շրջանակը եւ քննարկումների բնույթը:

Համաձայն եռակողմ հանձնաժողովի աշխատակարգի՝ եռակողմ հանձնաժողովի նիստերը հրավիրում եւ վարում է եռակողմ հանձնաժողովի նախագահը: Որպես կանոն` եռակողմ հանձնաժողովի նիստերը գումարվում են նախագահի մոտ, եթե նիստի անցկացման տեղի վերաբերյալ եռակողմ հանձնաժողովն այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիստ կարող է գումարվել եռակողմ հանձնաժողովի կողմերից մեկի` առնվազն երեք ներկայացուցիչների գրավոր առաջարկությամբ: Արտահերթ նիստը գումարվում է առաջարկությունը ներկայացնելուց հետո երկշաբաթյա ժամկետում: Նիստի օրակարգի նախագիծը ձեւավորում է եռակողմ հանձնաժողովի նախագահը` եռակողմ հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:  Նիստում լրացուցիչ հարց ներկայացնելու նախաձեռնությամբ կարող է հանդես գալ եռակողմ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ:

Գործնականում եռակողմ հանձնաժողովի նիստերը կազմակերպվում են, օրակարգի նախագիծը կազմվում է եռակողմ հանձնաժողովի աշխատակարգի նշված դրույթների համաձայն: Հատկանշական է նաեւ այն, որ եռակողմ հանձնաժողովի աշխատակարգը հաստատվել է եռակողմ հանձնաժողովի կողմից:

Հիմնավորման մեջ, որպես «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվող փոփոխության հիմնավորում (որում սահմանվում է, որ կողմերը պարտավոր են ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումն արհեստակացական միության հետ) նշվում է, որ այդ ժամկետների հարցն արդեն իսկ կարգավորված է այլ իրավական ակտով, սակայն չի պարզաբանվում, թե ինչ այլ իրավական ակտի մասին է խոսքը:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այս պահին եւ այս տեսքով նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման  մասին եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

««Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունեն  բացասական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` հստակեցվում են աշխատանքային վեճերի հետ կապված հարաբերությունները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի ձեւավորման, հանձնաժողովի կողմից անհատական աշխատանքային վեճերի քննարկման կարգի հարաբերություններին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արհետակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Արհետակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելումասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է`

1. «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում հստակեցնել արհեստակցական միության հետ բանակցությունների վարման եւ ձեռնարկվածմ իջոցառումների մասին տեղեկացման ժամկետները,

2. փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում, որով նախատեսվում է ստեղծել անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողով, սահմանել վերջինիս իրավասությունը, քննարկվող հարցերի շրջանակը,  որոշումների կայացմանկարգը, բողոքարկումը,

3. լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում` հարկադիր կատարման ենթակա ակտերում ավելացնելով նաեւ անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի որոշումները:

Ելնելով վերոգրյալից` գտնումենք, որ նշյալ նախագծերի ընդունումը կամ չընդունումը ՀՀ պետական բյուջեի  եւ համայնքների բյուջեների  եկամուտների  եւ ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնում: