ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության եւ դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1277-05.03.2026-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության եւ դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1277-05.03.2026-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Լ.Պետրոսյան(հեռ.՝ 011-513-248) 

                  Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248)

18.03.2026թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք՝ առաջանալու է նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն: Օրինակ՝

Արձանագրության 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ Արձանագրության Կողմ հանդիսացող երկրների կողմից գենետիկական պաշարների օգտագործումից, ինչպես նաեւ դրանց հետագա կիրառումից եւ առեւտրայնացումից ստացվող օգուտներն արդար ու հավասար հիմունքներով համօգտագործվում են այդ պաշարները տրամադրող Կողմի հետ, որն այդ պաշարների ծագման երկիրն է, կամ այն Կողմի հետ, որը ձեռք է բերել գենետիկական պաշարները «Կենսաբանական բազմազանության մասին» Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 15-րդ հոդվածի 7-րդ կետի համապատասխան, որն իր հերթին նախատեսում է, որ Կողմերը օրենսդրական, վարչական կամ քաղաքական միջոցներ են ձեռնարկում յուրաքանչյուր Կողմից տրամադրվող գենետիկական պաշարների առեւտրային եւ այլ նպատակներով օգտագործման արդյունքում առաջացած օգուտների արդար եւ հավասար հիմունքներով համատեղ օգտագործման նպատակի իրացման համար: Արձանագրության 5-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ մասերը, 6-րդ հոդվածի 3-րդ մասը, 12-րդ հոդվածը, 15-րդ հոդվածի 1-ին մասը, 16-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը եւ 22-րդ հոդվածը նախատեսում են նույնպիսի իրավակարգավորումներ, ինչպես նաեւ գենետիկական պաշարների պատշաճ հասանելիության իրագործման իրավակարգավորումներ: 

Տվյալ դեպքում Արձանագրությունը կարգավորում է գենետիկական պաշարների հասանելիության եւ դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար եւ հավասար հիմունքներով համօգտագործման հետ կապված մի շարք հարաբերություններ, որոնք ներկայումս կարգավորված չեն Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ։ Հետեւաբար, Արձանագրության դրույթների լիարժեք կիրառումն ապահովելու նպատակով կարող է առաջանալ գործող իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կամ նոր իրավական կարգավորումների ընդունման անհրաժեշտություն։

Հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր:»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ:»:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Լ.Պետրոսյան (հեռ.՝ 011-513-248)

                  Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248)

18.03.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2010 թվականի հոկտեմբերի 29-ին Նագոյայում ընդունված «Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային կից Գենետիկական պաշարների հասանելիության եւ դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությունը: Այն ուղղված է Կոնվենցիայի երեք հիմնական նպատակներից մեկի՝ գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացվող օգուտների արդար եւ հավասար բախշման գործնական իրականացմանը, որի արդյունքում ակնկալվում են.

  • ազգային ռեսուրսների նկատմամբ ինքնիշխանություն եւ իրավական պաշտպանություն,
  • տնտեսական օգուտներ,
  • տեղական եւ բնիկ համայնքների ավանդական գիտելիքներին աջակցություն,
  • միջազգային հեղինակության բարձրացում եւ գլոբալ մեխանիզմներին մասնակցություն,
  • հավելյալ միջազգային ֆինանսական աղբյուրների հասանելիություն,
  • գիտատեխնիկական համագործակցության խթանում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

16.03.2026թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2010 թվականի հոկտեմբերի 29-ին Նագոյա քաղաքում ընդունված «Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային կից Գենետիկական պաշարների հասանելիության եւ դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն)՝ գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման նպատակով, այդ թվում՝ հաշվի առնելով բոլոր իրավունքներն այդ պաշարների եւ տեխնոլոգիաների նկատմամբ՝ գենետիկական պաշարների պատշաճ հասանելիության եւ համապատասխան տեխնոլոգիաների պատշաճ փոխանցման միջոցով,  ինչպես նաեւ պատշաճ ֆինանսավորման միջոցով՝ նպաստելով կենսաբանական բազմազանության պահպանմանը եւ դրա բաղադրիչների կայուն օգտագործմանը:

Արձանագրություն ուժի մեջ է մտել 2014 թվականի հոկտեմբերի 12-ին: 

Արձանագրությանը Հայաստանի Հանրապետության միանալը կհանդիսանա լրացուցիչ դրական ուղերձ միջազգային հանրությանը բնապահպանական խնդիրների հասցեագրման հարցում Հայաստանի Հանրապետության բարձր հանձնառության եւ համապատասխան քայլերի ձեռնարկման պատրաստակամության առնչությամբ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

13.03.2026թ.