ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1255-10.02.2026-ԱՍ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1255-10.02.2026-ԱՍ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 7-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացվող նոր՝ 95.1-ին հոդվածի վերնագրի վերջում դրված միջակետն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված դրույթը, որի համաձայն. «Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:»: 2. Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված դրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկության հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: Հաշվի առնելով Նախագծի անհետաձգելի համարվելու հանգամանքը՝ նշենք, որ բացակայել է փորձաքննության ենթարկելու համար օրենսդրությամբ նախատեսված ժամկետը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 11.02.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 11.02.2026թ.
Նախագծով առաջարկվում է աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը եւ լուծումը 2027 թվականի հունվարի 1-ից իրականացնել բացառապես թվային համակարգով: Բացի այդ, առաջարկվում է, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող անձի հետ (որը փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում), այդ թվում՝ 2027 թվականի հունվարի 1-ից հետո, աշխատանքային պայմանագիրը կնքվի թղթային եղանակով (այդ թվում՝ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով)՝ քանի որ Հայաստանի Հանրապետությունում չգտնվող անձինք չեն կարող ստանալ էլեկտրոնային թվային ստորագրություն: Կարգավորումներ են նախատեսվում նաեւ ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի մասով: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 11.02.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր, Նախագծի նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների ծագման անխափան ընթացքը: Նախագծով մասնավորապես առաջարկվում է՝ - Օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ. «3. 2027 թվականի հունվարի 1-ից աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումն իրականացվում են թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ն աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումը կարող է իրականացվել նաեւ թվային համակարգի միջոցով». - սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող անձի հետ (որը փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում, աշխատանքը կատարվելու է Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրում), այդ թվում 2027 թվականի հունվարի 1-ից հետո, աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվում (աշխատանքային պայմանագիրը կկնքվի թղթային եղանակով (այդ թվում՝ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով)): Նախագծով կարգավորումներ են նախատեսվում նաեւ ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի մասով: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 /Ներք. 1618/ 11.02.2026թ.
|