ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1320-14.04.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Ծովինար Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1320-14.04.2026-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի վերնագրում նշված «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված Նախագծով նախատեսվում է կատարել մեկից ավելի փոփոխություններ: Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»: 2. Նախագծի 2-րդ հոդվածին հաջորդում է կրկին 2-րդ հոդվածը, ուստի առաջարկում ենք ապահովել Նախագծի հոդվածների համարակալման հաջորդականությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով»: ( )»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 30.04.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 30.04.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում կատարել լրացումներ եւ փոփոխություններ, համաձայն որի առաջարկվում է ընդլայնել ընկերության բաժնետոմսերի հետգնման հիմքերը, մասնավորապես՝ բաժնետիրոջը տրվում է բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունք, եթե ընկերությունը 10 տարի շահութաբաժին չի վճարել, 3 տարի ժողովներ չի գումարել կամ 5 տարի փաստացի չի իրականացրել գործունեություն կանոնադրական նպատակներով եւ խնդիրներով սահմանված ոլորտներում: Նախագծով առաջարկվում է իրավունքի չարաշահման հիմքով հետգնման դեպքում վերացնել գույքային սահմանափակումը, սահմանել բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքը որոշող անձին ներկայացվող չափանիշները: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 22.04.2026թ.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն եւ լրացումներ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում, ինչը պայմանավորված է փոքր բաժնետերերի իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ներդրմամբ, ինչպես նաեւ վերջիններիս պատկանող բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի պատշաճ որոշմամբ: Նախագծով մախատեսվող փոփոխություններով, հեղինակն առաջարկում է՝ - ընդլայնել հետգնման հիմքերը, - վերացնել գույքային սահմանափակումը չարաշահման դեպքում, - սահմանել բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքը որոշող անձին ներկայացվող չափանիշներ: Ըստ էության, Նախագծով առաջարկվում է ստեղծել փոքր ներդրողների համար իրական «ելքի» մեխանիզմներ՝ կանխելով մեծամասնության կողմից իրավունքների չարաշահումը: Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների ընդունման արդյունքում, հեղինակն ակնկալում է, որ կբարձրանա ներդրումային գրավչությունը եւ փոքր ներդրողների համար կստեղծվի կանխատեսելի եւ պաշտպանված միջավայր, էականորեն կբարելավվի կորպորատիվ կառավարումը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծով առաջարկվող փոփոխության եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 21.04.2026թ.
|