ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001թ. կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1365-04.06.2026-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001թ. կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1365-04.06.2026-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում առաջարկում ենք «2001Թ.» ձեւակերպումը փոխարինել «թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածում առկա «2001թ.» ձեւակերպմանը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ  առաջարկում ենք ներկայացված առաջարկության հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորման համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Լ.Պետրոսյան (հեռ.՝ 011-513-248) 

                  Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248)

16.06.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Լ.Պետրոսյան (հեռ.՝ 011-513-248) 

                  Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248)

16.06.2026թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001թ. կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա), որը մասնակից պետությունների համար ստեղծում է իրավական շրջանակ՝ ստորջրյա ժառանգությունն ավելի լավ ճանաչելու, հետազոտելու եւ պաշտպանելու համար՝ միաժամանակ ապահովելով դրա պահպանումն ու կայունությունը:

Ստորջրյա մշակութային ժառանգություն հասկացությունը, ըստ Կոնվենցիայի, ներառում է մարդկային գոյության բոլոր այն հետքերը՝ մշակութային, պատմական կամ հնագիտական բնույթի, որոնք առնվազն 100 տարի շարունակ մասամբ կամ ամբողջությամբ, պարբերաբար կամ մշտապես, գտնվել են օվկիանոսների, լճերի եւ գետերի ջրի տակ (ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ Սեւանա լճում եւ Հայաստանի մի շարք այլ ջրային ավազաններում ներկայումս առկա է Կոնվենցիայով պաշտպանության ենթակա մշակութային շերտ, որի պաշտպանության հետ կապված հարցերը իրավական կանոնակարգման կարիք ունեն):

Կոնվենցիայով առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով (մասնավորապես՝ Կոնվենցիայի 21-րդ հոդվածը եւ Հավելվածի V-րդ գլուխը):

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

05.06.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2001 թվականի նոյեմբերի 2-ին Փարիզում ընդունված «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա)՝ ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության ապահովման եւ ամրապնդման նպատակով:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2009թ. հունվարի 2-ին: Ներկայումս Կոնվենցիայի կողմ են հանդիսանում 76 պետություն: 

Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝

- ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում համագործակցել այն պետությունների հետ, որոնք համաձայնել են, որ Կոնվենցիան պարտադիր է իրենց համար, եւ որոնց համար Կոնվենցիան գործում է,

- պահպանել ստորջրյա մշակութային ժառանգությունն ի շահ մարդկության՝ Կոնվենցիայի դրույթների համաձայն,

- Կոնվենցիային եւ միջազգային իրավունքին համապատասխան՝ առանձին կամ մյուս Կողմ պետությունների հետ, ըստ անհրաժեշտության, ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները, որոնք անհրաժեշտ են ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության համար՝ այդ նպատակով Հայաստանի Հանրապետության տրամադրության տակ գտնվող լավագույն  իրագործելի միջոցների օգտագործմամբ եւ Հայաստանի Հանրապետության կարողություններին համապատասխան:

Կոնվենցիային միանալը կընդլայնի մշակութային ոլորտում Հայաստանի համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ կազմակերպության անդամ պետությունների հետ, ինչպես նաեւ կընձեռի հնարավորություն Հայաստանի՝ միջազգային տարբեր մարմիններում անդամակցության թեկնածության օգտին փոխանակումների ձեւաչափով ձայներ ստանալու համար:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

16.06.2026թ.