ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1315-07.04.2026-ՏՀ-011/0), «Լիցենզավորման մասին» լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13151 -07.04.2026-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13152 -07.04.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1315-07.04.2026-ՏՀ-011/0), «Լիցենզավորման մասին» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13151 -07.04.2026-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13152 -07.04.2026-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «N» տառն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է. «3. Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: 2. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «1-ին մասի» ձեւակերպումը փոխարինել «1-ին չհամարակալված պարբերության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի «1-ին մասի» ձեւակերպմանը: 3. Նախագծի 10-րդ հոդվածով «Էներգետիկայի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 26-րդ հոդվածի 10-րդ մասում սահմանված է. «10. Սույն հոդվածի 9-րդ մասը չի սահմանափակում լիցենզավորված անձի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ եւ անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել հանձնաժողով՝ սույն հոդվածի 7-րդ մասի պահանջներին բավարարելու դեպքում դրանք եւս անհաղթահարելի ուժ ճանաչելու համար:»: Նշված կարգավորման մեջ առաջարկում ենք արտակարգ եւ անկանխելի դեպքերից բացի նշում կատարել նաեւ դրանց հետեւանքների մասին՝ հիմք ընդունելով նույն հոդվածի 7-րդ մասում սահմանված կարգավորումը: 4. Նախագծի 22-րդ հոդվածում առաջարկում ենք «իրավական ակտերը» եւ «իրավական ակտեր» բառերը փոխարինել համապատասխանաբար «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը» եւ «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված հասկացությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթից, որի համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»: 5. «Լիցենզավորման մասին» լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող աղյուսակում առաջարկում ենք «2.1»-ին համարակալումից հետո դնել միջակետ: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 28.04.2026թ. ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 28.04.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է. 1) որպես էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակ նախատեսել էներգիայի պահեստավորումը՝ կայանի կառուցման եւ էներգիայի պահեստավորման փուլերով (ժամանակահատվածներով): Նման լիցենզիա ունեցող անձին կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորող կայան կառուցելու (վերակառուցելու), շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու եւ վաճառելու, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք, 2) ստեղծել հնարավորություն էներգիայի պահեստավորման լիցենզիաները էներգիայի պահեստավորման երաշխիքով տրամադրելու համար՝ սակագնային կարգավորմամբ (նաեւ ՊՄԳ գործարքների շրջանակում), կամ առանց այդ երաշխիքի՝ մրցակցային պայմաններով, 3) իրավասություն վերապահել բնագավառի լիազոր մարմնին՝ առաջարկություններ ներկայացնել Հանձնաժողովին մինչեւ 30 ՄՎտ հզորությամբ պահեստավորող կայաններում էներգիայի պահեստավորման՝ Հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների շրջանակներում գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ, 4) նախատեսել էներգիայի պահեստավորման գործունեությամբ զբաղվելու սահմանափակումներ էլեկտրական էներգիայի հաղորդման եւ բաշխման լիցենզիա ունեցող անձանց համար, ինչը միտված է բացառելու, որ այս անձինք՝ իրենց գերիշխող դիրքից եւ տեղեկատվական առավելությունից օգտվելով, խեղաթյուրեն շուկան կամ ստանան մրցակցային առավելություն այդ գործունեությամբ զբաղվող շուկայի այլ մասնակիցների նկատմամբ եւ այլն: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 17.04.2026թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում, համապատասխան լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում, ինչը պայմանավորված է էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմամբ, ինչպես նաեւ սպառողներին էլեկտրաէներգիայի հուսալի ու որակյալ մատակարարման ապահովմամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումներն, ըստ հեղինակի, ուղղված են էներգետիկ համակարգի հուսալիության ու անվտանգության ռիսկերի նվազեցմանն ու կանխմանը, հետեւաբար նաեւ երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, սպառողներին էլեկտրաէներգիայի հուսալի ու որակյալ մատակարարման ապահովմանը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթի ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կբարձրանա էներգետիկ համակարգի կայունությանն ու անվտանգությունը, կապահովվի սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանությունը՝ ծառայությունների որակի, մատչելիության եւ անխափանության տեսանկյունից: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 14.04.2026թ.
|