ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1294-27.03.2026-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12941 -27.03.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1294-27.03.2026-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12941 -27.03.2026-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»: Այսպես՝ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվում է կատարել փոփոխություն, 4-րդ կետով՝ դրույթը ուժը կորցրած ճանաչել, իսկ 5-րդ կետով՝ դրույթից հանել բառ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերի համաձայն, վերոգրյալ բոլոր գործողությունները համարվում են նորմատիվ ակտում փոփոխություն կատարելու տարբեր դրսեւորումներ, ինչից բխում է, որ Նախագծով կատարվում են մի քանի փոփոխություններ, հետեւաբար Նախագծի վերնագիրը պետք է սա արտացոլի:

2. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 85-րդ հոդվածը լրացվում է նոր՝ 2.1-ին մասով, որն ունի հետեւյալ բովանդակությունը. «Դատապարտյալի վարքագիծը չի կարող ոչ պատշաճ գնահատվել միայն տուժողին պատճառված վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած չլինելու հիմքով, եթե դատապարտյալը չունի բռնագանձման ենթակա գույք: Այդ դեպքում դատարանը կայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում` դատապարտյալի վրա դնելով տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն: Եթե դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում խուսափում է տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականությունը կատարելուց, ապա դատարանը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ վերացնում է անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը»: 

Այս համատեքստում հարկ է անդրադառնալ Օրենսգրքի 85-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերին, որոնցով սահմանված է.

«7. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելիս դատարանն անձի վրա դնում է սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը: Եթե դատապարտյալը դեռեւս չի հատուցել կամ այլ կերպ հարթել տուժողին պատճառված իրական վնասը, ապա դատարանը դատապարտյալի վրա նման պարտականություն է դնում:

8. Եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձը խուսափում է դատարանի սահմանած պարտականությունները կատարելուց կամ վերահսկողությունից, ապա դատարանը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ վերացնում է անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը:»:

Վերը մեջբերված դրույթների համադրությունից բխում է, որ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 85-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասի երկրորդ եւ երրորդ նախադասություններով սահմանված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Օերնսգրքով: Մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 85-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասի երկրորդ նախադասությունը նույնաբովանդակ է Օրենսգրքի 85-րդ հոդվածի 7-րդ մասի վերջին նախադասությանը, իսկ 2.1-ին մասի վերջին նախադասությունը՝ 8-րդ մասին:

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները», 17-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված են.

«1. Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում չպետք է անհիմն կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը:

2. Նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերի անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով իրավական ակտում կիրառվում են հղումներ (…)»:

Վերոգրյալ բոլոր դիտարկումները հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 85-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասը խմբագրել՝ ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի, 17-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջների կատարումը:

3. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է. «Օրենսգրքի 133-րդ հոդվածում (…) 5-8-րդ կետերով «Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայությունների» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկի եւ Պրոբացիայի ծառայության» բառերով»: 

Նախ՝ առաջարկում ենք քննարկվող նորմում «5-8-րդ կետերով» ձեւակերպումը փոխարինել «5-8-րդ մասերով» ձեւակերմամբ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հղում է կատարվում Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 133-րդ հոդվածի 5-8-րդ մասերին, այլ ոչ կետերին: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջից: 

Բացի այդ՝ առաջարկում ենք քննարկվող նորմը շտկել, քանի որ «Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայությունների» բառեր առկա են միայն Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 133-րդ հոդվածի 5-րդ եւ 8-րդ մասերում, իսկ նույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերում առկա են «Քրեակատարողական կամ Պրոբացիայի ծառայությունների» բառեր, հետեւաբար քննարկվող նորմում սխալ հղում է: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի պահանջներից: 

Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետը խմբագրել:

4. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի 3-րդ հոդվածում առկա են երկու 2-րդ կետեր, առաջարկում ենք շտկել այդ վրիպակը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

15.04.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

15.04.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ճշգրտել պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դատարանի հայեցողության իրականացման շրջանակները՝ բացառելով այնպիսի մոտեցումը, երբ դատապարտյալի ոչ պատշաճ վարքագծի գնահատումը հիմնվում է բացառապես տուժողին պատճառված վնասը չհատուցելու կամ այն այլ կերպ չհարթելու հանգամանքի վրա: Միաժամանակ առաջարկվող կարգավորումը նախատեսում է իրավական մեխանիզմ, որով դատարանը, պայմանական վաղաժամկետ ազատման մասին որոշում կայացնելիս, կարող է դատապարտյալի վրա դնել տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այն այլ կերպ հարթելու պարտականություն՝ որպես ազատման պայման: Ընդ որում՝ անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համար շարունակում է անհրաժեշտ լինել հետեւյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը՝ պատժի կրման ընթացքում նա դրսեւորել է պատշաճ վարքագիծ եւ նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

31.03.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում», համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում»:

Համաձայն Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխության եւ լրացումների՝ անձը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ կարող է ազատվել միայն այն դեպքում, երբ նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է եւ, միաժամանակ,  վարքագիծը ոչ պատշաճ է միայն այն հիմքով, որ նա չի հատուցել կամ այլ կերպ հարթել տուժողին պատճառված վնասը: Դատապարտյալի վարքագիծը չի կարող ոչ պատշաճ գնահատվել միայն տուժողին պատճառված վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած չլինելու հիմքով, եթե դատապարտյալը չունի բռնագանձման ենթակա գույք: Այդ դեպքում դատարանը կայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում՝ դատապարտյալի վրա դնելով տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն: 

Առաջարկվող իրավակարգավորումներն, ըստ հեղինակի, չեն փոփոխում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի էությունը, այլ ապահովում են դրա առավել ճկուն եւ նպատակային կիրառումը՝ համադրելով դատապարտյալի վերասոցիալականացման շահը, տուժողի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը եւ ամրապնդելով վնասի փոխհատուցման կարեւորությունը՝ սոցիալական արդարությունը վերականգնելու պատժի նպատակի իրացվելիության ապահովման տեսանկյունց:

Ներկայացված փոփոխությունն ու լրացումները նպատակաուղղված են պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կատարելագործմանը՝ ապահովելով առավել հավասարակշռված մոտեցում այն դատապարտյալների նկատմամբ, որոնք օբյեկտիվ պատճառներով չեն կարողացել հատուցել տուժողին պատճառված վնասը:

Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից Նախագծերի փաթեթը, ընդհանուր առմամբ, դրական է՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության եւ սոցիալական արդարության ապահովման տեսանկյունից, սակայն կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: Մասնավորապես, ««Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում՝

- Նախագծի 1-ին հոդված 1-ին մասի 2-րդ կետում «5) տուժողին պատճառված վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը:» նախադասության մեջ հստակեցման կարիք ունի «այլ կերպ հարթելը» ձեւակերպումը, ինչը, մեր կարծիքով, տարաբնույթ մեկնաբանությունների եւ տարընթերցումների տեղիք կարող է տալ (կարելի է սահմանել տվյալ հասկացության բովանդակությունը կամ նախատեսել դրա կիրառման օրինակների ցանկ, օրինակ՝ մասնակի հատուցում, հաշտության համաձայնություն, փոխհատուցման ժամանակացույցի սահմանում):

- Նախագծով առաջարկվող նոր կարգավորումը սոցիալական արդարության տեսանկյունից դրական է, սակայն կարող է ընկալվել որպես
անհավասարություն՝ վճարունակ եւ ոչ վճարունակ դատապարտյալների միջեւ:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխության եւ լրացման ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: 

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

01.04.2026թ.