ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1332-21.04.2026-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1332-21.04.2026-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»։

2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Նախագիծ)» բառերը։

3. Գտնում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի եւ 14-րդ կետերի միջեւ առկա է անհամապատասխանություն, քանզի 8-րդ կետով տոհմային անասնաբուծությամբ զբաղվող սուբյեկտների թվում են՝

  • Ֆիզիկական անձիք
  • Իրավաբանական անձիք
  • Անհատ ձեռնարկատերերը։

Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն տոհմային անասնաբուծական տնտեսության կարգավիճակ կարող են ստանալ միայն իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը՝ կարգավորումից դուրս թողնելով ֆիզիկական անձանց: Առաջարկում ենք այս անհամապատասխանությունը վերանայել։

4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ցեղի վերարտադրության համար ընտրված տոհմային արու եւ էգ կենդանիները ենթակա են գնահատման՝ ըստ սերնդի որակի, մթերատվության եւ տոհմանյութի:»: Ցանկանում ենք նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ եւ 5-րդ հոդվածներով նախատեսվող Կառավարության եւ լիազոր մարմնի լիազորություններում բացակայում է գնահատման կարգի սահմանումը: Ոսւտի առկա է իրավական բաց, թե ինչպես եւ ինչ կարգի հիման վրա է իրականացվելու Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ հոդվածով նախատեսվող գնահատումը: Առաջարկում ենք վերացնել հնարավոր իրավական բացը՝ նախատեսելով համապատասխան կարգավորումները:

5. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ եւ 9-րդ հոդվածների համադրված վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ տոհմային անասնաբուծական տնտեսությունների գրանցման եւ տոհմային կարգավիճակի տրամադրման մեխանիզմը ներքին տրամաբանական հակասություն է պարունակում եւ չի ապահովում իրավական որոշակիություն։

Մասնավորապես, Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ տոհմային անասնաբուծական տնտեսությունները, անկախ կազմակերպաիրավական ձեւից, պետք է գրանցվեն համապատասխան լիազոր մարմնում։ Այս ձեւակերպումից բխում է, որ տնտեսությունը դեռեւս մինչեւ գրանցումը պետք է համարվի «տոհմային անասնաբուծական տնտեսություն», քանի որ Նախագիծն արդեն այդ կարգավիճակով է անդրադառնում տվյալ սուբյեկտին։ Այլ կերպ ասած՝ գրանցման ենթակա են ոչ թե պարզապես անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունները, այլ արդեն «տոհմային» համարվող տնտեսությունները։

Սակայն միեւնույն ժամանակ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսվում է, որ տոհմային անասնաբուծական տնտեսության տոհմային կարգավիճակը որոշվում է լիազոր մարմնի կողմից իրականացվող հաշվառման եւ գրանցման հիման վրա, իսկ հաշվառման եւ գրանցման արդյունքում տնտեսությունները ստանում են տոհմային կարգավիճակ։ Այսպիսի իրավիճակում  առաջանալու է իրավական փակ շրջան։ Մի կողմից՝ տնտեսությունը պետք է նախապես դիտարկվի որպես տոհմային տնտեսություն, որպեսզի ընդհանրապես ենթակա լինի գրանցման։ Մյուս կողմից՝ հենց գրանցման եւ հաշվառման արդյունքում է տնտեսությունը ստանում տոհմային կարգավիճակ։ Այսպիսի կարգավորումը չի թույլ տալիս հստակ հասկանալ, թե որ պահից է տնտեսությունը ձեռք բերում տոհմային տնտեսության իրավական կարգավիճակ եւ ինչ իրավական հիմքով է այն մինչ այդ գործում: Վերոգրյալի լույսի ներքո՝ առաջարկում ենք ապահովել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ եւ 9-րդ հոդվածների համապատատասխանությունը միմյանց:

6. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը ունեն նույն բովանդակությունը եւ անհիմն կրկնում են միմյանց, ինչը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասին եւ լրամշակման կարիք ունի։

7. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ տոհմային անասնաբուծական տնտեսության տոհմային կարգավիճակը տրվում է հինգ տարի ժամկետով՝ որոշակի պահանջների համապատասխանելու դեպքում միայն։ Սակայն նույն հոդվածով եւ առհասարակ ամբողջ Նախագծով չի կարգավորվում այդ կարգավիճակի վերանայումը եւ դադարեցումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ առկա է կարգավիճակը ստանալուց հետո պարտադիր համարվող պահանջներին չհամապատասխանելու իրական վտանգ։

Մասնավորապես, Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածը նախատեսում է միայն կարգավիճակի տրամադրման վերաբերյալ կարգավորումներ, սակայն չի սահմանում՝ ինչ ընթացակարգով է կատարվում կարգավիճակի վերանայումը, արդյոք հնգամյա ժամկետի ավարտից հետո կարգավիճակը ենթակա է երկարաձգման, ինչ պայմաններով եւ ժամկետներում կարող է երկարաձգվել, ինչ հիմքերով կարող է կասեցվել եւ այլն:

Նման ոչ լիարժեք կարգավորումը կարող է խնդրահարույց լինել  քանի որ տնտեսավարողը չի կարող հստակ կանխատեսել իրեն ներկայացվող պահանջների չպահպանման ռիսկերը եւ իր իրավական կարգավիճակի հետագա ճակատագիրը։ Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք լրամշակել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումները։

8. «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:»:

Ի տարբերություն Օրենքի, Նախագիծը փաստացի ներդնում է տոհմային անասնաբուծական տնտեսությունների պարտադիր պետական գրանցման եւ տոհմային կարգավիճակի համակարգ, ինչին Նախագծի ընդունման պահին գործող տնտեսությունները չեն համապատասխանում: Օրենքով տոհմային գործունեության իրականացումը նման համապարփակ կարգավիճակային ռեժիմի չի ենթարկվում եւ տնտեսությունների համար առանձին «տոհմային կարգավիճակ» ստանալու պարտադիր ինստիտուտ փաստացի նախատեսված չէ։ Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ եւ 9-րդ հոդվածներով ներդրվում է նոր վարչարարական համակարգ:

Այդ պայմաններում եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվաի 4-րդ մասի համատեքստում առաջարկում ենք Նախագծով նախատեսել  անցումային դրույթներ գործող տոհմային տնտեսությունների «տոհմային» կարգավիճակի ձեռքբերման ժամկետի, կարգի, անցումային փուլի եւ այլ անհրաժեշտ կարգավորումների վերաբերյալ:

9. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «նորմատիվ իրավական ակտերը» արտահայտությունն առաջարկում ենք փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը» արտահայտությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը եւ նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:

10. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող տասներորդ օրվանից»: Ցանկանում ենք նշել, որ սույն դրույթը Օրենքի 14-րդ հոդվածի վերախմբագրումն է, որը կարգավորել է Օրենքի նախորդ խմբագրության ուժի մեջ մտնելու ժամկետը եւ Նախագծով նախատեսվող խմբագրության պայմաններում այն այլեւս իրեն սպառել է: Ուստի առաջարկում ենք Օրենքի 14-րդ հոդվածը չներառել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող տեքստում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների  լիարժեքությունն ու որոշակիությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

06.05.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

06.05.2026թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքը շարադրել նոր խմբագրմամբ եւ նախատեսել՝ «տոհմային կենդանիների պետական ռեեստր» եւ «տոհմային անասնաբուծական տնտեսություն» հասկացությունների, տոհմային անասնաբուծական գործունեություն իրականացնողների իրավասությունների ու պարտականությունների սահմանում, ինչպես նաեւ տոհմային կենդանիների պետական գրանցման կարգի, տոհմային տնտեսություններին ներկայացվող պահանջների, տնտեսություններին տոհմային կարգավիճակի վկայականի ձեւի եւ տրման կարգի հաստատման համար տոհմային անասնաբուծության ոլորտի կարգավորումն ապահովող օրենսդրական հիմքեր:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

27.04.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացվել է ««Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրենքի նախագիծ):

Իրականացված սոցիալական փորձաքննության արդյունքում նշենք, որ ներկայացված Օրենքի նախագիծը դիտարկվել է սոցիալական բացասական հետեւանքների առաջացման եւ կանխման համատեքստում, ուստի, փաստենք, որ Օրենքի նախագիծը  բխում է սույն ոլորտը կանոնակարգող իրավադրույթների կիրառման արդյունքում սոցիալական ազդեցության գնահատման հայեցակարգի բաղադրիչներից, մասնավորապես, որոնք  հետեւյալն են՝ 

ա) գյուղական համայնքների կայուն զարգացման նպաստում, 

բ) փոքր տնտեսությունների սոցիալական պաշտպանվածության, մասնավորապես՝ գյուղացիական տնտեսությունների նկատմամբ լրացուցիչ ֆինանսական բեռի ավելացում, 

գ) զբաղվածություն եւ մասնագիտական վերապատրաստում, 

դ) սննդամթերքի անվտանգության եւ հանրային առողջության, մասնավորապես՝ տոհմային բարձրարժեք գենետիկական ֆոնդի ձեւավորման նվազեցմամբ կենդանիների հիվանդությունների ռիսկի կրճատման եւ ուղղակիորեն  բնակչության սննդի անվտանգության վրա ազդեցության գնահատում, 

ե) տոհմային կենդանիների ձեռքբերման եւ փոխհատուցման նպատակով պետական աջակցություն հանդիսացող սուբսիդավորման ծրագրերի արդար եւ թափանցիկ կիրառում: 

Հիմք ընդունելով իրականացված սոցիալական փորձաքննության արդյունքները՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ներկայացված Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ առկա չեն: 



Եզրահանգում

Օրենքի նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման  կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝               ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Ա. Քոչարյան (հեռ.՝ 011-513-235)

07.05.2026թ.