ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Աբրահամյան



Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Ռուստամյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-201-01.02.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ:

1. Ներկայացված օրենքի նախագծի ընդունումը ենթադրում է ատամնաբուժական եւ ատամնատեխնիկական գործունեության մասով հարկային բեռի էական նվազեցում, ինչն ընդունելի չէ` հետեւյալ հիմնավորումներով.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ուսումնասիրություններ են կատարվել Երեւան քաղաքում գործունեություն ծավալող 30 ատամնաբուժական ծառայություններ մատուցող անձանց մոտ` վերջիններիս գործունեության փաստացի պատկերը վերհանելու նկատառումներով:

Գործունեության հիմնական միջինացված բնութագրիչներն են եղել`

բազկաթոռների թիվը` 6,
բժիշկ-ստոմատոլոգների թիվը` 9,
բուժքույրերի թիվը` 2,
վարչական աշխատողների թիվը` 2,
ատամնատեխնիկների թիվը` 2:

Ուսումնասիրված բոլոր ընկերություններում շահութաբերության մակարդակը կազմել է 2-7 տոկոս, իսկ աշխատավարձը` 37-72 հազ. դրամ:

Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է, որ ատամնաբուժական ծառայություններ մատուցող անձինք հիմնականում գործունեություն են ծավալում հետեւյալ երկու եղանակով՝

1-ին եղանակ.

Ատամնաբուժական կլինիկայի կազմակերպիչը բժիշկ-ստոմատոլոգների հետ աշխատում է օրավարձով` յուրաքանչյուր բժիշկ-ստոմատոլոգից ստանալով օրական 15-20 հազ. դրամ եկամուտ` փոխարենը կրելով գործունեության արդյունքում առաջացող հարկերի եւ կոմունալ ծախսերի վճարման պարտավորությունը: Այսինքն, ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման ծախսերը կրում է բժիշկ-ստոմատոլոգը:

Փոխարենը, կլինիկայի կազմակերպիչների կողմից իրենց գործունեության արդյունքում պետությանը վճարված շահութահարկը մեկ բազկաթոռի համար կազմել է ամսական
3,5-9 հազ. դրամ կամ, որ նույնն է, օրական 130-350 դրամ: Եթե անգամ ընդունենք, որ մեկ բազկաթոռը շահագործվել է ոչ ավելի, քան մեկ բժիշկ-ստոմատոլոգի կողմից, ապա ստացվում է, որ մեկ ստոմատոլոգի հաշվով միջինը 17,5 հազ. դրամ վարձատրություն ստանալու դիմաց կազմակերպիչը վճարել է օրական 240 դրամ շահութահարկ կամ ստացած եկամուտների 1,37 տոկոսը:

Ակնհայտ է, որ եթե ատամնաբուժական գործունեություն իրականացնող անձինք նախորդ հարկման դաշտի պայմաններում հայտարարագրեին իրենց իրացման շրջանառությունների իրական մեծությունները, ապա վճարվող շահութահարկի չափը շատ ավելին կլիներ, քան անգամ ներկայումս մեկ բազկաթոռի հաշվով վճարվող արտոնագրային վճարի առավելագույն` 80 հազ. դրամը:

2-րդ եղանակ.

Ատամնաբուժական կլինիկայի կազմակերպիչը բժիշկ-ստոմատոլոգների հետ աշխատում է ատամնաբուժական բազկաթոռների վարձակալության հիմունքներով` յուրաքանչյուր բազկաթոռի վարձը սահմանելով ամսական 200-350 հազ. դրամ` փոխարենը կրելով միայն կոմունալ ծախսերի վճարման պարտավորությունը: Այս դեպքում ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման, ինչպես նաեւ այդ գործունեության արդյունքում առաջացող հարկերի վճարման պարտավորությունը կրում է վարձակալը:

Այս եղանակով աշխատող ատամնաբուժական կլինիկաները մեկ բազկաթոռի հաշվով միջին ամսական 275 հազ. դրամ վարձատրության դիմաց վճարել են միջինը 4,2 հազ. դրամ շահութահարկ, կամ այլ կերպ` 1 բազկաթոռի հաշվով պետությանը վճարված հարկերը շուրջ 65 անգամ պակաս են եղել 1 բազկաթոռի վարձակալության վճարից:

2. Օրենքի նախագծով առաջարկվում է մանկական ատամնաբուժական գործունեության մասով սահմանել արտոնագրային վճարի մեծությունը կիսով չափ նվազեցնող գործակից: Նման մոտեցումը համարում ենք ոչ ընդունելի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում որեւէ օրենսդրական արգելք կամ սահմանափակում չկա, որի կիրառությունը կարող էր երաշխավորել, որ տվյալ մանկական ատամնաբուժական կլինիկայում ատամնաբուժական ծառայություններ են մատուցվում բացառապես մանկահասակներին: Հետեւաբար, առաջարկության ընդունման պարագայում կստեղծվեն հարկումից խուսափելու մեծ ռիսկեր, իսկ դրանց կառավարման ուղղությամբ արդյունավետ հարկային վարչարարության իրականացումը գրեթե անհնարին կլինի:

3. Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ ատամնաբուժական գործունեու-
թյան մասով արտոնագրային վճարը հաշվարկվում է ոչ թե բազկաթոռների թվի, այլ ատամնաբույժների թվի հիման վրա, ինչը նույնպես ընդունելի չէ` հետեւյալ նկատառումներով՝

1) առաջարկության ընդունումը կհանգեցնի հարկային բեռի ոչ արդարացի վերաբաշխումների՝ բոլոր այն դեպքերում, երբ, օրինակ, միեւնույն ատամնաբուժական կլինիկայում բժիշկ-ստոմատոլոգը միեւնույն ատամնաբուժական բազկաթոռի վրա աշխատում է ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մեկ այլ բժիշկ-ստոմատոլոգ աշխատանքային օրվա ընթացքում աշխատում է ընդամենը մի քանի ժամ եւ բազկաթոռը տրամադրում է հաջորդ հերթափոխի բժիշկ-ստոմատոլոգին (արդյունքում ստացվում է, որ երկրորդ բժիշկ-ստոմատոլոգը, որն այլ հավասար պայմաններում 2-3 անգամ ավելի քիչ աշխատանք է կատարում եւ ավելի քիչ եկամուտ է ստեղծում, պետք է վճարի նույնքան արտոնագրային վճար, որքան՝ առաջին բժիշկ-ստոմատոլոգը).

2) առաջարկության ընդունումն անհարկի կբարդացնի հարկային վարչարարությունը` հաշվի առնելով այն, որ ատամնաբուժական բազկաթոռների թիվն ավելի ակնառու եւ ավելի հեշտ վերահսկելի ելակետային տվյալ է, քան բժիշկ-ստոմատոլոգների թիվը:

Միաժամանակ, հատկանշական է այն, որ հարկման այլընտրանքային համակարգերի, այդ թվում` արտոնագրային վճարների համակարգի կիրառությունը ենթադրում է պարզ հարկային վարչարարություն եւ հարկ վճարողների ու հարկային մարմինների միջեւ նվազագույն շփումներ: Հետեւաբար, առաջարկության ընդունումն ինքնին չի բխում նաեւ արտոնագրային վճարների համակարգի կիրառության հիմքում դրված հիմնական սկզբունքներից:

4. Ինչ վերաբերում է ատամնատեխնիկական ու ռենտգենաբանական ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների հարկմանը, ապա հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն իսկ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ` լուծելու համար ծառայությունների նշված տեսակներից ստացվող եկամուտների հարկման համակարգում նկատված խնդիրները: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 27-ի`

1) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ» N 4 պաշտոնական պարզաբանմամբ պարզաբանվել է, որ`

ա. ստոմատոլոգիական ծառայությունների ընթացքում մատուցված ռենտգենաբանական ծառայությունները ներառվում են ստոմատոլոգիական ծառայությունների մեջ,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից ռենտգենաբանական ծառայությունները մատուցված են համարվում այն դեպքում, եթե դրանք իրականացվում են նույն կազմակերպությունում` առանց ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման.

2) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 25-Ն հրամանի կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ» N 5 պաշտոնական պարզաբանմամբ պարզաբանվել է, որ`

ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման ընթացքում ատամնատեխնիկի 1 հիմնական աշխատատեղ կարող է համարվել 1 ատամնատեխնիկի եւ գիպսային մոդելների ստացման, զոդման, պոլիմերացման, փայլեցման, ձուլման աշխատանքներ կատարող՝ մինչեւ 2 օժանդակ (տեխնիկական) աշխատողների աշխատատեղերի ամբողջությունը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի նշված պարզաբանումներն արդեն իսկ ներկայացվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման եւ սահմանված կարգով հրապարակման համար:

5. Միաժամանակ, հայտնում ենք, որ հստակեցման կարիք ունի օրենքի նախագծում օգտագործված «իմպլանտոլոգ» հասկացությունը` հաշվի առնելով այն հանգամանքը,
որ իմպլանտոլոգիայով կարող է զբաղվել համապատասխան վերապատրաստման
դասընթացներ անցած յուրաքանչյուր ատամնաբույժ:

6. Բացի դրանից, օրենքի նախագծում օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Մասնավորապես`

1) օրենքի նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է «ՀՕ-Ն 209 օրենքի» բառերը փոխարինել «ՀՕ-209-Ն օրենքի» բառերով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի պահանջները.

2) օրենքի նախագծի 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածներն անհրաժեշտ է միացնել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր հոդվածների դրույթները վերաբերում են օրենքի
8-րդ հավելվածին:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Արտոնագրային վճարների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առաջարկվող նախագծով նախատեսվում է ատամնաբուժական եւ ատամնատեխնիկական գործունեության արտոնագրային վճարների հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալները, այն է` ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար նախատեսված բազկաթոռների թիվը եւ ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման աշխատատեղերի թիվը համապատասխանաբար փոխարինել ատամնաբույժերի եւ ատամնատեխնիկների թվով:

ՀՀ կառավարության 01.02.2007թ. ?201-Ն որոշման ?1 հավելվածի 2-րդ կետի գ) ենթակետով ատամնաբուժական բուժկանխարգելիչ կազմակերպություններում (բաժանմունքներում, կաբինետներում) աշխատող ատամնաբույժների, բուժակների եւ տեխնիկ-ատամնաբույժների համար շաբաթական սահմանված է 33 ժամ տեւողությամբ աշխատաժամանակ: Այս հանգամանքից ելնելով, ատամնաբուժական կազմակերպություններում սահմանվում են աշխատանքի 2-3 հերթափող: Այսինքն, մեկ ատամնաբուժական բազկաթոռը շահագործվում է 2-3 ատամնաբույժների կողմից: Ուստի, անգամ նախագծով առաջարկվող նվազեցված արտոնագրային վճարի դրույքաչափերի պայմաններում, վճարման ենթակա արտոնագրային վճարի գումարը լավագույն դեպքում կմնա անփոփոխ, իսկ վատագույն դեպքում` կաճի, այստեղից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Մասնավորապես, անխուսափելիորեն կաճեն ստոմատոլոգիական ծառայությունների գները, ինչը կնվազեցնի այցելությունների թիվը: Ատամնաբույժի ծառայությանը կդիմեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ պրոֆիլակտիկ այցելությունները կվերանան, ինչը բացասաբար կազդի բնակչության հիվանդությունների կանխարգելման վրա:

Հարկային բեռի ավելացումը կստիպի ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ծառայությունների ինքնարժեքի իջեցման նպատակով կիրառել ավելի էժան դեղամիջոցներ, պարագաներ եւ տեխնոլոգիաներ, ինչի հետեւանքով կիջնի բնակչությանը մատուցվող բուժօգնության եւ սպասարկման որակը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ պասարկման շրջանակներում մատուցվող ստոմատոլոգիական ծառայությունների փոխհատուցման գները 4-6 անգամ ցածր են նույն ծառայությունների շուկայական գներից, բարդություններ կառաջանան պետական պատվերի տեղադրման գործընթացում, ինչի հետեւանքով կկրճատվեն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ պասարկման ծավալները:

Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվող արտոնագրային վճարի չափի հաշվարկման գործակիցները չեն արտահայտում ուսումնական պրոցեսում ընդգրկված ստոմատոլոգիական համասարքերի գործունեության առանձնահատկությունները; Բարձր է նաեւ մանկական ստոմատոլոգիական ծառայության արտոնագրային վճարի համար սահմանվող 0,5 գործակիցը, որն անհրաժեշտ է նվազեցնել կամ զրոյացնել:

Ելնելով վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ նախագծի ընդունումը բացասական ազդեցություն կունենա ոլորտի վրա վերջինիս զարգացման եւ գործունեության ընդլայնման տեսանկյունից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է ոչ զգալի դրական ազդեցություն:

Չնայած այն հանգամանքին, որ Նախագծով առաջարկվում է ատամնաբուժական գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման հիմք սահմանել ատամնաբույժների թվաքանակը, դեռեւս հստակ չէ, թե ատամնաբուժական ոլորտում մասնագիտական գործունեության համար արտոնագրային վճարի չափի հաշվարկման տարբերակված գործակիցների կիրառման վերահսկման ինչ մեխանիզմ է նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման նպատակն է կանխել ատամնաբուժական ծառայությունների ոլորտում առկա բացասական դրսեւորումները մասնավորապես` կիրառել հարկման առանձնահատկությունների գործադրում` ըստ մասնագիտական ծառայությունների` ազատելով հարկից երիտասարդ-ուսանող մասնագետներին:

Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են ատամնաբուժական եւ ատամնատեխնիկական ծառայությունների շուկաների հետ:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
 
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ


«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է`

ա) նվազեցնել ատամնաբուժական եւ ատամնատեխնիկական գործունեության մասով արտոնագրային վճարի դրույքաչափերը, իսկ արտոնագրային վճարների հաշվարկման համար ելակետային տվյալ սահմանել համապատասխանաբար` ատամնաբույժերի եւ ատամնատեխնիկների թիվը,

բ) ատամնաբուժական ոլորտում որոշակի մասնագիտական գործունեության տեսակների համար սահմանել լրացուցիչ գործակիցներ,

գ) կլինիկական օրդինատորների եւ բժիշկ-ինտերների կողմից մատուցվող ատամնաբուժական ծառայություններն ազատել արտոնագրային վճարից:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական, իսկ ծախսերի վրա` չեզոք ազդեցություն: