ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-321-03.09.2013-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծով առաջարկվող՝ ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակականությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ սոցիալական ոլորտում որդեգրած քաղաքականությանը, ինչն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում: Ծրագրով նախատեսված է իրականացնել ԽՍՀՄ խնայբանկում մինչեւ 1993 թվականը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակական ծրագրեր:

Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի 2013 թվականի հունիսի 6-ի N23.6/[157213]-13 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակներով այդ նպատակով նախատեսված հատկացումներն ըստ տարիների կազմում են 1.5-ական մլրդ դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի նաեւ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման ծրագիրը:

Միաժամանակ հայտնում ենք, որ՝

1. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն օրենքի գործողությունը չի տարածվում մինչեւ օրենքի ընդունումը ծագած հարաբերությունների վրա: Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի պահանջների՝ հետադարձ ուժ կարող է տրվել նշված օրենքով, այլ օրենքներով եւ տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում: Ուստի, օրենքի հետադարձ ուժի կիրառումն արգելելու դրույթի նախատեսումը հասկանալի չէ:

2. Նախագծում առկա են ներքին հակասություններ: Այսպես` նախագծի 2-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում խնայողական ավանդների դիմաց փոխհատուցման նոր կարգ: Միեւնույն ժամանակ, նախագծի 4-րդ հոդվածի համաձայն փոխհատուցման տրամադրման մեխանիզմները, փոխհատուցման ենթակա գումարը, ավանդների մարման ժամկետները, փոխհատուցման արտոնությունները, ժամկետները` ըստ ավանդների առանձին կատեգորիաների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված հոդվածների համադրումից կարելի է եզրակացնել, որ խնայողական ավանդների դիմաց փոխհատուցման նոր կարգը պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման տեսքով եւ ներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:

Այդ առումով անհրաժեշտ է նախագծից հանել 2-րդ հոդվածը:

3. Նախագծում առկա են հստակեցման եւ խմբագրման կարիք ունեցող դրույթներ: Մասնավորապես, «ավանդների փոխհատուցումն ընտանեկան նպաստ ստացող անձանց թվաքանակի կրճատմանն ուղղորդում», «փոխհատուցման տրամադրման մեթոդիկա»  եւ այլն:

4. Նախագծի 5-րդ հոդվածի առաջին նախադասության կապակցությամբ հարկ է նկատի ունենալ առկա իրավակիրառական պրակտիկան, այն է` սոցիալական պաշտպանության ոլորտի կարեւորագույն բնագավառներին (կենսաթոշակների, նպաստների եւ այլն) վերաբերող օրենքներով պաշտպանված հոդվածների մասով համապատասխան դրույթներ չնախատեսելը:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականները:
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ Հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ Հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա  ազդեցություն չի ունենա:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայխնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 10.06.1993-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայխնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 10.06.1993-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:                                                                                                                         Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդադրված խնայողական ավանդների փոխհատուցման օրենսդրական հիմքերի ապահովմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց  նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց  նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը հնարավորություն կտա ավանդների փոխհատուցման գործընթացներում ընդգրկել ավանդատու  հանդիսացող բոլոր անձանց եւ մեծացնել ավանդների փոխհատուցմանը տարեկան հատկացվող գումարի չափը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ  ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական աջակցության ոլորտի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ՀԽՍՀ Խնայբանկի ԽՍՀՄ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է 2014 թվականից շարունակել ԽՍՀՄ խնայբանկում մինչեւ 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման ծրագիրը, ընդգրկելով ավանդների փոխհատուցման գործընթացում ավանդատու հանդիսացող բոլոր անձանց եւ փոխհատուցման առաջնահերթություն տալով առանձին խմբերին:

Նախագծի ընդունումը 2014 թվականից բերում է ՀՀ պետական բյուջեից ծախսերի անհրաժեշտության (ֆինանսական գնահատականը բացակայում է), իսկ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացություն հնարավոր է տալ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 13 նիստի արձանագրության 2-րդ կետով հավանության արժանացած իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումների 337-րդ կետով սահմանված ձեւաչափով տեղեկանքի եւ անհրաժեշտ հաշվարկ-հիմնավորումների, իսկ կոնկրետ թվային գնահատականի անհնարինության դեպքում` նույն ցուցումների 341-րդ կետով սահմանված համապատասխան վերլուծության առկայության պարագայում:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն: