ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1335-21.04.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1335-21.04.2026-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նախատեսված հղումը հստակեցնել հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի՝  նորմատիվ իրավական ակտում հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի։ Մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք  «Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում» ձեւակերպումը փոխարինել «Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում» ձեւակերպմամբ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորման համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝  Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248) 

07.05.2026թ. 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248) 

07.05.2026թ. 






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով սահմանվում են օրինապահ հարկ վճարողների համար գործունեության, նրանց հավաստագրի տրամադրման,  գործունեության նկատմամբ մշտադիրակման իրականացման, ինչպես նաեւ հավաստագրի գործողության դադարեցման հետ կապված դրույթներ: Մասնավորապես, Նախագծով նախատեսվում է, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման գործընթացը չի վերաբերի ներդրումային ֆոնդերին, oրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադվելու է անժամկետ, հարկային մարմինը իրականացնելու է oրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիտարկում՝ եռամսյակային կտրվածքով, սահմանվում է հավաստագրի գործողության դադարեցման կարգը, ինչպես նաեւ  oրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների մասով հարկային մարմինը հարկ վճարողների սպասարկման գործառույթը կիրականացնի անհատական, իսկ համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կկիրառվի 0,8 գործակից:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

29.04.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), ինչը պայմանավորված է հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաեւ հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:

Նախագծով ներկայացվող իրավակարգավորումներով, հեղինակն առաջարկում է  վերանայել Օրենսգրքով սահմանված կարգավորումները (հոդված 293.1) եւ օրինապահ հարկ վճարողի համակարգի ներդրման համար նախատեսել խրախուսման լրացուցիչ գործիքակազմ, ինչպես նաեւ կատարելագործել վերջինիս հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները: 

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: 

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

28.04.2026թ.