ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1246-23.01.2026-ԱՍ-011/0) եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12461 -23.01.2026-ԱՍ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1246-23.01.2026-ԱՍ-011/0) եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12461 -23.01.2026-ԱՍ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին կետով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 12.2-րդ կետում սահմանվում է «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը, մասնավորապես. «12.2) անկախ կյանքի կենտրոն՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից եւ ֆինանսավորման աղբյուրից անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայություններ մատուցող, որը բավարարում է սույն օրենքի 21-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված իրավական ակտով սահմանված պահանջները.»: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 21-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3.1-ին մասում սահմանված դրույթով նախատեսվում է լիազոր մարմնի իրավասությունը հաստատել միայն անկախ կյանքի կենտրոնի գործունեության կարգը եւ պայմանները, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 12.2-րդ կետում նախատեսված դրույթը հղում է կատարում նույն իրավական ակտով սահմանված անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայություններ մատուցողին ներկայացվող պահանջներին: Ուստի Նախագծով սահմանված վերը մեջբերված դրույթների համապատասխանությունը միմյանց ապահովելու նպատակով անհրաժեշտ է անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայություններ մատուցողին ներկայացվող պահանջների սահմանման իրավասությունը օրենքով վերապահել լիազոր մարմնին: 2. Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված դրույթը, որի համաձայն. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի վերնագրին: 3. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 12-րդ հոդվածում լրացվող նոր՝ 10.1-ին մասում առաջարկում ենք մասի համարակալումը տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված պահանջը, այն է. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի անհետաձգելի համարվելու հանգամանքը՝ նշենք, որ բացակայել է փորձաքննության ենթարկելու համար նախատեսված ժամկետը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 06.02.2026թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 06.02.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել իրավական հիմք աջակցող միջոցների տրամադրման կամ վերանորոգման դիմաց փոխհատուցում ապահովելու համար՝ ոչ միայն պետական բյուջեի, այլեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին, ինչպես նաեւ օրենքի մակարդակով ամրագրվում է «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը՝ ապահովելով դրա միասնական եւ հստակ ընկալումը: Բացի այդ, սահմանվում է, որ այն անձինք, ովքեր անցել են ֆունկցիոնալության գնահատում եւ նրանց վերաբերյալ առկա է ուժի մեջ գտնվող ֆունկցիոնալության գնահատման որոշում, ապա նոր ծառայություններ ստանալու համար նրանք կրկին ֆունկցիոնալության գնահատում չեն անցնի, այլ փոփոխությունը կկատարվի միայն Ծառայությունների անհատական ծրագրում: Սահմանվում է նաեւ հնարավորություն՝ տեղեկատվական շտեմարանի տվյալները սահմանված կարգով փոխանցելու լիազոր մարմնի հետ համագործակցող կազմակերպություններին, պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ վիճակագրական եւ հետազոտական աշխատանքների իրականացման, ինչպես նաեւ ծրագրերի արդյունավետության գնահատման նպատակով՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիության պահանջները: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 26.01.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում՝ - կընդլայնվեն աջակցող միջոցների տրամադրման եւ վերանորոգման ֆինանսավորման փոխհատուցման աղբյուրները, - կհստակեցվեն «անկախ կյանքի կենտրոններ»-ի հասկացությունը, դրանց գործունեության շրջանակները, կձեւավորվեն միասնական կանոններ ու մոտեցումներ, ինչը կնպաստի վերոնշյալ կենտրոնների արդյունավետ գործունեությանը եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար մատչելի ու որակյալ ծառայությունների մատուցմանը, - Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի հիման վրա մշակված ծառայությունների անհատական ծրագիրը կարող է փոփոխվել (լրացվել) կառավարության կողմից սահմանված դեպքում՝ առանց ֆունկցիոնալության գնահատման իրականացման, - տեղեկատվական շտեմարանի առկա տվյալների նպատակային եւ վերահսկվող փոխանցման հնարավորությունը կնպաստի ավելի հիմնավոր քաղաքականության եւ բարելավված ծառայությունների մշակմանը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 /Ներք. 1618/ 02.02.2026թ.
|