ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1306-06.04.2026-ՏՀ-011/0) եւ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13061 -06.04.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1306-06.04.2026-ՏՀ-011/0) եւ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13061 -06.04.2026-ՏՀ-011/0)   (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծերի փաթեթում նորմատիվ իրավական ակտերով սահմանված հասկացությունները կիրառվում են այլ կերպ, ինչպես նաեւ միեւնույն միտքն արտահայտվում է տարբեր բառերով: Մասնավորապես՝

1) Նախագծերի փաթեթում ներառված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ) կիրառվում են «չափագրման փաթեթ», «չափագրման նյութերի փաթեթ» եւ «փաթեթ» եզրույթները:

2) Նախագծի 2-րդ հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացվող նոր՝ 34.1-ին հոդվածի 8-րդ մասում հղում է կատարվում վարչական վարույթի բազմակողմանիությանը, ամբողջականությանը եւ օբյեկտիվությանը: Մինչդեռ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածում ամրագրված է վարչական վարույթի բազմակողմանիության, լրիվության եւ օբյեկտիվության վերաբերյալ դրույթը:

3) Նախագծերի փաթեթում կիրառվում են «գոտեւորման նախագիծ» եւ «գոտիավորման նախագիծ» եզրույթները, մինչդեռ «Քաղաքաշինության մասին» օրենքում սահմանված է «գոտիավորման նախագիծ» հասկացությունը:

4) Նախագծում կիրառվում է «Կադաստրի կոմիտե» եզրույթը, մինչդեռ պետք է հաշվի առնել, որ Օրենքի 19-րդ հոդված 1-ին մասում «Կադաստրի կոմիտե» եզրույթի հետագա կիրառման համար սահմանվել է «անշարժ գույքի պետական ռեգիստր»  եզրույթը:

5) Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառվում է «ենթաօրենսդրական իրավական ակտեր» հասկացությունը, մինչդեռ «Նորմատիվ իրավական ակետրի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված է  «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ»  հասկացությունը:

6) «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում կիրառվում է «քաղաքաշինական կադաստր», «քաղաքաշինարական կադաստր» եւ «պետական քաղաքաշինական կադաստր» եզրույթները։ 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում սահմանված է. «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթում կիրառել նորմատիվ իրավական ակտերով սահմանված հասկացությունները, ինչպես նաեւ միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ:

2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 34.1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն. «3. Կադաստրային քարտեզում անշարժ գույքի միավորի սխալների ուղղման համար՝

(...)

2) եթե ուղղման արդյունքում փոփոխվող սահմանակից հողամասը հանդիսանում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ընդհանուր սեփականություն, ապա սեփականատերերից մեկի տված համաձայնությունը համարվում է բոլոր համասեփականատերերի հետ համաձայնեցրած, եթե համաձայնություն տվողը գրավոր հայտարարությամբ հավաստում է մյուս համասեփականատերերի համաձայնության մասին, իսկ եթե հողամասը հանդիսանում է մեկից ավելի միավորների սեփականատերերի ընդհանուր գույք, ապա այդ դեպքում պահանջվում է յուրաքանչյուր միավորի սեփականատերերի համաձայնությունը՝ սույն մասով սահմանված հայտարարության առանձնահատկությամբ,»։

Նշված դրույթի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածն ամրագրում է, որ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության եւ սեփականության անձեռնմխելիության սկզբունքների վրա, բացի այդ քաղաքացիները եւ իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով եւ ի շահ իրենց: 

Օրենսգրքի 163-րդ հոդվածում սահմանված է սեփականության իրավունքի հասկացությունը եւ բովանդակությունը, ըստ որի. «Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով եւ այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաեւ դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի եւ այլ ձեւերով:

Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:»։

Նախագծով առաջարկվող կարգավորումը, ըստ որի՝ կադաստրային քարտեզում անշարժ գույքի միավորի սխալների ուղղման համար բավարար է ընդհանուր սեփականության մասնակիցներից միայն մեկ սեփականատիրոջ հավաստումը մյուս սեփականատերերի համաձայնության մասին, հակասում է քաղաքացիական օրենսդրության հիմնարար սկզբունքներին։ Մասնավորապես, Օրենսգրքով ամրագրված կամքի ինքնավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր սուբյեկտ ինքնուրույն է ձեւավորում եւ արտահայտում իր կամքը՝ քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու եւ իրականացնելու գործընթացում։ Նախագծի վերոնշյալ կարգավորմամբ մյուս սեփականատերերի «համաձայնության» առկայությունը այնպիսի ձեւաչափով է դրսեւորվում, որը չի փաստում սեփականատերերի անմիջական կամահայտնությունը եւ խաթարում է կամքի ինքնավարության բովանդակությունը։ «Համաձայնությունը» դառնում է ոչ թե փաստացի կամքի արտահայտում, այլ հավաստման արդյունք, այսինքն՝ իրավական փաստը փոխարինվում է ենթադրությամբ։

Բացի այդ Նախագծով առաջարկվող նշված դրույթը խնդրահարույց է նաեւ իրավական որոշակիության տեսանկյունից։ Մասնավորապես՝ քննարկվող դրույթում օգտագործվում է ձեւակերպում, համաձայն որի՝ որոշ դեպքերում պահանջվում է յուրաքանչյուր միավորի սեփականատերերի համաձայնությունը «սույն մասով սահմանված հայտարարության առանձնահատկությամբ»։ Սակայն նույն հոդվածի համապատասխան մասում բացակայում է այդ «հայտարարության առանձնահատկությունների» բովանդակային սահմանումը։ Հասկանալի չէ՝ հայտարարության առանձնահատկությունը ենթադրում նույն կետում նշված գրավոր պահանջը, թե սեփականատետերից միայն մեկի հավաստումը մյուսների համաձայնության վերաբերյալ եւ այլն։ Ուստի դրույթը ստեղծում է տարբերակված ու ոչ միատեսակ մեկնաբանման եւ կիրառման ռիսկ։

3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 34.1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում առաջարկում ենք «իրավատիրոջ» բառից առաջ լրացնել «սեփականատիրոջ կամ» բառերը՝ իրավակարգավորման հստակությունն ապահովելու նպատակով։ 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 34.1-ին հոդվածի 8-րդ մասին։

4. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 34.1-ին հոդվածի 5-րդ մասում սահմանված դրույթի համաձայն՝ կադաստրային քարտեզում առկա սխալների ուղղման վարչական վարույթ հարուցելու համար հիմք հանդիսացող դիմումին կից ներկայացվում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը: Մինչդեռ հարկ ենք համարում նշել, որ «Պետական տուրքի մասին» օրենքում բացակայում է համապատասխան պետական տուրքը սահմանող կարգավորումը:

5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 34.1-ին հոդվածի 5-րդ մասում առաջարկում ենք նշել «(ARMREF 02)» եզրույթի հայերեն տառադարձությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է. «Նորմատիվ իրավական ակտերում օտարերկրյա կազմակերպությունների անվանումները, ֆիզիկական անձանց անունները, աշխարհագրական օբյեկտների անունները, դրանց հապավումները, ինչպես նաեւ թարգմանության ոչ ենթակա իրավական, ֆինանսական, տեխնիկական եւ այլ տերմինները (եզրույթները) գրվում են հայերեն տառադարձությամբ: Անհրաժեշտության դեպքերում հայերեն հապավումների կամ տերմինների հետ փակագծերում կարող են կիրառվել նաեւ լատիներեն կամ օտարալեզու հապավումներ կամ տերմիններ:»: 

6. Միաժամանակ առաջարկում ենք Նախագծերի փաթեթից հանել Հանրապետության նախագահին վերաբերելի հատվածները, քանզի Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվում են արդեն իսկ ընդունված օրենքները, իսկ Նախագծերի փաթեթում ներառված նախագծերն այդպիսի կարգավիճակ դեռ չեն ստացել:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից։

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 

27.04.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 

27.04.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) նախատեսվում է կարգավորել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ թույլ տրված եւ կադաստրային քարտեզներում առկա սխալների հայտնաբերման, դրանց իրավաչափ ուղղման եւ վերջինովս պայմանավորված փոփոխությունների պետական գրանցման հարաբերությունները: Այդ նպատակով սահմանվում են կադաստրային քարտեզում անշարժ գույքի միավորի սխալի բովանդակությունն ու այդ սխալների տեսակները, դրանց ուղղման իրավական հիմքերը, վարչական վարույթի ընթացակարգը, որակավորված անձանց պարտականությունները եւ մասնագիտական պատասխանատվությունը ներկայացված տվյալների իսկության համար:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները՝ Փաթեթում ընդգրկված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ:

1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում ավելացնել նոր՝ 34.1-րդ հոդված, որով նախատեսվող կարգավորումներով մի շարք դեպքերում թույլատրվում է կադաստրային քարտեզում անշարժ գույքի միավորի սխալների ուղղում առանց բոլոր շահագրգիռ անձանց համաձայնության, այդ թվում՝ համասեփականատերերից ընդամենը մեկի տված համաձայնությամբ, եթե համաձայնություն տվողը գրավոր հայտարարությամբ հավաստում է մյուս համասեփականատերերի համաձայնության մասին, մահացած իրավատիրոջ դեպքում 8 ամիս անց, որոշ դեպքերում՝ սահմանակից սեփականատիրոջ համաձայնության բացակայության պայմաններում, վարչական վարույթով՝ նույնիսկ անհամաձայնության պարագայում, եթե առկա են «բավարար ապացույցներ»: Ընդ որում, համաձայն Նախագծով նախատեսվող կարգավորումների, որոշ դեպքերում կարող են տեղի ունենալ գույքային սահմանների փաստացի վերաձեւավորումներ՝ առանց բոլոր շահագրգիռ անձանց իրական մասնակցության: Այս առումով, կարծում ենք, «բավարար ապացույցներ» ձեւակերպումը հստակեցման կարիք ունի, քանի որ հայեցողական որոշումների կայացման հնարավորություն է տալիս: Ելնելով նշվածից, առաջարկում ենք հստակ սահմանել ապացույցների բավարար լինելու չափանիշները, ինչը հնարավորություն կտա կայացնել հիմնավորված որոշումներ: Բացի այդ, համասեփականատերերի դեպքում անհրաժեշտ է սահմանել բոլորին, ինչպես նաեւ մահացած իրավատիրոջ ժառանգներին առնվազն էլեկտրոնային (կամ այլ եղանակով) ծանուցման պարտադիր պահանջ` հնարավոր խնդրահարույց իրավիճակներից խուսափելու համար:

2. Լրացվող 34.1-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետով սահմանվում է, որ  կադաստրային քարտեզում սխալների ուղղման համար ներկայացված չափագրման նյութերի փաթեթին պետական կամ համայնքային մարմինների կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում համաձայնություն կամ մերժում չտրամադրելու պարագայում համաձայնությունը համարվում է տրված: Նման մոտեցումը, միգուցե վարչարարության օպերատիվության եւ արդյունավետության տեսանկյունից դրական է, այդուհանդերձ, գույքային իրավունքների առումով կարող է հանգեցնել որոշակի բացասական հետեւանքների՝ պայմանավորված թույլ ինստիտուցիոնալ կարողություններ ունեցող համայնքներում չվերահսկվող համաձայնություններով կամ պաշտոնատար անձանց անգործության պատճառով ծագող իրավական հետեւանքներով: Կարծում ենք, առավել նպատակահարմար է սահմանել որոշակի ժամկետ պատասխանի համար, որի խախտումը կհանգեցնի համապատասխան մարմիների համար պատասխանատվության այլ միջոցների:

3. Նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը նախատեսում է, որ եթե փոփոխվող անշարժ գույքի միավորների սեփականատերերից կամ իրավատերերից որեւէ մեկը մահացել է եւ չի ներկայացվել իրավահաջորդությունը հավաստող փաստաթուղթ, ապա մահվան պետական գրանցման օրվան հաջորդող ութերորդ ամիսը լրանալուց հետո կադաստրային քարտեզի ուղղումը կատարվում է առանց այդ անշարժ գույքի միավորի իրավատիրոջ համաձայնության: Չնայած վարչարարության տեսանկյունից սա առավել հեշտ լուծում ապահովող միջոց է, գործնականում այն կարող է խախտել ժառանգների իրավունքը, հատկապես եթե նրանք փաստացի տեղյակ չեն ընթացակարգից կամ ժառանգության ձեւակերպումը օբյեկտիվ պատճառներով ձգձգվել է: Կարծում ենք, այս դեպքում առավել նպատակահարմար կլինի, առաջին հերթին, սահմանել ժառանգներին պարտադիր ծանուցման պահանջ՝ առավել երկար ժամկետի սահմանմամբ:

4. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 34.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ իրավունքների պետական գրանցման վերանայման արդյունքում հողամասի մակերեսի նվազման դեպքում անձը փոքրացող հողամասի համար համայնքի կողմից ստանում է դրամական փոխհատուցում շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի չափով: Ակնհայտ է, որ այս դեպքում լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն կառաջանա համայքային բյուջեների համար, իսկ ֆինանսական առումով ոչ հարուստ համայնքներում կառաջանան չֆինանսավորված պարտավորություններ: Որպես նշված պնդման հիմնավորման փաստարկ պետք է դիտարկել նույն մասով առաջարկվող այն մոտեցումը, որ իրավունքների պետական գրանցման վերանայման արդյունքում հողամասի մակերեսի մեծացման դեպքում, սեփականության իրավունքը գրանցվում է պայմանով, որ հողամասի սեփականատիրոջ փոփոխության դեպքում, անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվում հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի մեծացված մակերեսի՝ վճարման պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը: Այսինքն, ապագա սեփականատիրոջ վրա դրվում է վճարման հետաձգված բեռ, քանի որ վճարումը կատարվելու է ոչ թե անմիջապես, այլ միայն սեփականության իրավունքի հետագա փոխանցման դեպքում: Հետեւաբար, այս դեպքում համայնքային բյուջեն մուտքեր չի ունենում, մինչդեռ պատադրված է հողամասի մակերեսի նվազման դեպքում վճարել դրամական փոխհատուցում: Ընդ որում, բացառված չեն նաեւ այնպիսի դեպքերը, երբ նման «սառեցված» ֆինանսական պարտավորությունները գոյություն կունենան տարիներ շարունակ:

5. Փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ բերված է թիվ ՎԴ/11987/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 2-ի նախադեպային որոշումից մեջբերում, որն արձանագրում է, որ. «ելնելով պետության՝ անձի սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության բովանդակությունից՝ հանրային իշխանության մարմինները՝ մասնավորապես, Կադաստրի կոմիտեն եւ համայնքի ղեկավարը, ունենալով կադաստրային քարտեզում առկա սխալն ուղղելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն, պարտավոր են հանդես գալ նման նախաձեռնությամբ եւ այդպիսով վերացնել անձի իրավունքի պետական գրանցման՝ այդ սխալով պայմանավորված խոչընդոտը՝ հաշվի առնելով, որ հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ անձի հիմնարար իրավունքների, այդ թվում՝ անձի սեփականության իրավունքի իրացման համար:»: Մինչդեռ, կադաստրային քարտեզում անհրաժեշտ ուղղոււմներ կատարելու ֆինանսական բեռը (պետական տուրքի վճարում, չափագրական ծառայությունների դիմաց վճարում, սեփականության նոր վկայականի ձեռք բերում) դրվում է քաղաքացիների վրա: Հատկապես հեռավոր համայնքներում, պայմանավորված բնակչության սոցիալական վատ վիճակով, գործընթացի իրականացումը կարող է ստեղծել նոր խնդիրներ: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ շատ դեպքերում կադաստրային քարտեզի սխալը քաղաքացու պատճառով չի առաջացել: Հետեւաբար, տրամաբանական չէ դրանց ուղղման հետ կապված ֆինանսական բեռը դնել քաղաքացու վրա: 

6. Նախագծով կադաստրային քարտեզում ուղղում կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի պատրաստման պատասխանատվությունը դրված է «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով որակավորված անձանց վրա: Սակայն նույն Նախագծով վերջիններս պատասխանատվություն են կրում միայն ստացված տեղեկություններն այդ ծածկագրով ծառայությունների մատուցման շրջանակներից դուրս օգտագործելու համար: Մինչդեռ, օրինակ, կադաստրային քարտեզում ուղում կատարելու վերաբերյալ դիմումի մերժումը, կարող է պայմանավորված լինել նաեւ նշված անձանց գործողություններով: Կարծում ենք, նման դեպքերի համար որակավորված անձանց համար եւս պետք է նախատեսել պատասխանատվության միջոցներ: 

7.34.1-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանվում է, որ. «սույն հոդվածով սահմանված վարչական վարույթի հարուցման փուլում անշարժ գույքի պետական ռեգիստրը պարտավոր է ուսումնասիրել կադաստրային գործի նյութերում առկա բոլոր փաստաթղթերը եւ պետական գրանցումները: Ընդ որում, այդ տվյալներում անհամապատասխանություններ, ինչպես նաեւ պետական գրանցման հիմքերում անճշտություններ հայտնաբերելու դեպքում վարչական վարույթը կարճվում է:»: Նույն հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ անշարժ գույքի միավորի՝ սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի հարուցման համար չափագրողի կողմից ներկայացված տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են որակավորված անձինք:»: Կարծում ենք, այս դեպքում, նախ պետք է դիմող անձին հնարավորություն տալ ուղղել հայտնաբերված անճշտությունները, որը չկատարելու դեպքում նոր վարչական վարույթը կարճել:

Փաթեթում ընդգրկված մյուս նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

16.04.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում, համապատասխան փոփոխություն եւ լրացում կատարելով նաեւ հարակից՝ «Քաղաքաշինության մասին» օրենքում, որի նպատակն է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առկա իրավական եւ փաստացի խնդիրների վերացումը, կադաստրային քարտեզներում եւ պետական գրանցման տվյալներում առկա սխալների (քանակական, որակական, ինչպես նաեւ սեփականության սուբյեկտների վերաբերյալ) բացահայտումը եւ ուղղման միասնական ու հստակ ընթացակարգի սահմանումը, ինչպես նաեւ Կադաստրի կոմիտեի, չափագրողների եւ շահագրգիռ անձանց միջեւ իրավասությունների հստակ բաշխումը: 

Հեղինակի կողմից ներկայացված իրավակարգավորումները նպատակ ունեն վերացնել վերոնշյալ խնդիրները՝ սահմանելով սխալների բնույթի դասակարգում, դրանց ուղղման իրավական հիմքեր, ինչպես նաեւ ընթացակարգային երաշխիքներ՝ հիմնված վարչական վարույթի սկզբունքների վրա: 

Նախագծերի փաթեթով սահմանվում են՝

- կադաստրային քարտեզում անշարժ գույքի միավորի սխալի բովանդակությունն ու այդ սխալների տեսակները՝ քանակական (մակերես, գծային չափեր, երկրաչափական ձեւ), որակական (նպատակային եւ գործառնական նշանակություն, սեփականության սուբյեկտ),

- սխալների ուղղման իրավական հիմքերը՝ իրավահաստատող փաստաթղթեր, չափագրման տվյալների, հարեւան հողամասերի սեփականատերերի համաձայնություններ, Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվող վարչական վարույթ,

- վարչական վարույթի ընթացակարգը՝ դիմումի փաթեթի ներկայացում, ներկայացված փաթեթի բովանդակություն, հարցումների իրականացում, լիազորված մարմնի (Կադաստրի կոմիտե) կողմից ծանուցման հնարավորություն՝ ,Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասինե օրենքով սահմանված կարգով,

- որակավորված անձանց պարտականությունները եւ մասնագիտական պատասխանատվությունը ներկայացված տվյալների իսկության համար,

- Կադաստրի կոմիտեի իրավասությունները՝ վարչական վարույթ հարուցելու, ուսումնասիրություններ իրականացնելու եւ ուղղում կատարելու կամ վերջինս մերժելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումները սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից դրական են, սակայն, կարծում ենք, սոցիալական ազդեցության գնահատման համար հարկ կլինի նաեւ  դիտարկել քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, սոցիալական արդարությունը եւ խոցելի խմբերի շահերի ապահովման անհրաժեշտությունը:

Առաջարկվող լրացումները միտված են կադաստրային տվյալների ճշգրտմանը եւ գույքային հարաբերությունների կարգավորմանը, սակայն դրա կիրառման ընթացքում հնարավոր են սոցիալական ռիսկեր, որոնք կպահանջեն լրացուցիչ կարգավորումներ: Մասնավորապես, Նախագծերի փաթեթի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում՝

- բացակայում են սոցիալապես խոցելի խմբերի համար հատուկ երաշխիքներ (օրինակ՝ պարզեցված վարչական ընթացակարգեր, պետական տուրքի զեղչ կամ ազատում, անվճար իրավաբանական եւ մասնագիտական աջակցության ապահովում),

- քաղաքացիների իրազեկվածության պակասը կարող է խոչընդոտել օրենքի արդյունավետ կիրառմանը (կարծում ենք, հարկ կլինի սահմանել պարտադիր ծանուցման պարզ եւ հասկանալի ձեւաչափ, իրականացնել հանրային իրազեկման ծրագրեր, ապահովել տեղեկատվության հասանելիություն բոլոր համայնքներում),

- հարեւանների միջեւ անհամաձայնությունը կարող է առաջացնել վեճեր եւ սոցիալական լարվածություն:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումները, կարծում ենք, կարեւոր նշանակություն կունենան գույքային հարաբերությունների կարգավորման եւ կադաստրային համակարգի կատարելագործման համար: Միաժամանակ, դրա արդյունավետ եւ արդար կիրառման համար անհրաժեշտ է տրամադրել հասցեական սոցիալական երաշխիքներ, ապահովել գործընթացների թափանցիկությունն ու հասանելիությունը, ինչպես նաեւ նվազեցնել քաղաքացիների վրա հնարավոր բացասական ազդեցությունները:

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

15.04.2026թ.