ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1331-21.04.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1331-21.04.2026-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվում է նոր՝ 2.1-ին կետ, որով առաջարկվում է սահմանել, որ հավատարմագրման գործընթացն իրականացվում է էլեկտրոնային ավտոմատացված համակարգի միջոցով (e-accreditation), իսկ համակարգի խափանման դեպքում՝ էլեկտրոնային փոստով։ Այս կարգավորումը ինքնին ընդունելի է եւ համապատասխանում է թվայնացման քաղաքականությանը, սակայն նախագծով չեն կարգավորվում մի շարք էական հարցեր, որոնք անհրաժեշտ են իրավական որոշակիության եւ վարչարարության կանխատեսելիության ապահովման համար։

Մասնավորապես՝ չի կարգավորվում փաստաթղթի ներկայացման պահը, Նախագծով չի սահմանում՝ e-mail ուղարկելու պահով է դիմումը համարվում ներկայացված, թե այն պահից, երբ մարմինը ստացել կամ գրանցել է այն: Սա կարեւոր է վարչական վարույթում, քանի որ ժամկետների խախտումը կարող է հանգեցնել՝ մի շարք այլ իրավական հետեւանքների:

Նախագծով հստակեցված չէ նաեւ, թե՝ էլեկտրոնային փոստով ուղարկված ծանուցումը կոնկրետ որ պահից է համարվում ստացված:

Այս հարցի չկարգավորված լինելը գործնականում կարող է առաջացնել իրավական անորոշություն, քանի որ դժվար է որոշել՝ արդյոք անձը պատշաճ ծանուցված է համարվում եւ արդյոք իրավական հետեւանքներն արդեն առաջացել են։

Մինչդեռ վարչական իրավահարաբերություններում պատշաճ ծանուցման փաստը  կարեւոր նշանակություն ունի եւ e-mail հաղորդակցության վրա հիմնված ընթացակարգի ներդրումը՝ առանց համապատասխան իրավական եւ տեխնիկական երաշխիքների, կարող է վտանգել վարչական վարույթի իրավաչափությունը եւ ստեղծել բազմաթիվ վիճելի իրավիճակներ։

2. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասում հղում է կատարվում «(…) սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին», մինչդեռ Նախագծում նման դրույթ առկա չէ: Տվյալ դեպքում առաջարկում ենք շտկել համապատասխան հղումը, հակառակ դպքում անցումային դրույթը դառնում է անորոշ եւ ոչ կիրառելի:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումը կարող է խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

11.05.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

11.05.2026թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է հստակեցնել «Հավատարմագրման մասին» օրենքում կիրառվող տերմինաբանությունը եւ կարգավորել հավատարմագրման ոլորտում վերջին տարիներին ձեւավորված գործնական հարաբերությունները՝ հաշվի առնելով նաեւ միջազգային համագործակցության շրջանակներում առաջացած պահանջներն ու գործնական խնդիրները, Հավատարմագրման ազգային մարմնի գործառույթներում ավելացնել նաեւ պետական գրանցում իրականացնող եւ համապատասխանության հայտարարագիր գրանցող իրավաբանական անձանց վկայագրման գործառույթը, հստակեցնել Հավատարմագրման ազգային մարմնի լիազորությունները՝ կապված համապատասխան ռեեստրների ձեւավորման եւ վարման հետ, ապահովել համապատասխանության գնահատման գործընթացում տրամադրվող փաստաթղթերի՝ համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների եւ համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրության իրականացումը, սահմանել լրացուցիչ կանխարգելիչ մեխանիզմ, ըստ որի՝ այն դեպքերում, երբ համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրումը դադարեցվում է օրենքով նախատեսված որոշակի խախտումների հիմքով (այդ թվում՝ կեղծ տեղեկատվություն տրամադրելու կամ առանց համապատասխան գնահատման գործընթաց իրականացնելու համապատասխան փաստաթուղթ տրամադրելու դեպքերում), տվյալ իրավաբանական անձի հիմնադիրը, մասնակիցը կամ ղեկավար պաշտոնատար անձը չի կարող առնվազն վեց ամիս հավատարմագրման հայտ ներկայացնել իր կամ մեկ այլ իրավաբանական անձի անունից, ինչպես նաեւ խստացնել համապատասխանության գնահատման մարմինների դադարեցման հիմքերը եւ հստակեցնել հավատարմագրման կասեցումից հետո հավատարմագրման վերականգնման գործընթացը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

28.04.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հավատարմագրման մասին» օրենքում, ինչը պայմանավորված է «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի որոշակի գործառույթներում նախատեսվող փոփոխություններով: 

Նախագծով` հեղինակի կողմից առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով, նախատեսվում է արդիականացնել եւ կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները, ապահովել դրա համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին եւ ընթացիկ կարիքներին:

Միեւնույն ժամանակ, առաջարկվող իրավակարգավորումներով սահմանվում են նոր՝ ազգային, միջազգային, տարածաշրջանային կամ այլ պետության ստանդարտներով կամ իրավական ակտերով չսահմանված համապատասխանության գնահատման սխեմաների (ընթացակարգերի) վերլուծության եւ պիտանիության գնահատման աշխատանքների համար վճարման չափը եւ կարգը:

Նախագծի ընդունումն, ըստ հեղինակի, կնպաստի Հայաստանի Հանրապետության հավատարմագրման համակարգի արդյունավետության բարձրացմանը, համապատասխանության գնահատման գործընթացների թափանցիկության եւ վստահելիության ապահովմանը, ինչպես նաեւ ՀՀ հավատարմագրման համակարգի միջազգային ճանաչելիությանը եւ համագործակցությանը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: 

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

28.04.2026թ.