ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1337-21.04.2026-ԳԿ-011/0), «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13371 -21.04.2026-ԳԿ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13372 -21.04.2026-ԳԿ-011/0), «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13373 -21.04.2026-ԳԿ-011/0), «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13374 -21.04.2026-ԳԿ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13375 -21.04.2026-ԳԿ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1337-21.04.2026-ԳԿ-011/0), «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13371 -21.04.2026-ԳԿ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13372 -21.04.2026-ԳԿ-011/0), «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13373 -21.04.2026-ԳԿ-011/0), «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13374 -21.04.2026-ԳԿ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13375 -21.04.2026-ԳԿ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի 1-ին կետում առաջարկում ենք «1.1-րդ» գրելաձեւը, 7-րդ հոդվածի 2-րդ կետում «7.1-րդ» գրելաձեւը, 4-րդ կետում «9.1-րդ» գրելաձեւը, 8-րդ հոդվածի 1-ին կետում «1.1-րդ» գրելաձեւը, 3-րդ կետում «31.1-րդ» գրելաձեւը, 11-րդ հոդվածի 1-ին կետում «2.1-րդ» գրելաձեւը, 2-րդ կետում «7.1-րդ» գրելաձեւը, 13-րդ հոդվածի 3-րդ կետում «4.1-րդ» գրելաձեւը փոխարինել համապատասխանաբար «1.1-ին», «7.1-ին», «9.1-ին», «1.1-ին», «31.1-ին», «2.1-ին», «7.1-ին», «4.1-ին» գրելաձեւերով՝ պահպանելով դասական թվականների ճիշտ գրելաձեւը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածում նշված «5.1-րդ», «6.1-րդ» գրելաձեւերին: 2. Նախագիծ 14-րդ հոդվածի 5-րդ կետով «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի 12-րդ մասը լրացվում է նոր՝ հետեւյալ նախադասությամբ. «Մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին անձը կարող է մասնակցել միայն պարտադիր ատեստավորման դրական արդյունք ստանալու դեպքում»: Միաժամանակ, գործող Օրենքի 35-րդ հոդվածի 12-րդ մասով ամրագրված է, որ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատվելու դեպքում անձի մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքը չի սահմանափակվում։ Այս համատեքստում Նախագծով առաջարկվող կարգավորումը, կարծում ենք՝ կարող է խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից։ Մասնավորապես, Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի համաձայն՝ «ՄՈՒՀ մանկավարժական աշխատողի ատեստավորում»-ը դասախոսի, վարպետի կամ հրահանգչի աշխատանքային կարողունակությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց է։ Մինչդեռ Նախագծով պարտադիր ատեստավորման դրական արդյունքի պահանջը սահմանվում է որպես մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու նախապայման։ Այս առումով որոշակի չէ, թե ինչ կարգավիճակում գտնվող անձանց է վերաբերում նշված պահանջը։ Եթե անձն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ տվյալ պահին որեւէ մանկավարժական պաշտոն չի զբաղեցնում, ապա պարզ չէ, թե ինչ ընթացակարգով եւ որ պաշտոնի նկատմամբ պետք է գնահատվի նրա համապատասխանությունը։ Բացի այդ, եթե առաջարկվող կարգավորումը վերաբերում է սուբյեկտների որոշակի շրջանակի, ապա վերջինս եւս Նախագծով հստակեցված չէ, ինչը կարող է հանգեցնել իրավակիրառական տարաբնույթ մեկնաբանությունների։ Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագիծ 14-րդ հոդվածի 5-րդ կետով Օրենքի 35-րդ հոդվածի 12-րդ մասում լրացվող նոր նախադասությունը իրավական որաշակիության ապահովման նպատակով: 3. «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` «Օրենք»)» ձեւակերպումը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Կրթության մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում: Նույն առաջարկությունը վերաբերելի է նաեւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի 1-ին հոդվածներում նշված «(այսուհետ` «Օրենք»)» ձեւակերպումներին: 4. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված «ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կատարել միայն փոփոխություն: Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»: 5. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում սահմանված է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը, որի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:»: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածում սահմանված են վճարի տեսակները, որի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են` 1) պետական վճարներ, որոնց տեսակներն են՝ ա. պետական տուրքը, (...)»: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված վճար՝ պետական տուրք, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում նշված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման համար ( ) եւ միջին կրթական ծրագրի իրականացման համար ( ) : Այդպիսի դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարող ենք փաստել, որ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը կարող է ուժի մեջ մտնել օրենքի ընդունման օրը ներառող հարկային տարվան՝ 2026 թվականին, հաջորդող հարկային տարվա՝ 2027 թվականի սկզբից: Մինչդեռ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում քննարկվող «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանված է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված ժամկետը՝ համապատասխանեցնելով այն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված դրույթների ընդունման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներին: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Լ.Պետրոսյան (հեռ.` 011-513-248), 12.05.2026թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Լ.Պետրոսյան (հեռ.` 011-513-248), 12.05.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 1) հստակեցնել մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) կրթական ծրագրերի եւ որակավորումների լիցենզավորման պահանջները եւ սահմանել նոր պայմաններով պայմանավորված աստիճանական անցման նախապայմանը, 2) վերանայել ՄԿՈՒ ոլորտում ֆինանսավորման քաղաքականությանը: Ներկայումս դրանք տարանջատվում են սոցիալական խմբերի ներկայացուցիչների կրթության ընդգրկվածությանն աջակցելու եւ գերակա ոլորտներում որակավորված մասնագետների պատրաստելու նպատակին, իսկ մասնագիտական կրթության մակարդակներում պետության համար առաջնահերթություն եւ կարեւորություն ներկայացնող ոլորտների (գերակա ոլորտ) որակավորներով (ուղղվածությամբ) հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տարեկան տրամադրվում է ֆինանսավորում: Սակայն այս դրույթը նոր օրենքում չի սահմանվել: ՄԿՈՒ օրենքի 18-րդ հոդվածում լրացում կատարելով կոնկրետացվել է Կառավարությանը վերապահված նշված լիազորությունը: Լրացում է կատարվել նաեւ «լրիվ կամ մասնակի» կրթաթոշակ կամ ծախսերի փոխհատուցում եզրույթներում՝ «լրիվ» բառի կողքը լրացնելով «(ամբողջական)» բառը, քանի որ կրթության ոլորտի ֆինանսավորման տարբեր ակտերում կիրառվում է երկու տերմինն էլ, 3) հստակեցնել ՄԿՈՒ համակարգում ներառական կրթության ներդման ու մանակավարժահոգեբանական եւ այլ ծառայությունների կազակերպման հարաբերություններում: ՄԿՈՒ օրենքում այդ հարաբերությունները նույնականացվել էին «Հանրակրթության մասին» օրենքի կարագավորումների հետ, սակայն հաշվի առնելով ՄԿՈՒ ոլորտի առանձնահատկությունները, անհրաժեշտություն է առաջացել սահմանելու առանձին կարգավորում, 4) հստակեցնել կրթության հիմքով մասնագիտական կրթության որակավորումներով կրթություն ստացող շրջանավարտներին ավարտական փաստաթուղթ շնորհելու հարցը, 5) լրամշակել ՄԿՈՒ համակարգի մանակավարժական աշխատողների ատեստավորման եւ տարակարգի շնորհման, հավելավճարի սահմանման եւ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու հարցերը՝ հաշվի առնելով հանրակրթության եւ ՄԿՈՒ համակարգում ընթացող գործընթացները: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 30.04.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում (այսուհետ՝ ՄԿՈՒ օրենք), ինչպես նաեւ փոփոխություններ եւ լրացումներ կատարել մի շարք հարակից այլ օրենքներում: Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 22.05.2024թ. ընդունված «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» նոր օրենքի դրույթների ներդրման եւ ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքների ընթացքում վերհանված, շահառուների բարձրացրած խնդիրները, ինչպես նաեւ կրթության ոլորտի ֆինանսավորման քաղաքականության մոտեցումներն ամրագրելու հանգամանքով: Նախագծերի փաթեթով մասնավորապես առաջարկվում է՝ - ապահովել լիցենզավորման կազմակերպման բնականոն ընթացքը ոլորտային որակավորումների շրջանակներին եւ որակավորումների շրջանակային նկարագրերին աստիճանական անցմանը համընթաց. - սահմանել մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգում մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման կարգը, որում հաշվի կառնվեն որակավորումների առանձնահատկությունները. - հստակեցնել մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգում ներառական կրթության ներդրման հետ կապված հարաբերությունները. - հստակեցնել տարբեր պատճառներով մասնագիտական կրթությունն անավարտ թողած եւ հանրակրթական պարտադիր կրթության ծրագրում ընդգրկվելու իրավունքի հարցը՝ դրա որոշումը կայացնելու իրավունքը թողնելով ուսանողին. - ամրապնդել պետության համար գերակա եւ առաջնահերթ ոլորտներում մասնագիտական կադրերի խրախուսման եւ աշխատաշուկային համապատասխան կրթության կազմակերպման քաղաքականությունը. - սահմանել եւ փաստաթղթավորել հիմնական կրթության հիմքով մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության արդյունքները, այդ թվում՝ պարտադիր կրթության մասով: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 29.04.2026թ.
|