ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-1279-06.03.2026-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-1279-06.03.2026-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7.1-ին մասի համաձայն. «7.1. Մինչեւ սույն օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված մասնակի բեռնվածությամբ ուսումնառության գործընթացների՝ սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում ներդրումն ու կազմակերպումը՝ բուհերում հեռակա ուսուցման ընդունելության հետ կապված հարաբերությունները շարունակում են կարգավորվել «Կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:»:

Հարկ ենք համարում նշել, որ «Կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած է ճանաչվել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-251-Ն օրենքով: Ուստի առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7.1-ին մասում «Կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասին կատարված հղումը, քանի որ գործողությունը դադարեցված իրավադրույթով չեն կարող կարգավորվել որեւէ իրավահարաբերություններ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկության հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավակարգավորման հստակությունը:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

24.03.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

24.03.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում սահմանել կարգավորումներ, որոնք կնպաստեն բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների բնականոն ընթացքին, մասնավորապես՝ գիտական կազմակերպությունների եւ բուհերի գործադիր մարմինների ընտրության պարագայում առավել մրցունակ պայմանների, բաց, թափանցիկ մեխանիզմների երաշխավորմանը, այդ գործընթացի համար նախատեսելով ողջամիտ ժամկետներ, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններ (մասնավորապես՝ բակալավրի կրթական աստիճանում) ընդունելության գործընթացի բնականոն կազմակերպմանը՝ մինչեւ օրենքով նախատեսված նոր կարգավորումների կիրառումը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԱՐԹՈՒՐ  ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

11.03.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել փոփոխություններ եւ լրացումներ: 

Նախագծի ընդունումը պայմանավորված է հանրային գիտական կազմակերպությունների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների բնականոն գործունեությունը եւ խոշորացման գործընթացը համաչափ իրականացնելու անհրաժեշտությամբ:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ Օրենքով նախատեսված նոր կարգավորումները, որոնք մտել են ուժի մեջ, խոչընդոտ են հանդիսանալու ընթացիկ ժամանակահատվածում գործող գիտական կազմակերպությունների եւ բուհերի կառավարման բնականոն գործընթացները կազմակերպելու համար, քանի  դեռ հաստատված չեն անհրաժեշտ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծի հեղինակի կողմից առաջարկվում է Օրենքի եզրափակիչ մասում եւ անցումային դրույթներում կատարել փոփոխություններ եւ լրացումներ, որոնք մինչեւ 2029-2030 ուսումնական տարին կապահովեն բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացի կազմակերպումը, իսկ բուհերում հեռակա ուսուցման ընդունելությունները կկարգավորվեն «Կրթության մասին» օրենքով:

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                          ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

12.03.2026թ.