ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-1374-22.06.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-1374-22.06.2026-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի համակարգային վերլուծությունը, ինչպես նաեւ դրա համադրումը Սահմանադրության եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) գործող կարգավորումների հետ, հիմք են տալիս եզրակացնելու, որ Նախագծով նախատեսվող Էթիկայի հանձնաժողովը, թեեւ անվանապես ներկայացվում է որպես ժամանակավոր հանձնաժողով, իր իրավական բնույթով եւ կազմակերպական կառուցվածքով փաստացի կարող է դիտարկվել մշտական հանձնաժողով։ Այս եզրահանգումը բխում է ոչ թե մեկ առանձին նորմից, այլ Նախագծի մի շարք փոխկապակցված կարգավորումների ամբողջությունից։ Մասնավորապես, Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքում նոր լրացվող 19.1-րդ հոդվածի կարգավորումներով նախատեսվում են Էթիկայի հանձնաժողովի կազմավորման, կազմի, անդամների նշանակման, նախագահի եւ նախագահի տեղակալի ընտրության, լիազորությունների, նիստերի, քարտուղարության եւ գործունեության ամբողջական կարգավորումները, որոնք իրենց բովանդակությամբ բնորոշ են ոչ թե ժամանակավոր, այլ մշտապես գործող խորհրդարանական մարմնին։ Միաժամանակ, Նախագծի 12-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասում լրացվող 4.1-ին կետով Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը ներառվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի պարտադիր օրակարգային հարցերի շարքում։ Այսինքն՝ յուրաքանչյուր գումարման Ազգային ժողովում հանձնաժողովի ձեւավորումը դառնում է պարտադիր կազմակերպական գործողություն, ինչը բնորոշ է բացառապես մշտական մարմիններին եւ հակասում է ժամանակավոր հանձնաժողովների իրավական բնույթին, որոնք ստեղծվում են ըստ անհրաժեշտության։ Ավելին, Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 19.1-րդ հոդվածի կարգավորումներից բխում է, որ Էթիկայի հանձնաժողովը որպես խորհրդարանական մարմին չի վերանում՝ իր լիազորությունների ժամկետի լրանալով կամ լուծարծելով։ Ընդհակառակը, նախատեսվում է նոր կազմի ձեւավորում, որի արդյունքում ապահովվում է հանձնաժողովի գործունեության շարունակականությունը։ Այսինքն՝ ավարտվում են ոչ թե հանձնաժողովի գոյությունը, այլ միայն նրա տվյալ կազմի լիազորությունները։ Նման մոդելը բնորոշ է մշտական հանձնաժողովներին, որոնց կազմը պարբերաբար փոփոխվում է, սակայն ինստիտուտը շարունակում է գործել։ Նույն հոդվածով կարգավորվում են նաեւ խմբակցությունների միջեւ տեղերի մշտական բաշխման, անդամների փոխարինման, նախագահի եւ նախագահի տեղակալի ընտրության, ինչպես նաեւ հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հարցերը, որոնք եւս վկայում են, որ խոսքը ոչ թե մեկանգամյա նպատակով ստեղծվող մարմնի, այլ Ազգային ժողովի մշտական կառուցվածքային ստորաբաժանման մասին է։ Հատկանշական է նաեւ, որ Նախագծով նախատեսվում է Էթիկայի հանձնաժողովին կից գործող քարտուղարություն։ Քարտուղարությունն իր էությամբ ապահովում է մարմնի շարունակական կազմակերպական գործունեությունը եւ չի կարող դիտվել որպես բացառապես ժամանակավոր հանձնաժողովին բնորոշ ինստիտուտ։ Մշտական քարտուղարության առկայությունն ինքնին վկայում է, որ օրենսդիրը նախատեսում է շարունակաբար գործող կազմակերպական կառուցվածք։ Մինչդեռ գործող Օրենքի 16-րդ հոդվածը ժամանակավոր հանձնաժողովը դիտարկում է որպես առանձին նախագծի կամ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննության նպատակով ստեղծվող մարմին, որի ստեղծման մասին որոշմամբ պարտադիր սահմանվում են գործունեության ժամկետը եւ եզրակացության ներկայացման ժամկետները։ Ժամանակավոր հանձնաժողովի էությունն այն է, որ այն ստեղծվում է կոնկրետ նպատակով եւ լուծարվում է այդ նպատակի իրականացումից հետո, այլ ոչ թե գործում է անընդհատ։ Ի տարբերություն այդ մոդելի՝ Նախագծով նախատեսված Էթիկայի հանձնաժողովի գործունեությունը կրում է շարունակական բնույթ եւ կազմակերպված է այնպես, որ Ազգային ժողովի գործունեության ամբողջ ընթացքում մշտապես գործի նույն լիազորություններն իրականացնող հանձնաժողով։ Հետեւաբար, Նախագծով փաստացի ձեւավորվում է ոչ թե ժամանակավոր հանձնաժողով, այլ պատգամավորական էթիկայի հարցերով մշտապես գործող հանձնաժողով։ Այս մոտեցումը գտնում ենք, որ կարող է խնդրահարույց լինել Սահմանադրության տեսանկյունից: Մասնավորապես, Սահմանադրության 106-րդ հոդվածը սահմանում է, որ Ազգային ժողովում ստեղծվում են մշտական հանձնաժողովներ, որոնց թիվը սահմանվում է սահմանադրական օրենքով, իսկ դրանց հիմնական գործառույթներն են օրենքների նախագծերի նախնական քննարկումը եւ խորհրդարանական վերահսկողության իրականացումը։ Սահմանադրական մոդելը չի նախատեսում պատգամավորական էթիկայի հարցերով առանձին մշտական հանձնաժողովի ստեղծում, իսկ մշտական հանձնաժողովների ցանկն ու համակարգը զարգացվում են Օրենքի 10-15-րդ հոդվածներով։ Այսինքն՝ Սահմանադրությամբ նախատեսված է երկաստիճան համակարգ՝
Նախագծով, սակայն, ձեւավորվում է երրորդ՝ միջանկյալ կարգավիճակ ունեցող մարմին, որը անվանապես ժամանակավոր է, բայց իր բոլոր էական հատկանիշներով՝ մշտական։ Նման կարգավորումով փաստացի շրջանցվում է Սահմանադրությամբ նախատեսված հանձնաժողովների համակարգը։ Ամփոփելով՝ Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքում նոր լրացվող 19.1-րդ հոդվածի, 12-րդ հոդվածով լրացվող 33-րդ հոդվածի 6-րդ մասի 4.1-ին կետի, ինչպես նաեւ Էթիկայի հանձնաժողովի կազմավորման, գործունեության շարունակականության, քարտուղարության եւ լիազորությունների վերաբերյալ փոխկապակցված կարգավորումների ամբողջական վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը փաստացի ստեղծում է պատգամավորական էթիկայի հարցերով մշտապես գործող հանձնաժողով, որը կարող է միայն ձեւականորեն դիտարկվել «ժամանակավոր հանձնաժողով»։ Այսպիսի իրավական մոդելը չի համապատասխանում Սահմանադրությամբ եւ Օրենքով ուրվագծված ժամանակավոր հանձնաժողովի իրավական բնույթին եւ առաջացնում է հիմնավոր կասկածներ դրա համապատասխանության վերաբերյալ Սահմանադրության 106-րդ եւ 107-րդ հոդվածներին։ 2. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է՝ «Սահմանադրական օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են սահմանադրական օրենքի վերնագիրը, սահմանադրական օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «սահմանադրական օրենք» բառը: Սահմանադրական օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են սահմանադրական օրենքի վերնագիրը, «սահմանադրական օրենք» բառերը:»: 3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Առաջարկում ենք սույն պահանջը ապահովել Նախագծում, քանզի 6-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 6-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ բովանադակությամբ՝ «ԱՌԱՆՁԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ», սակայն միեւնույն մարմնին անդրադառնալիս Նախագծի 5-րդ եւ մի շարք այլ հոդվածներով նախատեսվող դրույթներում այն անվանվում է «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողով», իսկ Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 16-րդ կետում կատարվող փոփոխության արդյունքում՝ «առանձին նախագծի հարցով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով»: Միեւնույն մարմնին անդրադառնալիս եւ նույն միտքը արտահայտելիս կիրառվող արտահայտությունները պետք է համապատասխանեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին: Սույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 19.1-ին հոդվածին, քանզի «Էթիկայի հանձնաժողով» հասկացությունը, առանց «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի պահպանման, նույն հոդվածի 9-րդ մասից սկսած որոշակի դրույթներում հիշատակվում է որպես «Հանձնաժողով»: 4. Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 19.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն. «3. Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետը մեկ կամ երկու տարի է:»: Վերոնշյալ դրույթով նախատեսվում է, որ Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետը կարող է լինել մեկ կամ երկու տարի, սակայն չի սահմանվում, թե ինչ իրավական չափանիշներով, պայմաններով կամ ընթացակարգով է որոշվելու տվյալ ժամկետը: Իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով նպատակահարմար է հստակեցնել համապատասխան կարգավորումը՝ բացառելով նորմի կամայական կիրառման հնարավորությունը։ 5. Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 19.1-ին հոդվածի 6-10-րդ մասերում սահմանված դրույթները կարգավորում են Էթիկայի հանձնաժողովում անդամների եւ ղեկավար պաշտոնների բաշխման մեխանիզմը։ Մինչդեռ առաջարկվող կարգավորումները միանշանակ չեն ընկալվում: Մասնավորապես, հստակ չէ, թե «մեծաթվից փոքրաթիվ» սկզբունքը վերաբերում է միայն կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների միջեւ տեղերի եւ ղեկավար պաշտոնների բաշխմանը, թե նաեւ կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունների ներսում գործող երկու կամ ավելի խմբակցությունների միջեւ համապատասխան տեղերի եւ նշանակման իրավունքի բաշխմանը։ Միաժամանակ կարգավորված չէ այն իրավիճակը, երբ կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունների ներսում գործող երկու կամ ավելի խմբակցություններ ունեն հավասար թվով ներկայացված պատգամավորներ։ Նման իրավիճակում բացակայում են բաշխման առաջնահերթության որոշման, հավասարության հաղթահարման չափանիշները կամ ընթացակարգը, ինչը կարող է հանգեցնել իրավական անորոշության, տարբերաբնույթ մեկնաբանությունների եւ գործնականում վեճերի։ Այս առումով նպատակահարմար է հստակեցնել նշված կարգավորումները՝ սահմանելով տեղերի եւ նշանակման իրավունքի բաշխման ընթացակարգի ամբողջական, հստակ եւ միանշանակ իրավակարգավորում՝ բացառելով դրանց տարաբնույթ մեկնաբանման հնարավորությունը, ինչը կապահովի իրավական որոշակիության ու կանխատեսելիության սկզբունքների պահպանումը։ 6. Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 19.8-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված է. «5. Էթիկայի հանձնաժողովի նիստում զեկուցողներին հարցեր տալու, ինչպես նաեւ նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք ունեն միայն հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովի նիստում ներկա լինելու իրավունք ունեցող այլ անձինք կարող են ելույթ ունենալ Կանոնակարգի 19.11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում, նիստը նախագահողի թույլտվությամբ կամ հանձնաժողովի որոշմամբ:»: Սույն դրույթով այլ անձանց ելույթ ունենալու իրավունքը կապվում է Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 19.11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի հետ, մինչդեռ վերջինս կարգավորում է բացառապես Էթիկայի հանձնաժողովի անդամների՝ եզրակացության եւ որոշման նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու իրավունքը եւ ընթացակարգը։ Ուստի Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 19.8-րդ հոդվածի 5-րդ մասում կատարված հղումը չի ապահովում նորմերի բովանդակային համապատասխանությունը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նշված հղումը նպատակահարմար է վերանայել կամ փոխարինել համապատասխան իրավակարգավորում նախատեսող դրույթով։ 7. Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքում նոր լրացվող 19.8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Էթիկայի հանձնաժողովի նիստերը փակ են, բացառությամբ այն դեպքերի, երբ Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում նշված պատգամավորը, կամ Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված դիմումի հեղինակն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել հրապարակային:»: Սույն կարագավորումը, կարծում ենք, կարող է առավել լիարժեք լինել, եթե լրամշակման արդյունքում հստակեցվի՝ - արդյո՞ք Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում նշված պատգամավորի, կամ Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված դիմումի հեղինակի առաջարկը միայն բավարար է Էթիկայի հանձնաժողովի նիստը հրապարակային անցկացնելու համար, թե նրան պետք է հաջորդի Էթիկայի հանձնաժողովի համապատասխան որոշումը, - արդյո՞ք ցանկացած նման առաջարկի դեպքում Էթիկայի հանձնաժողովի նիստը անցակցվում է հրապարակային եւ պետական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի ապահովման նպատակը կամ այլ հակակշիռ հանգամանք չի պահանջում լրացուցիչ բացառության նախատեսման հրամայական: Վերոգրյալ խնդրահարույց կետերի հաշվառմամբ առաջարկում ենք լրամշակել Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 19.9-րդ հոդվածի 6-րդ մասը: 8. Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 19.8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Հանձնաժողովի փակ նիստում նրա անդամներից եւ քարտուղարության մասնագետներից բացի, կարող են ներկա լինել միայն նրա որոշմամբ կամ նախագահի կողմից հրավիրված անձինք: Հանձնաժողովի հրապարակային նիստում կարող են ներկա լինել Կանոնակարգի 14-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասով նախատեսված անձինք:»: Միեւնույն ժամանակ Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 19.11-րդ հոդվածի 4-րդ մասը Էթիկայի հանձնաժողովին պարտավորեցնում է հնարավորություն տալ Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում նշված պատգամավորին պարզաբանումներ տալ դիմումի եւ դրա ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ, մասնակցել դիմումի քննությանը: Այս կարգավորումների համադրման արդյունքում առավել նպատակահարմար է Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում նշված պատգամավորին եւս իմպերատիվ կարգով ներառել Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 19.8-րդ հոդվածի 7-րդ մասում՝ Էթիկայի հանձնաժողովի փակ նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շարքում: 9. Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 19.10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ « Եթե Էթիկայի հանձնաժողովը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետներում չի ավարտում դիմումի քննարկումը, ապա Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումը համարվում է մերժված, իսկ Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դիմումի քննարկումը համարվում է ավարտված:»: Հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Նախագծով կարգավորված չէ, թե ինչ իրավական ճակատագիր են ունենում այն վարույթները եւ դիմումները, որոնք Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտի կամ դրա լուծարման պահին դեռեւս գտնվում են քննարկման փուլում։ Մասնավորապես, Նախագծով նախատեսվում է, որ Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետը մեկ կամ երկու տարի է, որից հետո ձեւավորվում է նոր հանձնաժողով, սակայն որեւէ դրույթ չի սահմանում, թե արդյոք նախկին հանձնաժողովի վարույթում գտնվող, սակայն չավարտված գործերը փոխանցվում են նոր ձեւավորվող հանձնաժողովին, շարունակվում են նույն ընթացակարգով, ենթակա են նոր քննության, թե համարվում են կարճված։ Բացակայում են նաեւ գործերի փոխանցման, նյութերի հանձնման, ընթացակարգային ժամկետների հաշվարկի եւ շարունակականության ապահովման վերաբերյալ անցումային կարգավորումները։ Ուստի նպատակահարմար է Նախագիծը լրացնել առանձին կարգավորմամբ, որով կհստակեցվեն Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ավարտի կամ լուծարման պահին ընթացքի մեջ գտնվող վարույթների իրավական ճակատագիրը, այդ թվում՝ դրանց նոր հանձնաժողովին փոխանցման, քննության շարունակականության եւ ընթացակարգային ժամկետների պահպանման կանոնները։ 10. Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 19.10-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն. «10. Դիմումի քննարկումը կարճվում է, եթե Ազգային ժողովի լիազորություններն ավարտվել են, դիմումում նշված պատգամավորի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են կամ օրենքով նախատեսված այլ հիմքով Էթիկայի հանձնաժողովի եզրակացության ընդունման անհրաժեշտությունը վերանում է:»: Հարկ ենք համարում նշել, որ «օրենքով նախատեսված այլ հիմքով Էթիկայի հանձնաժողովի եզրակացության ընդունման անհրաժեշտությունը վերանում է» ձեւակերպումը իրավակիրառողին է վերապահում գնահատելու, թե օրենքով նախատեսված տվյալ հիմքն արդյոք հանգեցնում է եզրակացության ընդունման անհրաժեշտության վերացման։ Նման կարգավորումը չի սահմանում իրավակիրառողի հայեցողության հստակ շրջանակները, ինչի հետեւանքով չի ապահովվում իրավական որոշակիության եւ կանխատեսելիության պահանջը։ Հաշվի առնելով, որ դիմումի քննարկման կարճումը հանգեցնում է վարույթի ավարտին՝ առանց ըստ էության եզրակացության ընդունման, նպատակահարմար է օրենքով հստակ եւ սպառիչ սահմանել կարճման բոլոր հիմքերը։ 11. Նախագծի 12-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասում նոր լրացվող 4.1-ին կետը առաջարկում ենք տեքստից անջատել փակագծով՝ հետեւելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին: 12. Նախագծի 12-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասում լրացնել նոր 4.1-ին կետ, համաձայն որի՝ Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը համարվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգային պարտադիր հարց։ Այսինքն՝ Ազգային ժողովը պարտավոր է առաջին նստաշրջանում քննարկել եւ լուծել Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման հարցը։ Սակայն Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 19.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու նպատակով կարող է ստեղծվել Էթիկայի հանձնաժողով։ Այս կարգավորումների համադրումը ցույց է տալիս, որ Նախագծում առկա է ներքին իրավական հակասություն։ Մի կողմից՝ Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը ներկայացվում է որպես Ազգային ժողովի առաջին նստաշրջանի պարտադիր օրակարգային հարց, ինչը ենթադրում է դրա ձեւավորման անհրաժեշտություն եւ օրենսդրի կամքը՝ հանձնաժողովի անխուսափելի ստեղծման վերաբերյալ։ Մյուս կողմից՝ 19.1-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործված «կարող է ստեղծվել» ձեւակերպումը հանձնաժողովի ստեղծումը ներկայացնում է որպես Ազգային ժողովի հայեցողությանը վերապահված լիազորություն, այսինքն՝ ստեղծումը պարտադիր չէ։ Իրավական որոշակիության սկզբունքից բխում է, որ նույն իրավական ակտի կարգավորումները պետք է լինեն փոխհամաձայնեցված, հստակ եւ բացառեն տարբեր մեկնաբանությունների հնարավորությունը։ Տվյալ դեպքում Նախագծից անհնար է միանշանակ հասկանալ՝ Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը պարտադի՞ր է, թե՞ այն մնում է Ազգային ժողովի հայեցողությանը։ Նման հակասությունը կարող է իրավակիրառման ընթացքում առաջացնել անհստակություն եւ տարաբնույթ մեկնաբանություններ, ուստի նպատակահարմար է վերացնել նշված անհամապատասխանությունը՝ սահմանելով միասնական կարգավորում: 13. Հաշվի առնելով Նախագիծն արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու հանգամանքը՝ նշենք, որ բացակայել է փորձաքննության ենթարկելու համար նախատեսված ժամկետը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության եւ Սահմանադրության 106-րդ եւ 107-րդ հոդվածների տեսանկյունից: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների լիարժեքությունը, համապատասխանությունը միմյանց, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 30.06.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 30.06.2026թ. Ներկայացված Նախագծով առաջարկվում է հաջորդ գումարման Ազգային ժողովի բացման օրվանից հետո ստեղծել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով: Այդ հանձնաժողովի ստեղծման, կազմավորման եւ գործունեության հիմնական առանձնահատկությունները սահմանվում են առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովից առանձին՝ նոր 6.1-ին գլխով: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 1. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) նոր՝ 6.1.-ին գլխի 19.1.ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանվում է, որ. «1. Պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող է ստեղծվել էթիկայի հանձնաժողով: 2. Նորընտիր Ազգային ժողովի առաջին Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է առաջին նստաշրջանում, իսկ նոր Էթիկայի հանձնաժողովը որպես կանոն՝ նախորդ Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ կամ նախորդ Էթիկայի հանձնաժողովի լուծարվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:»: Ներկայացված տեսքով Նախագծի ընդունման, այսինքն՝ փաստացի մշտական հիմունքներով գործելու դեպքում, մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը Էթիկայի հանձնաժողովի գործունեության ապահովման համար կպահանջվեն լրացուցիչ դրամական միջոցներ, որոնք ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված չեն, քանի որ՝ - Նախագծի 18-րդ հոդվածի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից:» (այսինքն՝ 2026թ. օգոստոսի սկզբից), - Նախագծի 17-րդ հոդվածի համաձայն. «Էթիկայի հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում է հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի ստորաբաժանում է, գործում է հանձնաժողովի աշխատակարգով եւ Աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված կարգով՝ հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ: Հանձնաժողովն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ համակարգող փորձագետ, առնվազն երկու փորձագետ (մասնագետ) եւ մեկ գործավար (օգնական): Հանձնաժողովի փորձագետների թիվը կարող է ավելացվել հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ:» (ընդ որում՝ անհայտ է մնում նաեւ, թե այդ քարտուղարության աշխատակիցները պետական ծառայողներ են լինելու, թե ոչ): Ամեն դեպքում, ընթացիկ տարվա ծախսերի հետ կապված խնդիրները համեմատաբար հեշտ հաղթահարելի են: Բավական կլինի ընդամենը Նախագծի 18-րդ հոդվածի որոշ փոփոխությունը, սահմանելով, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2027թ. հունվարի 1-ից, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Էթիկայի հանձնաժողովի քարտուղարության ձեւավորումը (առավել եւս՝ եթե դրանք պետական (քաղաքացիական) ծառայողներ պետք է լինեն) որոշակի (մոտ 2-3 ամիս) ժամանակ է պահանջում: 2. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր՝ 6.1.-ին գլխի 19.1.ին հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ. «Էթիկայի հանձնաժողովը կարող է ունենալ զույգ թվով, բայց ոչ պակաս, քան վեց եւ ոչ ավելի, քան 12 անդամ:», ընդ որում՝ Նախագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ տվյալ կարգավորման նպատակը կայանում է նրանում, որ. «Այդպիսով նաեւ ապահովվում է, որ կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները էթիկայի հանձնաժողովում ունենան հավասար թվով անդամներ:»: Այս կապակցությամաբ հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել հետեւյալ հանգամանքների վրա: ա) Մեջբերված կարգավորումն իր մեջ այսպես կոչված «թվաբանական թակարդ» է պարունակում, քանի որ յուրաքանչյուր նոր Ազգային ժողովի խմբակցությունների թիվը հայտնի է դառնում միայն ընտրություններից հետո, իսկ խմբակցությունների թիվն էլ կարող է լինել ինչպես զույգ, այնպես էլ կենտ: Հետեւաբար, երաշխավորված ձեւով եւ զույգ թվով անդամներ ունեցող Էթիկայի հանձնաժողով ունենալու համար անհրաժեշտ կլինի հատուկ սահմանել, որ յուրաքանչյուր խմբակցություն այդ հանձնաժողովում կարող է նշանակել միայն զույգ թվով անդամներ (քանի որ զույգ թիվ ստանալու համար, ըստ մաթեմատիկական կանոնների, ցանկացած թիվը պետք է բազմապատկել միայն զույգ թվով): Այսինքն, եթե ընտրությունների արդյունքում ԱԺ-ում ձեւավորվել են, օրինակ՝ 4 (կամ որեւէ այլ զույգ թվով) խմբակցություններ, ապա խնդիրներ կարող են չառաջանալ (կմնա միայն նվազագույն եւ առավելագույն սահմանաչափերը պահպանել), իսկ եթե ձեւավորվել են կենտ, օրինակ՝ 5 կամ 7 (կամ որեւէ այլ կենտ թվով) խմբակցություններ, ապա նշված կանոնը կարող է խախտվել: Մասնավորապես, եթե, օրինակ, ձեւավորվի 7 խմբակցություն, ապա մեկական անդամ ներկայացնելու դեպքում հանձնաժողովի ընդհանուր թիվը կլինի 7 (այսինքն կխախտվի զույգ թվով անդամներ ունենալու պահանջը), իսկ եթե ներկայացվեն երկուական անդամներ, ապա հանձնաժողովի թիվը կլինի 14, բայց այս անգամ էլ կխախտվի հանձնաժողովի անդամների առավելագույն սահմանը (12-ը): Տվյալ խնդրի լուծման առումով, կարծում ենք, կարելի է շատ ավելի պարզ կանոն սահմանել՝ երաշխավորելով Հանձնաժողովի՝ զույգ թվով անդամներ ունենալու պահանջը (նաեւ առանց այդ պայմանը նշելու կամ սահմանելու): Մասնավորապես, առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր՝ 6.1.-ին գլխի 19.1.ին հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Խմբակցությունները Էթիկայի հանձնաժողովում նշանակում են երկուական անդամ, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի:», եւ հանել 7-րդ մասի առաջին նախադասությունը (նշված բացառությանը կանդրադառնանք հաջորդ կետում): բ) Ինչ վերաբերում է Նախագծի հիմնավորմամբ նշված այն գաղափարին, որ այդ կարգավորումներով «...ապահովվում է, որ կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները էթիկայի հանձնաժողովում ունենան հավասար թվով անդամներ:», ապա այն փորձ է կատարվել իրացնել Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր՝ 6.1.-ին գլխի 19.1.ին հոդվածի 6-րդ մասում, սահմանելով, որ. «Կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները Էթիկայի հանձնաժողովում ունեն հավասար թվով անդամներ ներկայացնելու իրավունք:»: Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ հավասար թվով անդամներ ներկայացնելու իրավունքը դեռեւս չի երաշխավորում կամ ապահովում, որպեսզի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները Էթիկայի հանձնաժողովում գործնականում ունենան հավասար թվով անդամներ: Վերջինս կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ նորընտիր Ազգային ժողովում ձեւավորվեն հավասար թվով կառավարող եւ ընդդիմադիր խմբակցություններ, իսկ հակառակ դեպքում այդ խմբակցություններն Էթիկայի հանձնաժողովում հավասար թվով անդամներ ունենալ չեն կարող: Օրինակ՝ եթե ԱԺ-ում լինի 1 կառավարող եւ 2 ընդիմադիր խմբակցություն, ինչպես ներկայումս է, ապա ըստ առաջարկվող կարգավորումների Էթիկայի հանձնաժողովում կառավարող խմբակցությունը մշտապես կունենա 2 անգամ քիչ թվով անդամներ, քան ընդդիմադիր խմբակցությունները, եւ այդպես շարունակ: Հետեւաբար, դրված նպատակն իրացնելու համար հարկ կլինի վերախմբագրել Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր՝ 6.1.-ին գլխի 19.1.ին հոդվածի 6-րդ մասը: Այս կապակցությամբ առաջարկում ենք տվյալ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «6. Կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները Էթիկայի հանձնաժողովում ունեն հավասար թվով անդամներ նշանակելու իրավունք: Ընդ որում, եթե կառավարող խմբակցությունների թիվը փոքր է ընդդիմադիր խմբակցությունների թվից, ապա կառավարող խմբակցությունը նշանակում է լրացուցիչ այնքան անդամներ, որ կառավարող խմբակցության անդամների ընդհանուր թիվը հավասարվի ընդդիմադիր խմբակցությունների անդամների ընդհանուր թվին, եւ հակառակը:»: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի, ինչպես նաեւ այլ առումներով լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 30.06.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենք): Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում)՝ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության ներկայումս գործող օրենսդրական կարգավորումների շրջանակում՝ վեցերորդ եւ յոթերորդ գումարման Ազգային ժողովում պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվել: Հետեւաբար, ակնհայտ է, որ նշված ժամանակահատվածում Կանոնակարգի գործող կարգավորումները որեւէ կերպ չեն նպաստել պատգամավորական էթիկայի կանոնների պահպանմանը եւ ենթակա են վերանայման: Միաժամանակ, Հիմնավորման մեջ համեմատելով պատգամավորական էթիկայի կանոնների եւ շահերի բախման համար սահմանված պահանջների պահպանմանն առնչվող ներկայիս եւ մինչեւ 2017թ. մայիսի 18-ը գործող կարգավորումները՝ արձանագրվում է, որ ներկայումս գործող կարգավորումները որեւէ ձեւով չեն նպաստել նշված պահանջների պահպանմանը, իսկ մինչեւ 2017 թվականի մայիսի 18-ը գործող կարգավորումները գործնականում եղել են արդյունավետ, մասնավորապես պայմանավորված հետեւյալ հանգամանքներով՝ - Ազգային ժողովում, ըստ էության մշտապես գործել է էթիկայի հանձնաժողով եւ յուրաքանչյուր ոք հնարավորություն է ունեցել այդ հանձնաժողովի իրավասությանը վերաբերող հարցերով ներկայացնելու դիմում. - Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովում ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացված են եղել հավասար թվով մանդատներով, որն էլ ավելի մեծ վստահություն է հաղորդել այդ հանձնաժողովի ընդունած որոշումներին. - թեեւ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի որոշումները եւ եզրակացություններն առանց որեւէ կարգապահական միջոցի կիրառման հրապարակվել են Ազգային ժողովի նիստում, սակայն այդ հանգամանքն արդեն իսկ փաստացի ազդեցություն է ունեցել կատարված խախտումների վերաբերյալ հանրության կարծիքի արտացոլման համար, ինչպես նաեւ ունեցել է կանխարգելիչ նշանակություն: Նախագծով առաջարկվում է հաջորդ գումարման Ազգային ժողովի բացման օրվանից հետո ստեղծել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով: Այդ հանձնաժողովի ստեղծման, կազմավորման եւ գործունեության առանձնահատկությունները կսահմանվեն Օրենքում նոր լրացվելիք 6.1 գլխով: Այսպիսով, Նախագծի համաձայն՝ «Նորընտիր Ազգային ժողովի առաջին Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է առաջին նստաշրջանում, իսկ նոր Էթիկայի հանձնաժողովը որպես կանոն՝ նախորդ Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ կամ նախորդ Էթիկայի հանձնաժողովի լուծարվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում»: Վերոնշյալ կարգավորման նպատակն է ապահովել նույն գումարման ընթացքում Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի գործունեության անընդհատությունը: Ակնկալվում է, որ Նախագծի ընդունումը կհանգեցնի Ազգային ժողովում պատգամավորական էթիկայի կանոնների եւ շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջների պահպանման նկատմամբ մշտապես գործող վերահսկողության համակարգի ներդրմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի հմապատասխան խախտումների կանխարգելմանը եւ Ազգային ժողովի նկատմամբ հանրության վստահության ավելացմանը: Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը. Նախագծի 17-րդ հոդվածով Օրենքի 162-րդ հոդվածում լրացվելիք 6-րդ մասի համաձայն. «Էթիկայի հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում է հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի ստորաբաժանում է, գործում է հանձնաժողովի աշխատակարգով եւ Աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված կարգով՝ հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ: Հանձնաժողովն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ համակարգող փորձագետ, առնվազն երկու փորձագետ (մասնագետ) եւ մեկ գործավար (օգնական): Հանձնաժողովի փորձագետների թիվը կարող է ավելացվել հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ»: Հաշվի առնելով Հիմնավորման մեջ բերված՝ էթիկայի հանձնաժողովին հասցեագրված դիմումների, վերջինիս կողմից փաստացի քննված դիմումների քանակի վերաբերյալ վիճակագրական տվյալները (օրինակ՝ 31.05.2012-27.06.2014թթ.՝ գրեթե երկու տարվա ընթացքում, Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի կողմից փաստացի քննվել է ընդամենը 8 դիմում), ինչպես նաեւ այն հանգամանքը, որ նոր էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է նաեւ նախորդ էթիկայի հանձնաժողովի լուծարվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում՝ այսինքն մոտ երեք ամիս կարող է էթիկայի հանձնաժողով չլինել, կարծում ենք, որ կարող է խնդիր առաջանալ էթիկայի հանձնաժողովի քարտուղարության աշխատողների զբաղվածության եւ վերջիններիս վարձատրությունը շարունակվելու առումով: Եզրահանգում
Վերոնշյալ նկատառումը հաշվի առնելու դեպքում՝ Նախագիծը կարող է որոշ լրամշակման կարիք ունենալ:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 25.06.2026թ.
|