ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Մհեր Շահգելդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-520-13.05.2014-ԳԿ-010/0) վերաբերյալ:

1. «Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի անվանումը հստակեցման կարիք ունի, քանի որ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` օրենք) «արտադպրոցական կրթություն» հասկացություն կամ դրույթ չկա: Օրենքի 20-րդ հոդվածում ամրագրված է «արտադպրոցական դաստիարակություն» հասկացությունը, որտեղ ներկայացված են նաեւ արտադպրոցական դաստիարակության նպատակները եւ իրականացնող կազմակերպությունները (մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ, ակումբներ, պատանի հայրենասերների, տեխնիկների, բնասերների եւ տուրիստական կայաններ, մարզադպրոցներ, ճամբարներ եւ արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ):

Նախագծում «արտադպրոցական կրթություն» հասկացությունը (2-րդ հոդվածի 2-րդ մաս) հիմնականում առնչվում է oրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում եւ 26-րդ հոդվածով ամրագրված՝ լրացուցիչ կրթական ծրագրերին եւ լրացուցիչ կրթությանը վերաբերող  դրույթների հետ, ըստ որոնց լրացուցիչ կրթական ծրագրերը նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների ու մասնագետների կրթական պահանջմունքների բավարարմանը եւ նրանց որակավորման բարձրացմանը, ինչպես նաեւ սահմանված են լրացուցիչ կրթության խնդիրները եւ իրականացնող կրթական հաստատությունները: Իսկ oրենքի 13-րդ հոդվածով սահմանված ուսումնական հաստատության տիպերից է լրացուցիչ կրթության, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության ուսումնական հաստատությունը (13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ):

2. 2-րդ հոդվածի համաձայն արտադպրոցական ուսումնական կրթություն ստացողներ են հանդիսանում նշված հաստատությունների սաները, սովորողները եւ ունկնդիրները: Այս առումով անհրաժեշտ է նախագծի 2-րդ հոդվածում սահմանել նաեւ ունկնդիր համարվող անձանց հասկացությունը:

3. 3-րդ եւ 7-րդ հոդվածներն անհրաժեշտ է միավորել «Օրենքի խնդիրները» վերնագրի տակ:

4. 8-րդ հոդվածով սահմանված` արտադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները հստակեցման անհրաժեշտություն ունեն:

5. 9-րդ հոդվածի`

1) 4-րդ ենթակետը կարիք ունի խմբագրման, քանի որ արտադպրոցական կրթության գործառույթն ինքնին հանդիսանում է կրթության ոլորտի գործառույթ, ուստի նպատակահարմար է ոլորտում հսկողության (այլ, ոչ թե վերահսկողության) լիազորությունը վերապահել միայն կրթության ոլորտի լիազոր մարմնին, հակառակ պարագայում ստացվում է, որ նույն հաստատությունը ենթակա է հսկողության կրթության ոլորտի լիազոր մարմնի, պետական կառավարման այլ մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից.

2) 5-րդ մասով նախատեսվում են արտադպրոցական ուսումնական հաստատությունների արտահերթ պետական ատեստավորման վերաբերյալ դրույթներ՝ նշելով, որ արտահերթ ատեստավորումը, որպես բացառություն, կարող է իրականացվել պետական կառավարման մարմնի կամ պետական այլ մարմինների որոշմամբ: Այդ առումով պարզ չէ, թե արտահերթ պետական ատեստավորումը որ դեպքերում եւ ինչ կարգով է իրականացվելու: Միաժամանակ պարզ չէ, թե նշված մասում ինչ բացառության մասին է խոսքը: Պարզ չէ նաեւ, թե որոնք են այն պետական կառավարման այլ մարմինները, որոնց որոշմամբ անցկացվելու է արտադպրոցական ուսումնական հաստատությունների արտահերթ պետական ատեստավորում: Այդ առումով անհրաժեշտ է հստակ սահմանել արտահերթ ատեստավորում անցկացնելու դեպքերը՝ նախատեսելով դրույթներ ատեստավորման անցկացման կարգի վերաբերյալ, ինչպես նաեւ անհրաժեշտ է հստակ նշել ատեստավորում անցկացնելու մասին համապատասխան որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմիններին.

3) 6-րդ մասում նշված պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների առանձնահատկությունները նկատի ունենալով՝ անհրաժեշտ է նշված մարմինների իրավասությունները նախատեսել առանձին հոդվածներով: Բացի դրանից` 6-րդ մասի բովանդակությունից անհասկանալի է, թե ոչ պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունների պահպանման համար անհրաժեշտ ծախսերն ինչ միջոցներով են ֆինանսավորվելու, ինչ կարգով եւ հիմունքներով պետք է իրականացվի ֆինանսավորումը: Միաժամանակ գտնում ենք, որ ոչ պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունների պահպանման համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

Նույն մասի՝

ա. «է» ենթակետով նախատեսված արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորման գործառույթի եւ՛ պետական կառավարման մարմիններին, եւ՛ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելն ընդունելի չէ: Մանկավարժների արդյունավետ ատեստավորում հնարավոր կլինի կազմակերպել միայն, եթե այն իրականացվի պետական լիազոր մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Բացի դրանից` նախագծում անդրադարձ չկա ատեստավորումը չհանձնելու իրավական հետեւանքներին,

բ. «ը», «թ» եւ «ի» ենթակետերն անհրաժեշտ է հանել, քանի որ նշված գործառույթները սույն օրենքի կարգավորման առարկան չեն հանդիսանում,

գ. «ժ» ենթակետն անհրաժեշտ է հանել, քանի որ նշված գործառույթն արդեն իսկ կարգավորվում է 9-րդ հոդվածի 5-րդ կետով.

4) 6-րդ մասի կետերով նախատեսվում են դրույթներ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների վերաբերյալ: Այդ առումով, եթե նշված կետերով նախատեսված տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունները հանդիսանում են պետության կողմից պատվիրակված լիազորություններ, ապա  անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առաջանում է պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորման խնդիր, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածից բխում է, որ պետության պատվիրակված լիազորություններն ամբողջովին եւ պարտադիր ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ պետության պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին: Այդ առումով նախագծով պետք է կարգավորվեն նաեւ նշված լիազորությունների ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ «է» կետում հղում է կատարվում «սահմանված կարգին», որով կազմակերպվելու են արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորումը եւ որակավորման բարձրացումը, մինչդեռ պարզ չէ, թե ինչ կարգի մասին է խոսքը:

Նույնը վերաբերում է նախագծի 20-րդ հոդվածի 3-րդ մասում կատարված «սահմանված կարգով» հղմանը:

6. 10-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ կառավարման կոլեգիալ մարմնի նախատեսման հարցը նպատակահարմար է թողնել տվյալ հաստատության հայեցողությանը:

7. 11-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասով նպատակահարմար չէ արտադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկի թվարկումը, քանի որ ժամանակի ընթացքում այն ենթակա է փոփոխությունների.

2) 4-րդ մասով նախատեսվում են մասնագիտացված արտադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության ուղղվածության վերաբերյալ դրույթներ, մինչդեռ պարզ չէ, թե գործունեության ինչ ուղղվածության կամ բնագավառների մասին է խոսքը:

8. 13-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է ստեղծել արտադպրոցական ուսումնական հաստատության մասնաճյուղեր: Մասնաճյուղն իրավաբանական անձ չէ եւ գործում է ուսումնական հաստատության հաստատած կանոնադրության համաձայն, իսկ նախագծի  11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արտադպրոցական ուսումնական հաստատությունը նաեւ հիմնարկի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է: Փաստորեն, ստացվում է, որ հիմնարկը կարող է ստեղծել մասնաճյուղեր, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը: Մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա, իսկ 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնարկն իրավաբանական անձ չէ եւ գործում է իրավաբանական անձի հաստատած կանոնադրության հիման վրա: Հետեւաբար՝ արտադպրոցական ուսումնական հաստատությանը՝ հիմնարկին, նախագծով մասնաճյուղեր ստեղծելու իրավասություն վերապահելը չի բխում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 61-րդ եւ 62-րդ հոդվածների պահանջներից:

9. 15-րդ եւ 20-րդ հոդվածների եւ 16-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներն օրենքի կարգավորման առարկան չեն:

10. 17-րդ հոդվածով սահմանված` ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցների ցանկը լրացման եւ խմբագրման անհրաժեշտություն ունի:

11. 18-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 19-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված հարաբերություններն արդեն իսկ կանոնակարգված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

12. 22-րդ հոդվածի 2-րդ մասում անհասկանալի է միայն պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների որակավորման բարձրացման պահանջը, քանի որ օրենքի նախագծի 9-րդ հոդվածի համաձայն՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել նաեւ համայնքային ենթակայության:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ օրենքի նախագծի 24-րդ հոդվածին:

13. 24-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում եւ 28-րդ հոդվածում «օրենսդրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, որոնց համաձայն բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում իրավաբանական անձանց պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը:

Առաջարկում ենք նախագծի 24-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին» բառերից հետո լրացնել «համայնքային արտադպրոցական կրթության ֆինանսավորումն իրականացվում է համայնքային միջոցների հաշվին» բառերով:

14. 26-րդ կետի 2-րդ մասը հստակեցման կարիք ունի, մասնավորապես, պարզ չէ, թե ինչ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասին է խոսքը:

15. Օրենքի նախագծի «Եզրափակիչ դրույթներ» գլուխն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, որոնց համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենքներում նորմերը ներկայացվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով»:

16. Անհրաժեշտ է հստակեցնել նախագիծն ուժի մեջ մտնելու ժամկետը:

17. Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները՝

1) 1-ին հոդվածում նշված «սահմանում է» բառերն անհրաժեշտ է փոխարինել «կարգավորում է» բառերով, իսկ «հիմքերը» բառը՝ «հիմքերի հետ կապված հարաբերությունները» բառերով.

2) 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ հոդվածների կետերի, 8-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի կետերի, 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 6-րդ մասերի կետերի, 13-րդ հոդվածի 3-րդ մասի կետերի, 14-րդ հոդվածի 1-ին մասի կետերի, 15-րդ հոդվածի, 17-րդ հոդվածի 1-ին մասի կետերի եւ 24-րդ հոդվածի 3-րդ մասի կետերի  համարակալումն անհրաժեշտ է վերանայել.

3) 3-րդ հոդվածի 3-րդ մասում «նորմատիվ-իրավական» բառերը փոխարինել «իրավական» բառով:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ օրենքի նախագծի 9-րդ հոդվածի 6-րդ մասի «ը» կետին, 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 17-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությանը եւ 24-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին, երրորդ պարբերություններին եւ այլն.

4) 8-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետից անհրաժեշտ է հանել «ձեռնարկությունների» բառը.

5) 11-րդ հոդվածի 4-րդ մասում «համալիր եւ մասնագիտացված» բառերն անհրաժեշտ է փոխարինել «համալիր կամ մասնագիտացված» բառերով.

6) 18-րդ հոդվածի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «՝ օրենսդրությանը» բառը.

7) 25-րդ հոդվածի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «օպերատիվ կառավարման» բառերը.

8) «Եզրափակիչ դրույթներ» գլխի վերնագիրը «եզրափակիչ» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «եւ անցումային» բառերով:

18. Նախագծում օգտագործված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չսահմանված եւ հստակեցման կարիք ունեցող արտահայտություններ, մասնավորապես, «ունկնդիրներ», «միջդպրոցական ուսումնաարտադրական կոմբինատ», «արտադպրոցական ուսումնական հաստատությունների արտահերթ ատեստավորում», «Հայաստանի քաղաքացու ցանկալի դիմանկարի կերտումը» եւ այլ արտահայտություններ:

19. Նախագծի ընդունումը՝

1) ենթադրում է այլ օրենքներում փոփոխությունների իրականացում.

2) կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության, (ֆինանսական գնահատականը բացակայում է), որի նպատակով միջոցներ նախատեսված չեն ինչպես Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի 2014 թվականի ապրիլի 2-ի N23.6/191439-14 որոշմամբ հաստատված` կրթության ոլորտի գծով 2015-2016 թվականների ճշգրտված եւ 2017 թվականի կողմնորոշիչ չափաքանակներում:

Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող նախագիծը, ըստ էության, վերաբերում է լրացուցիչ եւ շարունակական կրթությանն ու ուսուցմանը։

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով`  արտադպրոցական կրթությունը  լրացուցիչ կրթության բաղկացուցիչ մասն է եւ իրականացնում է տարաբնույթ, բազմաբովանդակ լրացուցիչ կրթադաստիարակչական ծրագրեր, ուստի նպատակահարմար է արտադպրոցական կրթությանը վերաբերող հարցերը քննարկել լրացուցիչ կրթության ենթատեքստում:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված տեսքով օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ներկայացնում ենք օրենքի նախագծի ընդունման դեպքում ընդունումից հետո օրենքի կատարումն ապահովող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ այլ իրավական ակտերի ցանկը եւ ժամանակացույցը`

1) 11-րդ hոդվածի 5-րդ մաս՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունների տեսակների ցանկի հաստատում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ 2-ամսյա ժամկետում.

2) 12-րդ հոդվածի 1-ին մաս՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրության հաստատում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ 2-ամսյա ժամկետում.

3) 18-րդ հոդվածի 5-րդ մաս՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունների սաների, սովորողների եւ ունկնդիրների՝ արտոնյալ կամ անվճար պայմաններով այցելելու կարգի սահմանում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
2-ամսյա ժամկետում.

4) 20-րդ հոդվածի 2-րդ մաս՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունների այլ տեսակների լրավճարների չափերի ու կարգի սահմանում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ 2-ամսյա ժամկետում.

5) 9-րդ հոդվածի 5-րդ մաս՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունների պետական ատեստավորման կարգի հաստատում՝ Հայաստանի Հանրապետության կրթության պետական  կառավարման լիազորված մարմինը՝ 3-ամսյա ժամկետում.

6) 9-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետ՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նվազագույն նորմատիվների սահմանում՝ Հայաստանի Հանրապետության կրթության պետական  կառավարման լիազորված մարմինը՝
3-ամսյա ժամկետում.

7) 16-րդ հոդվածի 3-րդ մաս՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունների ավարտական վկայականների ձեւերի հաստատում՝ Հայաստանի Հանրապետության կրթության պետական  կառավարման լիազորված մարմինը՝ 3-ամսյա ժամկետում.

8) 23-րդ հոդվածի 1-ին մաս՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման կարգի հաստատում՝ Հայաստանի Հանրապետության կրթության պետական  կառավարման լիազորված մարմինը՝
3-ամսյա ժամկետում.

9) 26-րդ հոդվածի 1-ին մաս՝ պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների մատուցման կարգի սահմանում՝ Հայաստանի Հանրապետության կրթության պետական  կառավարման լիազորված մարմինը՝ 3-ամսյա ժամկետում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
ընդունման դեպքում

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության
բնագավառում կարգավորման

1. «Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3.Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագծի վերաբերյալ

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ)  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է օրենքով սահմանել արտադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, դրա իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպչական ու դաստիարակչական հիմքերը:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք:

Նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը (ծախսերի մասով) հնարավոր է տալ ՀՀ կառավարության 05.04.2012 թ. կայացած նիստի N 13 արձանագրության 1-ին կետով հաստատված` «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ» հավելվածի 14.4-րդ կետով պահանջվող տեղեկանքի` հաշվարկ-հիմնավորումներով, առկայության պարագայում: