ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1274-02.03.2026-ՊԻ-011/0), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12741 -02.03.2026-ՊԻ-011/0) եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12742 -02.03.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1274-02.03.2026-ՊԻ-011/0), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12741 -02.03.2026-ՊԻ-011/0) եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12742 -02.03.2026-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ողջ տեքստում առաջարկում ենք «Քաղաքացիական օրենսգրքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

3. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում առաջարկում ենք հղումը շտկել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասում «գրանցման պահից» բառերից հետո ստորակետ դրված չէ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթն իր՝ անհետաձգելի համարվելու եւ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկվելու հետեւանքով փորձաքննության է ենթարկվել միայն իրավական տեխնիկայի տեսանկյունից, քանի որ բացակայել է ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը՝ ժամանակի սղության գործոնով պայմանավորված: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

17.03.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

17.03.2026թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է շենքի տակ գտնվող հողամասի սեփականության իրավունքը վիճարկելու դեպքերում մինչեւ վեճի լուծումը հողամասի եւ ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի նկատմամբ օրենքի ուժով երաշխավորել գնորդների գույքային իրավունքները: Նշվածը բխում է Օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասից, որը շենքի կամ շինության սեփականատիրոջը, ով դրանով զբաղեցված հողամասի սեփականատերը չէ, անկախ հողամասի սեփականատիրոջ համաձայնությունից, օրենքի ուժով դրա նկատմամբ օգտագործման իրավունք է վերապահում:

Նախագծերի փաթեթով երաշխավորում են նաեւ շենքի եւ հարակից հողամասի սեփականության իրավունքի դատական վիճարկման դեպքերում գնորդների օրինական ակնկալիքների պաշտպանությունը՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման իրավական խոչընդոտների դեպքում նրանց վերապահելով դրա օգտագործման իրավունք, ինչի ուժով անշարժ գույքի սեփականատեր գնորդներն օրենքի ուժով ստանում են իրենց շահերից ելնելով, առանց սեփականատիրոջ միջամտության կամ համաձայնության հողամասն օգտագործելու՝ պետության կողմից երաշխավորված ու ճանաչված իրավունք:

Շարադրվածի համատեքստում կարգավորվում են նաեւ փոխանցման ակտ կնքելու, դրա բովանդակության եւ դատաքննության ելքով պայմանավորված՝ գնորդների սեփականության իրավունքի գրանցման վարույթի առանձնահատկությունները եւ իրականացման կարգը, ինչպես նաեւ գնորդներին վերապահվում է բաժնային սեփականության սեփականատերերի հետ հավասար պայմաններում շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման հարաբերություններին մասնակցելու հնարավորություն:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

03.03.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ Կառավարության կողմից ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է՝

- անշարժ գույքի, այն է՝ շենքի տակ գտնվող հողամասի սեփականության իրավունքը վիճարկելու դեպքերում մինչեւ քննվող դատական գործի շրջանակներում վեճի լուծումը հողամասի եւ ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի նկատմամբ օրենքի ուժով երաշխավորել գնորդների գույքային իրավունքները: Հավելենք, որ վերջինս բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ամրագրված իրավակարգավորումներից, մասնավորապես՝ 207-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավադրույթից, համաձայն որի՝ «Այլ անձի պատկանող հողամասում գտնվող անշարժ գույքի սեփականատերն իրավունք ունի օգտագործել այդ հողամասի այն մասը, որում ամրակայված է անշարժ գույքը».

- շենքի, ինչպես նաեւ հարակից հողամասի սեփականության իրավունքի դատական վիճարկման դեպքերում գնորդների օրինական ակնկալիքների պաշտպանության երաշխավորում՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման իրավական խոչընդոտների դեպքում նրանց վերապահելով դրա օգտագործման իրավունք, որի արդյունքում անշարժ գույքի սեփականատեր գնորդներն օրենքի ուժով ստանում են իրենց շահերից ելնելով, առանց սեփականատիրոջ միջամտության կամ համաձայնության հողամասն օգտագործելու՝ պետության կողմից երաշխավորված ու ճանաչված իրավունք.

- փոխանցման ակտ կնքելու, դրա բովանդակության եւ դատաքննության ելքով պայմանավորված՝ գնորդների սեփականության իրավունքի գրանցման վարույթի առանձնահատկությունների եւ իրականացման կարգի իրավակարգավորում, ինչպես նաեւ գնորդներին բաժնային սեփականության սեփականատերերի հետ հավասար պայմաններում շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման հարաբերություններին մասնակցելու հնարավորության վերապահում: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Ա. Քոչարյան (հեռ.՝ 011-513-235)

13.03.2026թ.