ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ:

Նախագծում հստակ սահմանված չեն Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական պաշտպանության իրականացման մեխանիզմները, նշված արտոնություններից ու փոխհատուցումներից օգտվելու համար ներկայացվող փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների գործառույթները:

ՉԱԷԿ-ի վթարի մասնակիցների ճնշող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունում համարվում է զինծառայող, քանի որ նրանք վարժական հավաքների են կանչվել զինկոմիսարիատների կողմից եւ ուղարկվել վթարի վայր: Նրանց սոցիալական պաշտպանության հարցերն արդեն իսկ կարգավորվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման N 1 հավելվածի անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկի համաձայն 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներին հիվանդության դեպքում դեղերը տրվում են անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամներին եւ Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներին` 50 տոկոս զեղչով:

Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներն ընդգրկված են  Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N 318-Ն որոշման N 1 հավելվածի բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում եւ օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն  ստանալու իրավունքից: Վերջիններիս  համար անվճար է նաեւ ստոմատոլոգիական օգնությունն ամբողջ ծավալով՝ բացառությամբ նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ստոմատոլոգիական ծառայության:

Այնուամենայնիվ, նախագծի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հոդվածներով նախատեսված արտոնությունները ենթադրում են լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն: Մասնավորապես, առողջարանային բուժման անվճար ուղեգիր տրամադրելու համար տարեկան անհրաժեշտ կլինի շուրջ 60,0 մլն դրամ (հաշվի առնելով, որ տարվա ընթացքում ուղեգրով ապահովվի 500 մարդ): Ամենամսյա դրամական օգնություն տրամադրելու համար կպահանջվի 82,8 մլն դրամ (ենթադրվում է, որ դրամական օգնությունն այս օրենքով կտրամադրվի 627 մարդու, ովքեր քաղաքացիական անձինք են եւ, որոնց վրա չի տարածվում «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, եւ նրանց կտրամադրվի ամենամսյա դրամական օգնություն նույն չափով, ինչ  զինծառայության հաշմանդամներին` 11000 դրամ): Այսպիսով, սույն օրենքի ընդունմամբ միայն նշված երկու արտոնությունների մասով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կպահանջվի լրացուցիչ շուրջ 142,8 մլն դրամ, որի համար Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծով միջոցներ  չեն նախատեսված, ուստի, դրա  ընդունման դեպքում այն կմնա առանց ֆինանսական ապահովման:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Ներկայացնում ենք օրենքի նախագծի ընդունման դեպքում դրա կատարումն ապահովող` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ցանկը եւ ժամկետները`

1. 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի կատարումն ապահովելու նպատակով`

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիներին առողջարանային անվճար ուղեգրեր տրամադրելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, ժամկետ` 2013 թ.:

2. 6-րդ հոդվածի կատարումն ապահովելու նպատակով`

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած՝ Հայաստանի Հանրապետության  քաղաքացիներին ամենամսյա դրամական օգնություն նշանակելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, ժամկետ` 2013 թ.:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:   
  
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈւՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈւԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը շահառուների վրա կունենա որոշակի դրական ազդեցություն` նկատի ունենալով  բուժօգնություն եւ անվճար դեղեր ձեռք բերելու համար նախագծով սահմանված արտոնությունները: Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նախագծի ներկայացված տարբերակով ընդունումը պետական բյուջեի համար լրացուցիչ ծախսեր է առաջացնելու:

Նախագծի 4-րդ, 5-րդ հոդվածներով արտոնությունները սահմանող դրույթները կարող են անփոփոխ մնալ միայն պետական բյուջեով առողջապահական ոլորտին այդ ծառայությունների համար համապատասխան լրացուցիչ ֆինանսավորման առկայության դեպքում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին»  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Գնահատման արդյունքում Նախագիծը`

1. Ռազմավարական ազդեցության կարգավորման տեսանկյունից  նախագիծն ունի դրական ազդեցություն:

2. բնագավառի շահառուների վրա ազդեցության կարգավորման տեսանկյունից  նախագիծն ունի դրական ազդեցություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվել է ամենամսյա դրամական օգնություն տրամադրել այն քաղաքացիական անձանց, որոնց վրա չի տարածվում «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների  անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի դրույթները եւ ըստ Ձեր կողմից ներկայացված տեղեկանքի 627 մարդու ամնսական 11000 դրամի չափով դրամական օգնություն տրամադրելու պարագայում տարեկան ծախսը կկազմի շուրջ 82.8 մլն.դրամ:

Բացի այդ` առաջարկվել է առողջարանային բուժման անվճար ուղեգրի տրամադրում եւ ըստ ներկայացված տեղեկանքի այն կտրամադրվի շուրջ 500 մարդու եւ ուղեգրի միջին արժեքով` 120.0 հազ.դրամով հաշվարկված տարեկան կկազմի  60.0 մլն.դրամ:

Միաժամանակ տեղեկանքով առաջարկվել է նաեւ ներկայացված նախագծի 5-րդ եւ 6-րդ հոդվածները իրականացնել 2013 թվականից (Նախագծով` ուժի մեջ է մտնում 01.01.2012 թ-ից):

Վերոնշյալ կատարված համապատասխան հաշվարկների արդյունքները ցույց են տալիս, որ նախագծի ընդունումը կբերի լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն` տարեկան շուրջ 142.8 մլն.դրամ, որի համար ՀՀ կառավարության 2010 թվականի  հուլիսի 8-ի «ՀՀ 2011-2013 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 859-Ն որոշմամբ համապատասխան միջոցներ նախատեսված չեն, ուստի դրա  ընդունման դեպքում այն կմնա առանց ֆինանսական ապահովման: