ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1278-05.03.2026-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Ծովինար Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1278-05.03.2026-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից հանել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառը, քանզի Նախագծով «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում նախատեսվում են միայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով փոփոխություններ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների  համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

18.03.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

18.03.2026թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ջերմոցների (ջերմատների) եւ գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների կառուցման դեպքում նվազեցնել տեղական տուրքի դրույքաչափերը: Մասնավորապես, այս առումով առաջարկվում է տեղական տուրքը հաշվարկել՝ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների համար՝ 1 հա (10000 քառակուսի մետր) ընդհանուր մակերեսի հաշվով՝ 400 հազար դրամի, այլ ընդհանուր մակերեսի հաշվով՝ 1 հա-ի (10.000 քառակուսի մետրի) հաշվով 400 հազար դրամ գումարի նկատմամբ համամասնորեն հաշվարկած գումարի եւ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

13.03.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ԱԺ պատգամավորի կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում, ինչը պայմանավորված է ջերմոցների (ջերմատների) զարգացման ուղղությամբ ներդրումների իրականացման եւ գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների կառուցման աջակցմամբ, ինչն, ըստ հեղինակի, կնպաստի ոռոգելի տարածքների ավելացմանը եւ ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրմանը:

Նախագծով ներկայացված լրացումներով եւ փոփոխություններով, հեղինակն առաջարկում է նվազեցնել ջերմոցների (ջերմատների) եւ գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների դրույքաչափերը, հետեւյալ տրամաբանությամբ՝ 

«…-ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների համար՝ իսկ 1հա (10000 քառակուսի մետր) ընդհանուր մակերեսի հաշվով՝ 400 հազար դրամի, այլ ընդհանուր մակերեսի հաշվով՝ 1 հա-ի (10000 քառակուսի մետրի)  հաշվով 400 հազար դրամ գումարի նկատմամբ համամասնորեն հաշվարկած գումարի եւ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը:»:

Առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կնվազի ջերմատների եւ ջրավազանների կառուցման շինարարության (տեղադրման) թույլտվության համար գանձվող տեղական տուրքի դրույքաչափը, ինչն, իր հերթին, կնպաստի նորարարական ջերմատների եւ կառուցվող ջրավազանների թվի աճին:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծով առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

11.03.2026թ.