ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1363-27.05.2026-ՊԱ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1363.1-27.05.2026-ՊԱ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1363.2-27.05.2026-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1363-27.05.2026-ՊԱ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1363.1-27.05.2026-ՊԱ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1363.2-27.05.2026-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվող «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) ) 29-րդ հոդվածում նոր լրացվող 5-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմնի (ոստիկանության)՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը, վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնվում է առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, եւ սահմանվում է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամները՝ որակավորման քննություններ հանձնելուց հետո:»: Հարկ ենք համարում նշել, որ սույն մասում կիրառվող «մեկ անգամ» հասկացությունը իրավակիրառ պրակատիկայում կարող է խնդիր առաջացնել, քանզի տարընկալման տեղիք է տալիս՝ նույն փաստական հանգամանքների նկատմամբ միայն մեկ անգամ կարող է անձի նկատմամբ կիրառվել այս կարգավորումը եւ  իրավասու մարմնի կողմից վարելու իրավունքից զրկելու յուրաքանչյուր նոր որոշման համար այն կարող է կիրառվել, թե այն ընդհանրապես նույն անձի նկատմամբ միայն մեկ անգամ կարող է կիրառվել: Առաջարկում ենք սույն ձեւակերպումը հստակեցնել՝ տարաբնույթ մեկնաբանումը բացառելու նպատակով:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվող հղումը առաջարկում ենք շտկել եւ դրա հիման վրա վերանայել կարգավորումը, քանզի Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում բացակայում է 2-րդ կետը, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

03.06.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

03.06.2026թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը՝ ներդնելով նոր ընթացակարգ: Մասնավորապես, վերջինիս համաձայն, վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու դեպքում, թույլատրվում է մեկ անգամ վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, եւ սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամ՝ վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո: Բացի այդ, փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն նախատեսվում է հատկացնել 6 միավոր, իսկ փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով: Վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը զրկման ժամկետի ավարտից հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու եւ փորձաշրջան սահմանելու համար սահմանվում է  պետական տուրք՝ հիսուն հազար դրամի չափով::

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

01.06.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացվել է ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Ներկայացված Նախագծերի փաթեթն ենթարկվել է համապարփակ ուսումնասիրության եւ վերլուծության, դիտարկվելով ինչպես սոցիալական արդարության, սոցիալական հավասարության, այնպես էլ՝ սոցիալական ազդեցության գնահատման ու սոցիալական բացասական հետեւանքների առաջացման կանխման հայեցակարգերի համատեքստում, որի արդյունքները  ներակայացնում ենք ստորեւ: 

Նախագծերի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումներով ամրագրված իրավադրույթներից բխող հայեցակարգային սկզբունքներն ու նպատակները, մասնավորապես, համաձայն որոնց կարգավորվում են ճանապարհային երթեւեկության անվտանգության եւ վարորդի ռեաբիլիտացիայի ապահովման վերաբերյալ հիմնահարցերը, համահունչ են սույն ոլորտը կանոնակարգող ինչպես ներպետական, այնպես էլ մի շարք միջազգային իրավական ակտերով ամրագրված իրավակարգավորումներից բխող սոցիալական հիմնախնդիրներին առնչվող հայեցակարգային հիմնադրույթներին, մասնավորապես՝ Նախագծերի փաթեթը համահունչ է «Ճանապարհային երթեւեկության մասին» Վիեննայի կոնվենցիայով, «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» Վիեննայի կոնվենցիայով, «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» Եվրոպական համաձայնագրով եւ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» Եվրոպական համաձայնագրով ամրագրված իրավադրույթներին, բացի այդ հավելենք, որ Նախագծերի փաթեթն ուղղակիորեն  բխում է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության Համաձայնագրով (CEPA) ամրագրված միջազգային իրավանորմերով սահմանված չափանիշներից:

Հիմք ընդունելով իրականացված սոցիալական փորձաքննության արդյունքները՝ նշենք, որ ներկայացված Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման  կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ  ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Ա. Քոչարյան (հեռ.՝ 011-513-235)

01.06.2026թ.