ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1356-14.05.2026-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1356.1-14.05.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1356.2-14.05.2026-ՏՏԳՇ-011/0), «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1356.3-14.05.2026-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Ծովինար Վարդանյանի եւ Էսթեր Այվազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1356-14.05.2026-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1356.1-14.05.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1356.2-14.05.2026-ՏՏԳՇ-011/0), «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1356.3-14.05.2026-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով կատարվում է ընդամենը մեկ լրացում, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, որով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթի բոլոր նախագծերի վերնագրերին, որոնք ճիշտ չեն արտացոլում տվյալ նախագծի բովանդակությունը: 2. Նախագծի 1-ին հոդվածում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի պահանջն առ այն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:»: 3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում՝ ««Բռնելու, ստերջացման, պատվաստման եւ նույն տարածք վերադարձի» ծրագրերի» արտահայտությունը առաջարկում ենք համապատասխանեցնել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ կետում կիրառվող «բռնելու, ստերջացման, պատվաստման եւ նույն տարածք վերադարձի ծրագրերը» ձեւակերպմանը՝ ապահովելով «Նորատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: 4. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելիս առաջարկում ենք դրանում նշված 1-ին եւ 2-րդ կետերը սահմանել որպես առանձին մասեր՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դրանք իրենց բովանդակային առումով 1-ին մասից բխող բաղկացուցիչ կետեր չեն հանդիսանում: 5. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 3-րդ մասի 17-րդ կետի համաձայն՝ «Արգելվում է նաեւ՝ ( ) 17) կենդանուն օրվա ընթացքում 12 ժամից ավելի կապի վրա պահելը»: Հարկ ենք համարում նշել, որ այս արգելված գործողությունը կատարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով վարչական պատասխանատվություն է նախատեսված: Կարծում ենք՝ այս ձեւակերպմամբ, նշված գործողության կատարումից ձեռնպահ մնալու նկատմամբ հսկողություն իրականացնելն ու նրա կատարված լինելն ապացուցելը իրատեսական չէ եւ պարտասխանատվություն սահմանելիս այն պետք է հաշվի առնվի: 6. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերով որպես արգելվող գործողություն սահմանված է. «4) կենդանուն կանխամտածված կամ անփութորեն լքելը. 5) կենդանուն լքելն իր կենսագործունեության հետ անհամատեղելի միջավայրում.» Այսպես՝ վերը մեջբերված 4-րդ կետն իր մեջ ներառում է կենդանուն լքելու ցանկացած դեպք, այդ թվում՝ 5-րդ կետում նշված իր կենսագործունեության հետ անհամատեղելի միջավայրում լքելու դեպքը, հետեւաբար այդ դեպքն առանձին սահմանելու անհրաժեշտություն առկա չէ: Այս համատեքստում հարկ է նկատել, որ Օրենքի գործող 9-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված կենդանուն իր կենսագործունեության հետ անհամատեղելի միջավայրում թողնելու վերաբերյալ արգելքն առավել նախընտրելի է իմաստային առումով: 7. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը եւ նույն հոդվածի 6-րդ մասն ունեն նույն բովանդակությունը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները»: Առաջարկում ենք բացառել Նախագծի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի միջեւ հակասության առկայությունը: 8. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 16-րդ հոդվածում նոր լրացվող 10-րդ մասի համաձայն՝ «Կացարանները պարտավոր են ներկայացնել հրապարակային հաշվետվություն Կառավարության սահմանված կարգով, որը պետք է ներառի կենդանու նկարը, սեռը, տարիքը (մոտավոր), ինչ առողջական խնդիրներով է հայտնվել կացարանում, ինչ անասնաբուժական միջամտություններ են կատարել կացարան հայտնվելուց հետո, անասնաբուժական անամնեզի պատմությունը, ինչ դեղամիջոցներով ինչ բուժում է ստացել կամ ստանում, պիտակի համարը, որտեղից է բռնվել եւ որտեղ է բաց թողնվել:»: Միեւնույն ժամանակ Օրենքի 10-րդ հոդվածով Կառավարության լիազորությունները նախատեսելիս սահմանված չէ կացարանների կողմից հրապարակային հաշվետվության ներկայացման կարգ սահմանելու լիազորություն: Հետեւաբար առաջարկում ենք համապատասխան լրացում նախատեսել Օրենքի 10-րդ հոդվածում: 9. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: Ելնելով այն հանգամանքից, որ Նախագծի 8-րդ հոդվածի կատարումն հնարավոր է միայն Կառավարության կողմից համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունելու դեպքում, իսկ 3-րդ հոդվածով պետական լիազոր մարմինը լիազորվում է սահմանել կացարաններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգ՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու միջոցով՝ առաջարկում ենք Նախագծով նախատեսել այդ ակտերի ընդունման ժամկետներին վերաբերող անցումային դրույթներ: 10. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը շարադրելիս «վերաբերյալ» բառից հետո շարադրել «Հայաստանի Հանրապետության» բառերը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջից այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջին անհամապատասխանության տեսանկյունից խնդիր առկա է նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի լրիվ անվանումը շարադրելու հաջորդականության հետ կապված, հետեւաբար առաջարկում ենք շտկել դա եւս: 11. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը», ինչպես նաեւ այն հանգամանքը, որ «Օրենսգիրք» բառն այդ նախագծում այլեւս չի կիրառվում: 12. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 113-րդ հոդվածի մասերը համարակալելիս առաջարկում ենք բացառել լրացուցիչ համարների կիրառումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված է լրացուցիչ համարների կիրառման միայն մեկ դեպք, եւ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու դեպքը դրանում նշված չէ: 13. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 113-րդ հոդվածում առաջարկում ենք վերանայել 16-րդ եւ 16.1-ին մասերի ներառումը, քանզի Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածում նախատեսված չի լինելու մարդկանց կամ գույքը չվնասելու միջոցառումների ձեռնարկման տնային կենդանի պահողի պարտականությունը: Հետեւաբար ստեղծվում է իրավական անհամապատասխանություն, երբ վարչական պատասխանատվություն է սահմանվում այնպիսի պարտականության չկատարման համար, որը տվյալ անձի վրա օրենքով ուղղակիորեն դրված չէ։ Պատասխանատվության հիմքում դրվում է ոչ թե օրենքով հստակ ամրագրված իրավական պարտականության խախտումը, այլ փաստացի ենթադրվող վարքագիծը, ինչը կարող է հակասել իրավական որոշակիության եւ կանխատեսելիության սկզբունքներին։ Ուստի առաջարկում ենք վերանայել նշված կարգավորումները՝ ապահովելու համար նյութական նորմերի եւ պատասխանատվություն սահմանող դրույթների միջեւ անհրաժեշտ համակարգային եւ բովանդակային համապատասխանությունը։ 14. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանարպետության վարչական դատավարության օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 216.6-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական կազմակերպությունները իրավունք են ձեռք բերում կենդանիների պաշտպանության ոլորտի հարցերով իրենց շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնել: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի տրամաբանությունը հիմնված է այն սկզբունքի վրա, որ դատարան դիմելու իրավունք ունի այն անձը, որի սուբյեկտիվ իրավունքը կամ օրինական շահը խախտվել է։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է այդ մոտեցումից բացառություններ՝ շրջակա միջավայրի պահպանության եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտներում հասարակական կազմակերպությունների կողմից հանրային շահի պաշտպանության նպատակով հայց հարուցելու հնարավորությամբ։ Միեւնույն ժամանակ, actio popularis սկզբունքը հայկական իրավակարգում չի ճանաչվում որպես անսահմանափակ իրավունք։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը ՍԴՈ-906 որոշմամբ ընդգծել է, որ հանրային շահի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավասությունը կարող է վերապահվել նաեւ այն սուբյեկտներին, որոնց անձնական իրավունքը անմիջականորեն խախտված չէ, սակայն միայն այն պայմանով, որ օրենքով հստակ սահմանվեն այդ իրավասության շրջանակները, իրավասու սուբյեկտների շրջանակը եւ բացառվեն վերացական վերահսկողության տարրերը։ Այս առումով «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը պարունակում է մի շարք խնդրահարույց կարգավորումներ։ Մասնավորապես, բավարար չափով հստակեցված չէ այն վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության շրջանակը, որոնք կարող են վիճարկվել կենդանիների պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների կողմից կամ որ կոնկրետ դեպքերում կարող են վիճարկվել։ Վիճահարույց է նաեւ կենդանիների պաշտպանության ոլորտում հասարակական կազմակերպության «շահառուի օրինական շահ» հասկացությունը: Հայաստանի Հանրապետությունում գործող իրավակարգավորման պայմաններում կենդանին իրավունքի սուբյեկտ չէ եւ օժտված չէ իրավունակությամբ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի տրամաբանությամբ կենդանին շարունակում է դիտվել որպես քաղաքացիական իրավունքների օբյեկտ՝ գույք, թեեւ հատուկ պաշտպանության ռեժիմով[1]։ Սա նշանակում է, որ կենդանին ինքնուրույն սուբյեկտիվ իրավունքների եւ դատավարական իրավունակության կրող չի համարվում։ Հետեւաբար, դասական իրավական իմաստով կենդանին չի կարող ունենալ «օրինական շահ», որի դատական պաշտպանությունը կարող է իրականացվել ներկայացուցչության կարգով։ Շրջակա միջավայրի կամ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության ոլորտներում շահառուները իրավունքի սուբյեկտներ են՝ մարդիկ կամ մարդկանց որոշակի խմբեր, որոնց իրավունքներն ու օրինական շահերը հնարավոր է նույնականացնել։ Այս տեսանկյունից «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում կիրառված «շահառու» հասկացությունը տեսական եւ իրավատեխնիկական խնդիր է առաջացնում։ Ելնելով վերգրյալից՝ առաջարկում ենք վերանայել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 216.6-րդ հոդվածի կարգավորումները վարչադատավարական, քաղիրավական իրավակարգավորումների եւ actio popularis սկզբունքի համապատասխանության տեսանկյունից: 15. «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 4-րդ մասում կատարվող հղման մեջ առաջարկում ենք շտկել առկա վրիպակը եւ «1-ին» թիվը փոխարինել «2-րդ» թվով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ դրույթով հղում է կատարվում վերոնշյալ 16-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշված ոլորտին: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում առկա կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248), Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), 29.05.2026թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248), Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), 29.05.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել վերարտադրության սահմանափակման ծրագրի շրջանակը՝ «Բռնում-Ստերջացում-Վերադարձ» մեթոդը՝ որպես թափառող կենդանիների վերարտադրության կառավարման միակ շրջանակ, հասարակական կազմակերպությունների համար օրենսդրորեն ամրագրել հնարավորություն իրականացնելու հասարակական մշտադիտարկում բոլոր տեսակի կացարաններում՝ անկախ դրանց պատկանելությունից եւ ֆինանսավորման աղբյուրից, արգելել մասնակցությունը կենդանիների մարտերին, սահմանափակել տանջանք պատճառող հարմարանքների կիրառումը (էլեկտրական, սուր ելուստներով վզակապեր), որպես դաժան վերաբերմունքի առանձին տեսակ սահմանել կենդանուն կանխամտածված կամ անփույթ կերպով քաղցի մատնելը եւ հյուծելը, թույլատրելի համարել ոչ մասնագետների կողմից իրականացվող առաջին բուժօգնությունը եւ անասնաբույժի կողմից նշանակված ամբուլատոր բուժումը ոչ հանրային վայրերում, սահմանել կացարանների կողմից հրապարակային հաշվետվությունների ներկայացման պարտադիր պահանջ, դատական հայց ներկայացնելու հնարավորություն տալ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին, որոնց կանոնադրական նպատակներում ամրագրված է կենդանիների պաշտպանությունը, եւ որոնք ունեն այդ ոլորտում առնվազն երկու տարվա փորձ, սահմանել խախտման դեպքերի համար պատժաչափեր, վերանայել պատասխանատվության համար կիրառվող ամրագրված տուգանքների սահմանաչափերը եւ իրականացնել խմբագրական բնույթի հստակեցումներ: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 20.05.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում, ինչպես նաեւ լրացումներ կատարել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում: Նախագծերի փաթեթով մասնավորապես առաջարկվում է՝ - սահմանել վերարտադրության սահմանափակման ծրագրի շրջանակը՝ «Բռնում-Ստերջացում-Վերադարձ» մեթոդը, որպես թափառող կենդանիների վերարտադրության կառավարման միակ շրջանակ, - հասարակական կազմակերպությունների համար օրենսդրորեն ամրագրել հնարավորություն իրականացնելու հասարակական մշտադիտարկում բոլոր տեսակի կացարաններում՝ անկախ դրանց պատկանելությունից եւ ֆինանսավորման աղբյուրից, - արգելել մասնակցությունը կենդանիների մարտերին, - սահմանափակել տանջանք պատճառող հարմարանքների կիրառումը, - սահմանել կացարանների կողմից հրապարակային հաշվետվությունների ներկայացման պարտադիր պահանջ, - որպես դաժան վերաբերմունքի առանձին տեսակ սահմանել կենդանուն կանխամտածված կամ անփույթ կերպով քաղցի մատնելը եւ հյուծելը եւ այլն: ««Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ նկատառումները. 1. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվելիք 9-րդ հոդվածի 3-րդ մասի 17-րդ կետի համաձայն. «Արգելվում է նաեւ՝ 17) կենդանուն օրվա ընթացքում 12 ժամից ավելի կապի վրա պահելը»: - Հարկ ենք համարում նշել, որ տեսանակարահանման բացակայության դեպքում վերոնշյալ դրույթի կիրառումը խնդրահարույց կլինի. 2. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվելիք 10-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի համաձայն. Տնային շուն պահողը պարտավոր է նաեւ՝ «քաղաքային տրանսպորտով շների տեղափոխումը կազմակերպել միայն դնչկալի եւ առնվազն մեկ մետր կարճեցված կապի առկայությամբ, բացառությամբ փոքր դեկորատիվ ցեղատեսակների եւ փոքր խառնածին շների», նույն 10-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն. «ճանապարհը կամ երթեւեկելի մասն անցնելիս, ինչպես նաեւ մայրուղիների մոտ՝ ճանապարհային պատահարների կանխման նպատակով կենդանուն պահել առնվազն մեկ մետր կարճեցված կապի վրա», եւ վերջապես 10-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝ «պոտենցիալ վտանգավոր շների զբոսանքը կազմակերպել դնչկալի եւ առնվազն մեկ մետր կարճեցված կապի առկայությամբ ցանկացած հանրային վայրում»: Վերոնշյալ դրույթներում օգտագործվող «առնվազն մեկ մետր կարճեցված կապի» արտահայտությունը հստակեցման կարիք ունի, այլապես կարող է հայեցողական մեկնաբանման առիթ տալ: Եզրահանգում
Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ կարծում ենք, որ Նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 01.06.2026թ. -------------------------------------------------------------------------------- [1] Տե՛ս Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 20-րդ եւ 145-րդ հոդվածները:
|