ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1308-06.04.2026-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1308.1-06.04.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1308-06.04.2026-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1308.1-06.04.2026-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (այսուհետ՝ Նախագիծ)1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 151-րդ հոդվածում լրացնել նոր՝ 3.2-րդ մաս, ըստ որի՝ «Տեսակապի միջոցով դատական նիստին ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցության դեպքում պետք է երաշխավորվի, որ՝ 

1) դատական նիստին ներկայացած անձինք եւ դատապարտյալը հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց.

2) դատապարտյալը եւ նրա փաստաբանը դատական նիստի ընթացքում խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն ունենան.

3) դատապարտյալը հնարավորություն ունենա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով ծանոթանալու գործի նյութերին»: 

Առաջարկում ենք սույն դրույթը համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածում նոր լրացվող 1.2-րդ մասին, ըստ որի՝ տեսակապով դատական նիստին մասնակցելու դեպքում մեղադրյալի կարգավիճակ ունեցող դատապարտյալի համար պետք է երաշխավորվի նաեւ ապացույցների հետազոտման իրավունքը, ինչն արդար դատաքննության իրավունքի երաշխիքներից է:

Միաժամանակ առաջարկում ենք թե՛ Նախագծում, թե՛ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում տեսակապով դատական նիստին մասնակցելու ընթացքում երաշխավորել նաեւ ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձեւով պատիժ կրող մեղադրյալի համար ըստ անհրաժեշտության թարգմանչի ծառայությունից օգտվելու իրավունքը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվող Օրենսգրքի 151-րդ հոդվածում նոր լրացվող 3.3-րդ մասի 2-րդ կետի համաձայն ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով չի կարող ապահովվել, եթե, ի թիվս այլնի, տեսակապով մասնակցության դեմ փաստարկված առարկում է պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի ներկայացուցիչը: Ցանկանում ենք նշել, որ սույն հիմքը վերանայման կարիք ունի, քանզի այն ոչ միայն չի համապատասխանում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածում նոր լրացվող 1.3-րդ մասով նախատեսվող հիմքերին, այլ նաեւ չի բխում «Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի դատական վարույթների ընթացքում տեսակապի գործածման վերաբերյալ» ուղեցույցի դրույթներից, որտեղ տեսակապի կիրառման վերաբերյալ հարցը որոշելիս դատարանը լսում է կողմերի դիրքորոշումը:

3. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասը հանել, քանզի «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվող անցումային դրույթով արդեն իսկ Դատական դեպարտամենտը կրում է իր կարգավիճակից բխող եւ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների շրջանակում դատական նիստերի պատշաճ անցկացման համար պահանջվող  տեխնիկական միջոցներ ապահովելու պարտականություն:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների  համապատասխանությունը միմյանց:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

27.04.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի կարգավորումները անհրաժեշտություն  են առաջացնում լրացումներ նախաձեռնել նաեւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 30-րդ հոդվածում՝ կարգավորումներ նախատեսելով տեսակապի միջոցով դատական նիստին ձերբակալված եւ կալանավորված անձանց կարգավիճակ ունեցող մեղադրյալի մասնակցության  վերաբերյալ:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

27.04.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է  քրեական դատավարության օրենսգրքում կատարել լրացումներ, համաձայն որի՝ առաջարկվում է նախատեսել մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապի միջոցով, որի դեպքում պաշտպանի մասնակցությունը քրեական վարույթին պարտադիր է: Նախատեսվում է, որ պաշտպանը դատական նիստին պետք է մասնակցի տեսակապի միջոցով՝ մեղադրյալի գտնվելու վայրից, բացառությամբ այն դեպքի, երբ պաշտպանը մեղադրյալի համաձայնությամբ հրաժարվել է այդ իրավունքից՝ միջնորդելով դատական նիստին մասնակցել դատական նիստերի դահլիճից: Առաջարկվում է նաեւ նախատեսել, որ դատական նիստերի դահլիճից հեռացման սանկցիան տեսակապով մասնակցության պարագայում կիրառվում է՝ մեղադրյալին տեսակապով հաղորդակցության համար գործածվող սենյակից հեռացնելու միջոցով՝ մինչեւ տվյալ նիստի կամ դատալսումների ավարտը, քանի որ տվյալ դեպքում գործնականում դատական նիստերի դահլիճից այլ կերպ մեղադրյալին հեռացնել հնարավոր չի լինի: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել Կառավարությանը լիազորող նորմ՝ տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունը եւ դատական նիստի ընթացքում մեղադրյալի ու նրա պաշտպանի՝ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունն ապահովելու համար դատական նիստերի դահլիճում, քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայրերում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը, չափանիշները եւ օգտագործման կարգը սահմանելու համար: Նախագծերի փաթեթի ընդունումը պետական բյուջեում կառաջացնի ծախսերի ավելացում, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ անհրաժեշտ կլինի դատական նիստերի դահլիճները, քրեակատարողական հիմնարկները, ձերբակալվածներին պահելու վայրերը կահավորել համապատասխան տեխնիկական միջոցներով, որոնք թույլ կտան ապահովելու մեղադրյալի մասնակցությունը տեսակապի միջոցով: Բացի այդ, անհրաժեշտությունը է առաջանալու իրականացնել նաեւ դատավորների վերապատրաստում՝ ապահովելու համար համապատասխան տեխնիկական միջոցներից օգտվելու համար անհրաժեշտ կարողությունների առկայությունը:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 

15.04.2026թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) եւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում (այսուհետ՝ Քրեակատարողական օրենսգիրք):

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել դատական նիստերին մեղադրյալների կամ դատապարտյալների մասնակցությունը տեսակապի միջոցով այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հասարակական կարգի, առողջության կամ վարույթի մասնավոր մասնակիցների հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության կամ վերջիններիս անվտանգության ապահովման կամ հանցագործությունների կանխման կամ ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման համար:

Օրենսգրքում առաջարկվում է սահմանել, որ՝ ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձեւով պատիժ կրող մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին կարող է ապահովվել տեսակապի միջոցով՝ մեղադրյալի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ: Նախատեսվում են այն պայմանները, որոնք պետք է երաշխավորվեն տեսակապի միջոցով դատական նիստին ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձեւով պատիժ կրող մեղադրյալի մասնակցության դեպքում, ինչպես նաեւ այն դեպքերը, երբ մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով չի կարող ապահովվել: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ՝ դատական նիստին տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունը եւ դատական նիստի ընթացքում մեղադրյալի ու նրա պաշտպանի՝ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունն ապահովելու համար դատական նիստերի դահլիճում, քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայրերում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը, չափանիշները եւ օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը: 

Քրեակատարողական օրենսգրքում նախատեսվում  են Օրենսգրքում առաջարկվող կարգավորումներին գրեթե նույնական կարգավորումներ՝ համապատասխան առանձնահատկությունների հաշվառմամբ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

18.04.2026թ.