ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1350-30.04.2026-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1350-30.04.2026-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենքի լրիվ անվանումից հետո առաջարկում ենք նշել «(այսուհետ` «Օրենք»)» բառերը, քանի որ Նախագծի այլ հոդվածներում (օրինակ՝ 3-րդ, 4-րդ) գործածված է այդ տարբերակը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: Առաջարկում ենք նաեւ «1-րդ» գրելաձեւը փոխարինել «1-ին» գրելաձեւով՝ պահպանելով դասական թվականների ճիշտ գրելաձեւը: 2. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: 3. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «ենթաօրենսդրական» բառից հետո առաջարկում ենք լրացնել «նորմատիվ իրավական» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկություների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 21.05.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 21.05.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացնել «Բուսասանիտարիայի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) առկա իրավական բացը՝ ամրագրելով կառավարության լիազորությունը՝ արգելելու առանձին պեստիցիդների կամ ագրոքիմիկատների շրջանառությունը եւ կիրառումը Հայաստանի Հանրապետությունում, քանի որ գործող իրավակարգավորումները չեն նախատեսում նման ուղիղ լիազորություն, ինչի արդյունքում, ըստ Նախագծի հեղինակի, պետությունը զրկված է օպերատիվ արձագանքման հնարավորությունից այն դեպքերում, երբ առկա են գիտականորեն հիմնավորված տվյալներ պեստիցիդների վտանգավորության վերաբերյալ: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան, սակայն հարկ ենք համարում անդրադառնալ մեկ հանգամանքի, մասնավորապես՝ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետի նոր խմբագրությամբ շարադրանքին, ըստ որի. «պեստիցիդը կամ դրա ազդող նյութը, համագործիչ կամ օժանդակ նյութերից որեւէ մեկը արգելված են Հայաստանի Հանրապետությունում.»: Խնդիրը կայանում է նրանում, որ ինքնին որեւէ նյութի արգելումն անիմաստ է եւ անտրամաբանական (ի վերջո՝ առանձին վերացրած այդ նյութերը կարող են օգտագործվել այլ բնագավառներում եւ այլ նպատակներով), ուստի անհրաժեշտության դեպքում պետք է արգելել ոչ թե նշված նյութերը, այլ կոնկրետ բնագավառներում դրանց օգտագործումը: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետությունում արգելվում են պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի օգտագործումն ագրոարդյունաբերական ոլորտում:»: Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում եւ 4-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 6.2.-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի նոր շարադրանքում: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն խմբագրական առումով լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 08.05.2026թ.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանի կողմից ներկայացվել է ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրենքի նախագիծ): Ստորեւ ներկայացնում ենք մեր կողմից իրականացված սոցիալական փորձաքննության արդյունքները: Ներկայացված Օրենքի նախագծով առաջարկվող իրավակարգավորումները սոցիալական ապահովության եւ սոցիալական երաշխիքների, ինչպես նաեւ սոցիալական բացասական հետեւանքների առաջացման եւ կանխման համատեքստում, դիտարկելով պեստիցիդների շրջանառության արգելման ընթացակարգն ինչպես առողջապահական եւ էկոլոգիական ռիսկերի, այնպես էլ ոլորտը կանոնակարգող մի շարք իրավական ակտերի շրջանակներում, անհրաժեշտ ենք համարում արձագրել, որր ներկայացված Օրենքի նախագիծը համահունչ է ինչպես օրենսդրական, սահմանադրաիրավական կանոնակարգումներին, այնպես էլ միջազգային իրավական ակտերով ամրագրված իրավադրույթներին, մասնավորապես՝ «Միջազգային առեւտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի եւ պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» 1998 թվականի Ռոտերդամի Կոնվենցիային, «Կենսական բազմազանության մասին» Կոնվենցիային, «Անհետացման եզրին գտնվող վայրի ֆաունայի եւ ֆլորայի տեսակների միջազգային առեւտրի մասին» Կոնվենցիային, «Անապատացման դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի Կոնվենցային, Կարտագենյան արձանագրությանը, ինչպես նաեւ «Մարդու շրջակա միջավայրի մասին» Ստոկհոլմի Հռչակագրին եւ «Շրջակա միջավայրի եւ զարգացման մասին» Հռչակագրին: Հիմք ընդունելով իրականացված սոցիալական փորձաքննության արդյունքները՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ներկայացված Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Օրենքի նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ա. Քոչարյան (հեռ.՝ 011-513-235) 11.05.2026թ.
|