ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1295-27.03.2026-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1295.1-27.03.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1295-27.03.2026-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1295.1-27.03.2026-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով նախատեսվող համպատասխանաբար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 268-րդ հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասի եւ 269-րդ հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասի համաձայն դատավորի փոխարինումից հետո, եթե վարույթ ստանձնած դատավորը, ծանոթանալով գործի նյութերին, այդ թվում՝ դատական նախորդ կազմով հետազոտված ապացույցներին, գտնում է, որ գործի դատական վարույթը սկզբից սկսելու անհրաժեշտությունը բացակայում է, ապա ինքնաբացակի, բացարկի եւ վարույթին մասնակցելուց ազատելու հարցը լուծելուց հետո լսելով կողմերին՝ կարող է որոշում կայացնել վարույթն ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ, ընդ որում՝ նախքան դատական կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները համարվում են հետազոտված՝ բացառությամբ այն ապացույցների, որոնք կրկին հետազոտելը դատարանը համարում է անհրաժեշտ: Գտնում ենք որ սույն իրավակարգավորումները խնդրահարույց են հետեւյալ պատճառներով՝
Ինչպես նկատեցինք դատական հայեցողությունը պետք է սահմանափակված լինի հնարավոր իրավաչափ լուծումներից մեկն ընտրելու հնարավորությամբ: Մինչդեռ դատավորի ինքնաբացարկի պարագայում մինչեւ դատավորի փոխարինումը կատարված վարույթային գործողությունները չեն կարող որեւէ դեպքում համարվել «դատարանի» կողմից կատարված, ինչպես պահանջում է արդար դատաքննության իրավունքը: Ընդ որում, վերլուծությունը վերաբերում է այն իրավիճակներին, երբ ինքնաբացարկի հիմքերը առաջացած են եղել ապացույցների հետազոտումից առաջ: Ելնելով վերոգրյալից՝ կարող ենք արձանագրել, որ առկա են որոշակի հիմքեր, որոնց ազդեցությամբ դատավորի մասնակցության անհարինությունը հնարավորություն չի տալիս փոխարինող դատավորին կայացնել վարույթը ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ որոշում: Ուստի առաջարկում ենք սույն կարգավորումները լրամշակել՝ իմպերատիվ նախատեսելով այն դեպքերը, որոնցում դատական հայեցողությունը սահմանափակվում է:
Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշման համաձայն՝ «(...) ապացույցները, որոնք հավաքվել եւ ստուգվել են օրենքին համապատասխան, կազմում են ներքին համոզմունքի այն օբյեկտիվ հիմքը, որն իր դրսեւորումն է գտնում ընդունվող որոշումներում։ Թեպետ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, այն չի կարող լինել կամայական։ Դրա հիմքում պետք է դրված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը:»: Սույն դիրքորշումը եւս մեկ անգամ վկայում է, որ առանց ապացույցն անմիջականորեն հետազոտելու դատավորի ձեւավորված ներքին համոզմունքը տեսականորեն պետք է խնդիր առաջացնի եւ Նախագծի մյուս հոդվածներով ներկայացվող երաշխիքները (մեղադրյալի պարտադիր պաշտպան ունենալու, նախկինում հետազոտված ապացույցները վիճարկելու եւ այլն) չեն կարող փոխհատուցել անմիջականության սկզբունքի խախտման արդյունքում ձեւավորվող բացերը, քանզի այդ երաշխիքները չեն սպասարկում հիմնական «թիրախը»: Միաժամանակ նշենք, որ սույն դիտարկումները վերաբերելի են նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվող 268-րդ հոդվածում նոր լրացվող 2.2-րդ մասին, քանզի առաջարկվում է նախատեսել հնարավորություն կողմի միջնորդությամբ եւ կողմերի համաձայնությամբ Օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 4-10-րդ կետերով նախատեսված ապացույցները դատական նիստում հետազոտված համարելու մասին որոշում կայացնել ՝ առանց տվյալ ապացույցը Օրենսգրքի 326-329-րդ եւ 331-332-րդ հոդվածներով նախատեսված կարգով հետազոտելու, եթե դա չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա: Ցանկանում ենք մեկ անգամ եւս նշել, որ առանց ապացույցի անմիջական հետազոտման տեսականորեն չի կարող ձեւավորվել դատավորի ներքին համոզմունք, քանզի ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից եւ հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ[5]: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով կատարված վերլուծությամբ՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով նախատեսվող համպատասխանաբար Օրենսգրքի 268-րդ հոդվածում եւ 269-րդ հոդվածում նախատեսվող փոփոխությունները, լրացումները, քանզի այս դրույթները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության բաղադրատարրերի պահպանման տեսանկյունից: 2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվող Օրենսգրքի 268-րդ հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասի համաձայն՝ «Եթե դատավորի փոխարինումից հետո դատարանը որոշում է կայացրել դատական վարույթը շարունակելու մասին, ապա նախքան դատական կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները համարվում են հետազոտված՝ բացառությամբ այն ապացույցների, որոնք կրկին հետազոտելը դատարանը համարում է անհրաժեշտ: Ապացույց հետազոտելու վերաբերյալ կողմի միջնորդությունը դատարանի համար պարտադիր է: »: Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 46-րդ կետի համաձայն՝ միջնորդությունը վարույթի մասնակցի կամ այլ անձի խնդրանքն է՝ ուղղված վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս դատարանի կողմից կարող է բավարարվել կամ մերժվել՝ դատարանի հայեցողության շրջանակներում: Հետեւաբար Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվող Օրենսգրքի 268-րդ հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասի այն դրույթը, որից ենթադրվում է, որ կողմի միջնորդության բավարարումը դատավորի համար պարտադիր է, հակասում է «միջնորդություն» իստիտուտի ընդհանուր իմաստին, որը վերջինս ունի քրեական դատավորությունում: 3. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվող հղումը առաջարկում ենք շտկել, քանզի Օրենսգրքի 269-րդ հոդվածում բացակայում է 1.2-րդ մաս: 4. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 270.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Եթե դատավորի փոխարինման դեպքում քրեական վարույթը ստանձնելու օրվա դրությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դատաքննության առավելագույն ժամկետի ավարտին մնացել է մեկ տարուց պակաս ժամանակ, ապա դատավորի փոխարինման արդյունքում վարույթն ստանձնած դատարանը եզրափակիչ դատական ակտը կայացնում է վարույթն ստանձնելու օրվանից հետո ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում:»: Գտնում ենք, որ սույն դրույթը հակասում է նույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին, ինչպես նաեւ չի բխում Օրենսգրքի 269-րդ հոդվածի այն ընդհանուր կանոնից, ըստ որի՝ դատավորի փոփոխման դեպքում դատական գործի քննությունը սկսվում է սկզբից: Մասնավորապես, Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 270.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասի դրույթները նախատեսվել են հիմքում ունենալով այն մոտեցումը, որ x գործով հնարավոր է եզրափակիչ դատական ակտ կայացնել միայն y ժամկետում: Այս համատեքստում անտրամաբանական է ակնկալել փոխարինող դատավորից, որը չի կայացրել վարույթը ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ որոշում, կատարել նույն ծավալի x գործի քննությունը եռակի քիչ ժամկետում: Այս մոտեցումների հակասությունը հատկապես կարեւոր է ելնելով այն հանգամանքից, որ դատավարական ժամկետների խախտումը կարող է դատավորի կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսանալ: Ժամկետների հաշվարկման չափանիշի շեղում առկա է նաեւ Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասում, որտեղ մինչեւ 2027 թվականի հուլիսի 1-ին ընդունված գործերի քննության համար նախատեսվելու է առավելագույնը 2 տարի ժամկետ, մինչդեռ 2027 թվականի հուլիսի 1-ին հետո վարույթ ընդունված գործերը հնարավոր է լինելու քննել առավելագույնը 3 տարի ժամկետում: Ուստի առաջարկում ենք դատավարական ժամկետները նախատեսելիս վերանայել Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 270.1-ին հոդվածի եւ Նախագծի 11-րդ հոդվածների մոտեցումները եւ ապահովել ժամկետների հաշվարկման միասնական չափանիշներիի հիման վրա կարգավորումներ: 5. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 325-րդ հոդվածում նոր լրացվող 5-րդ մասի համաձայն՝ «Պաշտպանության կողմն իրավունք ունի ապացույցների հետազոտման ընթացքում դատարանին ներկայացնել հետազոտման ենթակա ապացույցների ծավալում չներառված՝ մեղադրյալի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարելը հերքող առարկա կամ փաստաթուղթ՝ միջնորդելով հետազոտել այն եւ ճանաչել որպես իրեղեն ապացույց կամ արտավարութային փաստաթուղթ:»: Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արտավարութային փաստաթուղթ է քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստերի մասին տվյալներ պարունակող թղթային, մագնիսական, էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա բառային, թվային, գծագրական կամ այլ նշանային ձեւով արված ցանկացած գրառում, որը ձեւավորվել է տվյալ քրեական վարույթի շրջանակներից դուրս:»: Ընդ որում, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն որոշակի պայմանների առկայությամբ քրեական վարույթի շրջանակներից դուրս իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով դատարանի թույլտվությամբ ստացված տեսագրությունները, տեսաձայնագրությունները, ձայնագրությունները եւ այլ օբյեկտիվ փաստաթղթերը եւս կարող են ճանաչվել արտավարութային փաստաթուղթ: Վերոգրյալի լույսի ներքո ցանկանում ենք արձանագրել, որ Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 325-րդ հոդվածում նոր լրացվող 5-րդ մասում կիրառվող «փաստաթուղթ» հասկացությունը շատ ավելի նեղ է եւ ամբողջ ծավալով չի արտահայտում այն բոլոր օբյեկտները, որոնք կարող են ճանաչվել արտավարույթային փաստաթուղթ: Առաջարկում ենք լրամշակել Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 325-րդ հոդվածում նոր լրացվող 5-րդ մասը եւ այն համապատասխանեցնել Օրենսգրքի 96-րդ հոդվածի կարգավորումներին: 6. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվող Օրենսգրքի 325-րդ հոդվածում նոր լրացվող 7-րդ մասի համաձայն՝ «Պաշտպանության կողմի փաստարկները լսելուց հետո դատարանը հետազոտման ենթակա վերաբերելի այլ ապացույցների հետագա հետազոտումը սահմանափակելու հարցի վերաբերյալ անց է կացնում խորհրդակցություն հանրային մեղադրողի, պաշտպանի, իսկ առկայության դեպքում՝ նաեւ տուժողի լիազոր ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: »: Այդ հարցի քննարկման անհրաժեշտությունը առաջանում է պաշտպանական կողմի միջորդության հիման վրա, ինչպես նշախատեսելու է նույն հոդվածի 6-րդ մասը: Օրենսգրքի 338-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն բոլոր եզրափակիչ ելույթներն ունկնդրելուց հետո դատարանը կարող է օրենքի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ խորհրդակցություն անցկացնել հանրային մեղադրողի, պաշտպանի, իսկ առկայության դեպքում՝ նաեւ տուժողի լիազոր ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Այս կառուցակարգը նպատակ է հետապնդում կողմերի համար ոչ միայն կանխատեսելի դարձնել դատարանի հատուկ լիազորության իրականացումը, այն է՝ իրավական գնահատականի փոփոխումը (ասել է թե՝ բացառել վարութային անակնկալները), այլեւ վերջիններիս պատշաճ հնարավորություն է ընձեռում տվյալ հարցի կապակցությամբ հավասարության եւ մրցակցության պայմաններում ներկայացնել եւ հիմնավորել իրենց դիրքորոշումը։ Ընդունելով այն հանգամանքը, որ առանձին խորհրդակցություն անցկացնելու պրակտիկան գոյություն ունի գործող Օրենսգրքի դրույթներում, միաժամանակ ցանկանում ենք նշել, որ այն հետապնդում է այլ նպատակներ, քան կարող է հետապնդել Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվող Օրենսգրքի 325-րդ հոդվածում նոր լրացվող 7-րդ մասը եւ չի անցկացվում միջնորդությունում բարձարցված հարցը քննարկելու նպատակով: Մինչդեռ դատարան ներկայացվող բանավոր միջնորդությունները դատարանի կողմից պետք է քննվի դատական նիստում հրապարակային դատաքննության պայմաններին համապատասխան, եթե չկան այդ սկզբունքից բացառություն նախատեսող Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող հանգամանքներ: Արձանագրելով Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվող Օրենսգրքի 325-րդ հոդվածում նոր լրացվող 7-րդ մասի խնդրահարույց լինելը՝ առաջարկում ենք այն վերանայել: 7. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»: Միեւնույն ժամանակ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերի վերնագրերում արգելվում է կիրառել հապավումներ կամ բառերի կրճատումներ:»: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվող Օրենսգրքի 325-րդ հոդվածում նոր լրացվող 8-րդ մասում Օրենսգրքի անվանումը հիշատակելիս պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջները եւ «ՀՀ» փոխարինել «Հայաստանի Հնարապետություն» ձեւակերպմամբ: 8. Նախագծի 11-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 9. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, այն է՝ «Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը: Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը:»: 10. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը, քանի որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին այլեւս հղում չի կատարվում: 11. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածում նոր լրացվող 4.1-ին մասի համաձայն՝ «Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված առիթներով գործի քննության եւ լուծման օրենքով նախատեսված առավելագույն ժամկետի խախտման վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում վարույթ հարուցող մարմինը կայացնում է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում:»: Ցանկանում ենք նշել, որ դատական ակտ կայացնելու առավելագույն ժամկետի խախտումը որպես կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք ներառված պետք է լինի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում 142-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներում: Իսկ այդ հիմքով վարույթ հարուցվում է արդեն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում 146-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով: Հետեւաբար գտնում ենք, որ բացակայում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածում նոր լրացվող 4.1-ին մասի անհրաժեշտությունը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը խնդրահարույց է Սահմանադրության 63-րդ հոդվածի տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 17.04.2026թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 17.04.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարել փոփոխություններ եւ լրացումներ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարել լրացում, համաձայն որի, առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորում, որը թույլ կտա դատարանին որոշում կայացնել վերաբաշխված քրեական գործերի քննության պայմաններում վարույթն ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ: Նախատեսվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 268-րդ եւ 311-րդ հոդվածների համապատասխան մասերում նախատեսել կարգավորում առ այն, որ եթե դատավորի փոխարինումից հետո դատարանը որոշում է կայացրել դատական վարույթը շարունակելու մասին, ապա նախքան դատական կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները համարվում են հետազոտված՝ բացառությամբ այն ապացույցների, որոնք կրկին հետազոտելը դատարանը համարում է անհրաժեշտ: Բացի այդ՝ ապացույց հետազոտելու վերաբերյալ կողմի միջնորդությունը դատարանի համար պարտադիր է: Նախատեսվում է դատավորի փոխարինման արդյունքում ստացված քրեական գործի նախնական դատալսումների փուլում քննարկման առարկա դարձնել վարույթն ընդհատված պահից շարունակելու հարցը, եւ նման որոշում կայացնելու դեպքում որոշել կրկին հետազոտման ենթակա ապացույցների շրջանակը: Նախագծով առաջարկվում է նաեւ որպես գործի քննության ողջամիտ ժամկետ սահմանել վարույթն ստանձնելու օրվանից ոչ ավելի, քան մեկ տարին, եթե այլ բան նախատեսված չէ օրենսգրքով: Միեւնույն ժամանակ, դատարանին հնարավորություն ընձեռնել՝ գործի իրավական բարդության եւ գործի քննության տեւողությունը անխուսափելիորեն երկարացնող հանգամանքների հաշվառմամբ ոչ ավելի, քան երկու անգամ պատճառաբանված որոշմամբ երկարաձգել նախատեսված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը մեկ տարի ժամկետով: Նախագծով սահմանվում է հիմնական դատալսումների փուլում քրեական հետապնդումը դադարեցնելու եւ վարույթը կարճելու որոշում կայացնելու իրավական հիմքերը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 06.04.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք), ինչպես նաեւ լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ - նախատեսել այնպիսի կարգավորում, որը հնարավորություն կտա դատարանին որոշում կայացնել վերաբաշխված քրեական գործերի քննության պայմաններում վարույթն ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ, մասնավորապես՝ սահմանել, որ՝ եթե վարույթն ստանձնած դատավորը, ծանոթանալով գործի նյութերին, այդ թվում՝ դատական նախորդ կազմով հետազոտված ապացույցներին, գտնում է, որ գործի դատական վարույթը սկզբից սկսելու անհրաժեշտությունը բացակայում է, ապա ինքնաբացարկի, բացարկի եւ վարույթին մասնակցելուց ազատելու հարցը լուծելուց հետո լսելով կողմերին՝ կարող է որոշում կայացնել վարույթն ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ. - Օրենսգրքի 268-րդ եւ 311-րդ հոդվածների համապատասխան մասերում նախատեսել կարգավորում առ այն, որ եթե դատավորի փոխարինումից հետո դատարանը որոշում է կայացրել դատական վարույթը շարունակելու մասին, ապա նախքան դատական կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները համարվում են հետազոտված՝ բացառությամբ այն ապացույցների, որոնք կրկին հետազոտելը դատարանը համարում է անհրաժեշտ: Ընդ որում, ապացույց հետազոտելու վերաբերյալ կողմի միջնորդությունը դատարանի համար պարտադիր է. - որպես գործի քննության ողջամիտ ժամկետ սահմանել վարույթն ստանձնելու օրվանից ոչ ավելի, քան մեկ տարին, եթե այլ բան նախատեսված չէ Օրենսգրքով. Դատարանին հնարավորություն ընձեռել գործի իրավական բարդության, վարութային անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալի եւ գործի քննության տեւողությունն անխուսափելիորեն երկարացնող հանգամանքների հաշվառմամբ ոչ ավելի, քան երկու անգամ պատճառաբանված որոշմամբ երկարաձգել նախատեսված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը մեկ տարի ժամկետով. - որպես պաշտպանության իրավունքի երաշխիք՝ Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանել վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցության լրացուցիչ դեպքեր. - սահմանել, որ՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով դատական նիստը դատարանի որոշմամբ անցկացվում է ազատության մեջ գտնվող մեղադրյալի բացակայությամբ, եթե վերջինս նախնական կամ հիմնական դատալսումների ընթացքում նման միջնորդություն է ներկայացրել. - սահմանել հիմնական դատալսումների փուլում քրեական հետապնդումը դադարեցնելու եւ վարույթը կարճելու որոշում կայացնելու իրավական հիմքը. - ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 32-րդ հոդվածը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումների պայմաններում «Պահեստային դատավորի» ինստիտուտի հետագա գոյության անհրաժեշտությունը բացակայում է: Ակնկալվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի քրեական գործերի քննության տեւողության կանխատեսելիությունը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 13.04.2026թ. -------------------------------------------------------------------------------- [1] Տե՛ս Lavents-ն ընդդեմ Լատվիայի, § 114, Richert-ն ընդդեմ Լեհաստանի, §41, Jorgic-ն ընդդեմ Գերմանիայի, § 64 [2] Տե՛ս Pandjikidze-ն եւ այլք ընդդեմ Վրաստանի, § 104, Gorgiladze-ն ընդդեմ Վրաստանի, § 68: [3] Տե՛ս Փ. Մ. ընդդեմ Ֆինլանդիայի http://hudoc.echr.coe.int/eng?i=001-22630 [4] Տե՛ս Cutean ընդդեմ Ռումինիայի http://hudoc.echr.coe.int/eng?i=001-148277 [5] Տե՛ս Մակար Հովհաննիսյանի եւ Աշոտ Մարտիրոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշում:
|