ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ

  պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-215-14.02.2013-ՍՀ-010/0) վերաբերյալ:

1. Նախագիծը չի համապատասխանում «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, մասնավորապես, հասցեականությանը` սոցիալական ծառայության տրամադրումն իսկապես դրա կարիքն ունեցողին, համարժեքությանը` կարիքին համարժեք սոցիալական ծառայության տրամադրումը, սոցիալական խնամառության բացառմանը` անձի ակտիվության դրuեւորման եւ ինքնoգնության ունակությունների զարգացումը uոցիալական աջակցությունից շարունակական կախվածությունը բացառելու համար: Մինչդեռ նախագծով նախատեսվում է բոլոր բազմազավակ ընտանիքներին, անկախ կարիքից, տրամադրել տարատեսակ սոցիալական ծառայություններ, այդ թվում` դրամական օգնություն, ընդ որում, այն չափով, որ բազմազավակ ընտանիքների չափահաս անդամների մոտ հնարավոր է առաջացնի կախվածություն տվյալ օգնությունից եւ նվազեցնի աշխատելու ցանկությունը:

2. Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են շուրջ 15.000 բազմազավակ ընտանիքներ, որոնցից շուրջ 8000 ընտանիք ստանում են ընտանեկան նպաստ:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված վերոհիշյալ 8 հազար ընտանիքներում բնակվող երեխաների միջին թիվը կազմում է 4.42, ինչը նշանակում է, որ 15 հազար ընտանիքներում բնակվող երեխաների թիվը կկազմի շուրջ 67 հազար (որից` հազար առաջին, երկրորդ եւ երրորդ երեխաներ, իսկ 22 հազարը` չորրորդ եւ հաջորդ երեխաներ): Այդ ընտանիքներին` նախագծով նախատեսված ամենամսյա վճարները տրամադրելու դեպքում, անհրաժեշտ կլինի 45 հազար x 17500 դրամ x 12 ամիս + 22 հազար x 35000 դրամ x 12 ամիս = 18.69 մլրդ դրամ: Նախագծի ընդունման դեպքում, եթե ընտանեկան նպաստի համակարգով 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների համար նախատեսված 2.7 մլրդ դրամը տեղափոխվի բազմազավակ ընտանիքների ամենամսյա վճարի համար, ապա նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրամական օգնության վճարման համար լրացուցիչ կպահանջվի շուրջ 15,99 մլրդ դրամ:

3. Նախագիծն անհրաժեշտ է լրացնել օրենքի նպատակին եւ խնդիրներին վերաբերող դրույթներով:

4. Նախագծում առկա է ներքին անհամապատասխանություն` բազմազավակ ընտանիքի կազմում երեխաների թվի մասով: Այսպես՝ 2-րդ հոդվածով տրված է բազմազավակ ընտանիքի սահմանումը (ծնողների խնամքի տակ գտնվող երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներ), 3-րդ հոդվածով` բազմազավակ մոր սահմանումը (կին, որն իր խնամքի տակ ունի չորս եւ ավելի երեխա), իսկ 7-րդ հոդվածի 1-ին մասում նշված է, որ բնակարան չունեցող բազմազավակ է համարվում 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքը:

5. 4-րդ հոդվածում հարկ է նկատի ունենալ, որ նախագծով նախատեսված ծառայությունների տեսակները` բժշկական օգնություն եւ սպասարկում, բնակարանային ապահովություն, դրամական օգնություն եւ այլն, գտնվում են տարբեր գերատեսչությունների իրավասությունների ներքո:

6. 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է, որ բազմազավակ ընտանիքները չեն հաշվառվում ընտանեկան նպաստի համակարգում, իսկ 6-րդ հոդվածի մյուս մասերում եւ 7-րդ հոդվածում թվարկվում են բազմազավակ ընտանիքներին տրվող սոցիալական աջակցության տեսակները (օրինակ` յուրաքանչյուր երեխայի համար մինչեւ 18 տարին լրանալը տրամադրվում է ամենամսյա դրամական օգնություն, բազմազավակ ընտանիքներին առանձին հանրային ծառայությունների դիմաց վարձերը վճարելու համար ամենամյա օգնություն եւ այլն), որոնք 2014 թվականից բերում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի փոփոխության (առաջին դեպքում` ծախսերի նվազեցմանը, իսկ մյուս դեպքերում` ավելացմանը): Հայտնում ենք, որ այդ նպատակներով համապատասխան միջոցներ Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջին ժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված չեն: Ուստի, նախագծի ընդունման դեպքում այն կմնա առանց ֆինանսական ապահովման:

Բացի դրանից հարկ է նկատի ունենալ, որ մանկապարտեզները հիմնականում համայնքային ենթակայության են, ուստի բազմազավակ ընտանիքների երեխաներին անվճար մանկապարտեզ հաճախելու իրավունքի տրամադրման դեպքում պետությունը պետք է փոխհատուցի համայնքներին:

7. Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին», «Սոցիալական աջակցության մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում, ինչպես նաեւ ընդունել «Հայաստանի պատվավոր մայր» մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

8. Նախագծի հիմնավորման երրորդ պարբերությունում ներկայացված վիճակագրական տվյալները շտկման կարիք ունեն: Այսպես,  1987-1988 թթ. Հայաստանի Հանրապետությունում միջինը ծնվել է ոչ թե 89.000, այլ` շուրջ 77.000 երեխա, 1989-2011 թվականներին միջինը ծնվել է ոչ թե 32.000, այլ` շուրջ 54.000 երեխա, իսկ 2011-2012 թվականներին ծնված երեխաների միջին թիվը կազմում է շուրջ 43.000 երեխա: Վերոնշյալ տվյալները պաշտոնապես հրապարակվել են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի նիստի N 51 արձանագրային որոշման 5-րդ կետի («Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թվականի պետական ծրագրին եւ ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին») N 2 հավելվածի 6-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության  կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 70-Ն որոշմամբ («Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին») հաստատված միջոցառումների ծրագրի 83-րդ մասով 2013 թվականին նախատեսվում է մշակել «Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագրին եւ ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ, որի առանցքային միջոցառումներից մեկը, ի թիվս բազմազավակ ընտանիքների նյութական եւ բարոյահոգեբանական խրախուսման այլ միջոցառումների, հանդիսանում է «Բազմազավակ ընտանիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մշակումը, ինչը կարեւորում է խնդրո առարկայի նկատմամբ միասնական պետական քաղաքականության անհրաժեշտությունը:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ողջունելով նախագծի հեղինակների նպատակադրումները, առաջարկում է խնդրին անդրադառնալ «Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագրին եւ ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ընդունումից հետո՝ դրա համատեքստում:

Ներկայացված նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության    75-րդ հոդվածի համաձայն պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ներկայացնում ենք օրենքի նախագծի ընդունման դեպքում ընդունումից հետո դրանց կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ այլ իրավական ակտերի ցանկը, որոնց համար կպահանջվի շուրջ 6 ամիս՝

1) 4-րդ հոդվածի 1-ին մաս՝ «Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բազմազավակ ընտանիքների ու բազմազավակ մայրերի համար սահմանված սոցիալական աջակցության տրամադրումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

2) 5-րդ հոդվածի 3-րդ մաս` «Բազմազավակ ընտանիքների կարգավիճակը հաստատող փաստաթղթի նմուշը եւ տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

3) 6-րդ հոդվածի 7-րդ մաս՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

4) 7-րդ հոդվածի 5-րդ մաս` «Բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու, բնակարաններ տրամադրելու, ինչպես նաեւ արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու եւ դրանք սուբսիդավորելու կարգերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 
Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
                                                                                         

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈւՆ

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

1. Նախագծի կարգավորման արդյունքները.

առաջարկվող նախագծի 6-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսվող  առաջարկությունը դրական կանդրադառնա բնակչության` հատկապես բազմազավակ ընտանիքների երեխաների եւ նրանց ծնողների առողջական վիճակի բարելավման եւ բուժօգնության մատչելիության վրա:

Օրենքի նախագծի ընդունումը  կավելացնի  պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ծավալը` երեք երեխա ունեցող  բազմազավակ ընտանիքների երեխաների եւ բազմազավակ ընտանիքների ծնողների անվճար բժշկական օգնության եւ սպասարկման չափով, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 04.03.2004թ. ?318-Ն որոշման 1-ին հավելվածի համաձայն բազմազավակ (մինչեւ 18 տարեկան 4 եւ ավելի երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները, ինչպես նաեւ մինչեւ   7 տարեկան երեխաներն արդեն իսկ  ներառված են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցողների  ցանկում:

Նախագծի ընդունմամբ բազմազավակ ընտանիքների շուրջ 74.000  ծնողներ իրավունք կունենան ստանալու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում:

Համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի բյուջետային հատկացումների հաշվարկման մեթոդաբանության, հիվանդանոցային բուժօգնության դեպքերի թիվը կազմում է ազգաբնակչության թվաքանակի 8-10% (մեկ մեծահասակ հիվանդի բուժման միջին գինը 105.500 դրամ), ինչն ենթադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի  հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների ծախսերի ավելացում տարեկան 625,0 մլն դրամով (74.000x8%=5920x105.500=624.560.000):

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության 2011թ. տվյալների համաձայն 16 տարեկանը չլրացած երեք երեխա ունեն տնային տնտեսությունների ընդհանուր թվի 4,2%-ը, կամ շուրջ 32.000 ընտանիք, որոնց երեխաների թիվը կազմում է 96000 (32.000x3): Վերջինիս համամասնորեն ավելացնելով 17 եւ 18 տարիքային խմբերի թիվը, երեխաների ընդհանուր թիվը կկազմի 108.000 (96000:16x18): Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի  հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների ծախսերի  ավելացումը  երեխաների  գծով  կկազմի  1.620,0 մլն դրամ (108.000x10%=10.800x150.000=1.620.000.000), ուր` 10%-ը երեխաների հոսպիտալացման միջին տոկոսն է, իսկ 150.000դրամը  մեկ հիվանդ երեխայի հիվանդանոցային բուժման միջին գինը:

Այսպիսով, նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծախսերը  կավելանան 2.245,0 մլն դրամով:

Ինչ վերաբերում է բազմազավակ ընտանիքների 18-23 տարեկան առկա (ստացիոնար)  սովորող երեխաներին, ապա այդ խմբի համար պետական բյուջեի առողջապահական ծախսերի ծավալների հաշվարկը հնարավոր կլինի անել միայն համապատասխան տվյալների առկայության դեպքում:

Օրենքի նախագծով նախատեսված այլ նորմերի ընդունումը առողջապահության համակարգի վրա  էական ազդեցություն չի ունենա:

2.  Բազմազավակ ընտանիքների առողջական վիճակի եւ բուժօգնության  վերաբերյալ վիճակագրական տվյալները

Ըստ 2011թ. մարդահամարի նախնական տվյալների (վերջնական արդյունքների հրապարակումը նախատեսված է 2013 թվականին) տնային տնտեսությունների թիվը կազմում է 763.600, որի 4,8%-ը կամ 36.652 ունեն  երեք եւ ավելի երեխա, իսկ 0.6%-ը չորս եւ ավելի երեխա (աղբյուր` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» Վիճակագրական-վերլուծական զեկույց, 2011թ.):

Բազմազավակ ընտանիքների 18-23 տարեկան առկա (ստացիոնար)  սովորող երեխաների վերաբերյալ վիճակագրական տվյալները բացակայում են:

3. Նախագծի կիրարկման արդյունքում կանխատեսող հետեւանքները գնահատելու ժամանակացույցը.

Նախագծի ընդունումից հետո բուժօգնության ծավալների վրա կանխատեսվող հետեւանքները հնարավոր կլինի գնահատել  օրենքից բխող իրավական ակտերի կիրարկումից հետո մեկ տարի անց, իսկ բնակչության առողջության վրա` երեք տարի անց:
 

Եզրակացություն

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

 ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն.

 բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է պետական աջակցության եւ խրախուսման միջոցով բազմազավակ ընտանիքների ամրապնդմանը եւ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը նպաստելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագիծն (այսուհետ` Նախագիծ) ուղղված է պետական աջակցության եւ խրախուսման միջոցով նպաստելու բազմազավակ ընտանիքների ամրապնդմանը եւ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1.«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում եւ այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի 6-րդ եւ 7-րդ հոդվածներով սահմանված են բազմազավակ ընտանիքներին տրվող աջակցության տեսակները, որոնք 2014 թվականից բերում ՀՀ պետական բյուջեից ծախսերի փոփոխության, իսկ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն հնարավոր է տալ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 13 նիստի արձանագրության 2-րդ կետով հավանության արժանացած իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումների 337-րդ կետով սահմանված ձեւաչափով տեղեկանքի եւ անհրաժեշտ հաշվարկ-հիմնավորումների, իսկ կոնկրետ թվային գնահատականի անհնարինության դեպքում` նույն ցուցումների 341-րդ կետով սահմանված համապատասխան վերլուծության առկայության պարագայում: