ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1367-11.06.2026-ՊԱ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1367-11.06.2026-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր 462.1-ին հոդված, հետեւյալ բովանդակությամբ՝ «1. Զինապարտ քաղաքացու կողմից պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը, ինչպես նաեւ նշանակված հետազոտության կամ փորձաքննության շրջանակներում հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը՝ պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարած քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մինչդատական վարույթի կամ դատական վարույթի ընթացքում կամավոր անցել է առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն կամ նշանակված հետազոտության կամ փորձաքննության շրջանակներում կամավոր տվել է հետազոտման համար անհրաժեշտ նմուշը:»: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությամբ մեղադրյալի վրա դրվել են որոշակի դատավարական պարտականություններ, այդ թվում՝ քննման եւ փորձաքննության ենթարկվելու, ինչպես նաեւ փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ հանձնելու պարտականությունները։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Մեղադրյալը պարտավոր է՝ 1) ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով. 2) վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական զննման, մատնադրոշմման, անձնական խուզարկության, քննման եւ փորձա՟քննու՟թյան, լուսանկարվել կամ փորձաքննության համար հանձնել սույն օրենս՟գրքով նախատեսված նմուշներ. ( )»: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «7. Ֆիզիկական հարկադրանքը, անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով, թույլատրելի է միայն այն անձի նկատմամբ, որը կամավոր չի կատարում իր անձնական անձեռնմխելիությանը միջամտող՝ իրավասու անձի իրավաչափ կարգադրությունը:»: Ինչպես նշվեց, օրենսդիրը նախատեսել է նաեւ այդ պարտականությունների չկատարման դեպքում կիրառելի իրավական միջոցներ եւ անբարենպաստ հետեւանքներ, որոնք առավել քան համապատասխան են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) ձեւավորած նախադեպային իրավունքին: Մասնավորապես, ՄԻԵԴ-ի մոտեցումների համաձայն՝ որոշակի դեպքերում պետությունը կարող է անձի կամքին հակառակ իրականացնել բժշկական հետազոտություն, փորձաքննություն կամ նմուշառում, սակայն նման միջամտությունը պետք է հիմնված լինի համաչափության սկզբունքի վրա։ Այդ առնչությամբ գնահատման ենթակա են, մասնավորապես, միջամտության իրավական հիմքի բավարար որոշակիությունն ու կանխատեսելիությունը, հետապնդվող նպատակի հանրային նշանակությունը, անձի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիությանը պատճառվող միջամտության աստիճանը, ինչպես նաեւ համապատասխան ընթացակարգային երաշխիքների եւ արդյունավետ վերահսկողության մեխանիզմների առկայությունը։ Նշված պահանջների չպահպանման դեպքում կարող են առաջանալ Մարդու իրավունքների եւ համընդհանուր ազատությունների եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորված իրավունքների խախտման հարցեր, այդ թվում՝ մասնավոր կյանքի հարգանքի իրավունքի, իսկ որոշ դեպքերում նաեւ խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքի տեսանկյունից: ՄԻԵԴ-ը նշել է, որ անձի կամքին հակառակ բժշկական միջամտությունները՝ քրեական վարույթի շրջանակում ապացույցներ ձեռք բերելու նպատակով, ինքնին չեն հակասում Կոնվենցիային, սակայն դրանց իրավաչափությունը ենթակա է համակողմանի գնահատման՝ հաշվի առնելով միջամտության անհրաժեշտությունը, համաչափությունը, առողջական ռիսկերը, իրականացման եղանակը եւ ընթացակարգային երաշխիքների առկայությունը։[1] Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությամբ արդեն իսկ ձեւավորված է համապատասխան քրեադատավարական գործիքակազմ, որը նախատեսված է քրեական վարույթի շրջանակներում անձի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար եւ միաժամանակ կառուցված է դատավարական երաշխիքների համակարգի վրա։ Մասնավորապես, նշված գործիքակազմը ներառում է ինչպես պարտականությունների պարտադիր բնույթը, այնպես էլ դրանց չկատարման դեպքում կիրառվող դատավարական հարկադրանքի միջոցները՝ վերջիններիս կիրառման հստակ սահմանված պայմաններով եւ համաչափության ու անհրաժեշտ նվազագույն միջամտության սկզբունքների պահպանմամբ։ Մինչդեռ Նախագծով առաջարկվող կարգավորման շրջանակում նախատեսվող քրեական պատասխանատվության սահմանումը՝ որոշ դատավարական պարտականություններից խուսափելու համար, կարող է դիտարկվել որպես գործող քրեադատավարական մեխանիզմների շրջանակից դուրս լրացուցիչ քրեաիրավական ներգործության միջոցի նախատեսում, ինչը կարող է ռիսկային համարվել քրեադատավարական երաշխիքների շրջանցման տեսանկյունից եւ պահանջում է առավել խորքային հիմնավորում՝ դրա անհրաժեշտության տեսանկյունից։ Բացի այդ, Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակներն են` վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին եւ կանխել հանցագործությունները:»: Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 462.1-ին հոդվածով նախատեսվող հանցակազմից բխում է, որ նրա համար նախատեսվող պատիժը չի սպասարկելու Օրենսգրքի 55-րդ հոդվածի նպատակները, այլ միայն սպառնալիք է հանդիսանալու սուբյեկտի համար իր վրա դրված պարտականության կատարումն իրականացնելու: Այս մասին վկայում է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 462.1-ին հոդվածի 2-րդ մասի խրախուսական դրույթի ներառումը: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ հիմնավորված չէ կոնկրետ հանցանքներով ապացուցողական գործողություն հանդիսացող փորձաքննությունից հրաժարվելու, խուսափելու կամ հետազոտման նմուշ տրամադրելուց խուսափելու կամ հրաժարվելու քրեականացումը, այն պարագայում, երբ առկա են առավել բարձր վտանգավորություն ունեցող ծանր, առանձնապես ծանր հանցանքներ, որոնց վերաբերյալ վարույթներով փորձաքննության իրականացման խոչընդոտումը չի քրեականացվել: Ուստի առաջարկում ենք վերանայել նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 462.1-ին հոդվածի 1-ին մասը: 2. Անհրաժեշտ ենք համարում նշել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ բաժինը, որը վերաբերում է քրեական վարույթի ընթացքում իրականացվող ապացուցողական գործողություններին, իրենում ներառում է միայն քննչական գործողությունների, գաղտնի քննչական գործողությունների եւ փորձաքննության վերաբերյալ կարգավորումները։ Ուստի այս համատեքստում առաջարկում ենք Նախագծում նախատեսված «առողջական վիճակի հետազոտություն» եւ «նշանակված հետազոտություն» բառերը հանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առողջական վիճակի հետազոտությունը, ըստ էության, ընդգրկվում է փորձաքննության շրջանակներում իրականացվող ապացուցողական գործողություններում եւ որպես առանձին ապացուցողական գործողություն սահմանված չէ։ 3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 462.1-ին հոդվածի 2-րդ մասում նախատեսված խրախուսական նորմի կիրառման պայմանները հստակեցնել, քանի որ նախատեսված խմբագրության պայմաններում անձը հնարավորություն է ունենալու անցնել փորձաքննություն մինչդատական կամ դատական վարույթի ցանկացած փուլում: Մինչդեռ քրեադատավարական փուլային մոդելը որոշակի ժամանակակետից ավարտում է ապացույցների հետազոտումը (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդված) եւ կարեւոր է փորձագիտական եզրակացության որպես ապացույցի ներկայացումը եւ հետազոտումը մինչ այդ փուլի ավարտը: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է հստակեցնել նաեւ, թե նշված խրախուսական նորմը անձի նկատմամբ կիրառելի է Օրենսգրքի 461-463-րդ հոդվածնորվ նախաձեռնված քրեական վարույթի մինչդատական եւ դատական վարույթների շրջանակում, թե՞ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 462.1-ին հոդվածի շրջանակներում հարուցված քրեական վարույթի ընթացքում։ Որպես այս դիտարկումների լրամշակման օրինակելի մոդել առաջարկում ենք դիտարկել Օրենսգրքի 504-րդ հոդվածի 4-րդ մասի խրախուսական նորմի ձեւակերպումը, որը համանման կերպով վերաբերում է զուգահեռ ընթացող քրեական վարույթներին: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք լրամշակել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 462.1-ին հոդվածի 2-րդ մասը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը, հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը Օրենսգրքի եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248) Գ.Մուրադյան (հեռ.` 011-513-248) 22.06.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248) Գ.Մուրադյան (հեռ.` 011-513-248) 22.06.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել, որ զինապարտ քաղաքացու կողմից պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելը կամ խուասփելը, ինչպես նաեւ նշանակված հետազոտության կամ փորձաքննության շրջանակներում հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով: Նախագծով ամրագրվում է նաեւ մինչդատական վարույթի կամ դատական վարույթի ընթացքում քաղաքացուն քրեական պատասխանատվությունից ազատելու պայմանները: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 15.06.2026թ.
ԱԺ պատգամավորի կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում՝ պատասխանատվություն սահմանելով քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց, ինչպես նաեւ հետազոտման նպատակով նմուշ տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար: Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով ազատումների եւ տարկետումների վերլուծությունը, գրեթե բոլոր զորակոչերի ժամանակ բացահայտվող՝ ազատումների եւ տարկետումների որոշակի մասը կեղծ բժշկական փաստաթղթերի հիման վրա իրականացված լինելու, ինչպես նաեւ հարուցված քրեական վարույթների ընթացքում այդ ազատումների եւ տարկետումների հիմնավորվածությունը ստուգելու նպատակով նշանակված առողջական վիճակի հետազոտություններից կամ փորձաքննություններից քաղաքացիների հրաժարվելու հանգամանքներն ակնհայտ են դարձրել, որ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրորեն լուծել առկա խնդիրն այն դեպքերի մասով, երբ քաղաքացին համապատասխան զորակոչից կամ վարժական հավաքից ազատվել կամ տարկետում է ստացել առողջական վիճակի վերաբերյալ կեղծ (ոչ իրական հիվանդության) բժշկական փաստաթղթերի հիման վրա, եւ այդ հանգամանքը չբացահայտելու նպատակով հրաժարվում է լրացուցիչ հետազոտում եւ փորձաքննություն անցնելուց կամ հետազոտման համար նմուշ տալուց: Ակնկալվում է, որ Նախագծի ընդունման արդյունքում կնվազեն կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման դեպքերը, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռվի արդարացի քրեաիրավական գնահատական տալ նախկինում այդպիսի հիմքերով զինվորական ծառայություն չանցած անձանց գործողություններին: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 23.06.2026թ. -------------------------------------------------------------------------------- [1] Տե՛ս Ջալլոհն ընդդեմ Գերմանիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 11.07.2006 թվականի վճիռը https://hudoc.echr.coe.int/eng?i=001-76307
|