ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1244-19.01.2026-ՏՀ-011/0) եւ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1244.1-19.01.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1244-19.01.2026-ՏՀ-011/0) եւ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1244.1-19.01.2026-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում առաջարկում ենք «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) անվանումը հիշատակելիս պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի  պահանջը առ այն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:» եւ հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Օրենքի 1-ին հոդվածի առաջին պարբերությունում «Սույն» բառից առաջ լրացնել «1.» թվով, իսկ հասկացությունները համապատասխանաբար համարակալել 1-29 թվերով: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված կանոնը, որի համաձայն. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:», առաջարկում ենք նշում կատարել 1-29 թվերը տեքստից բաժանելու կետադրական նշանների, այն է՝ փակագծերի մասին:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված լրացմանը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված վերոհիշյալ դրույթի հաշվառմամբ, անհրաժեշտ է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ չհամարակալված պարբերությունները համարակալելիս հաշվի առնել նաեւ մասերի համարակալումը տեքստից միջակետով բաժանելու հանգամանքը:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում հղում է կատարվում Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին, մինչդեռ հարկ է նկատել, որ Օրենքի 1-ին հոդվածը համարակալվում է մասի եւ կետերի միայն սույն Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով, այսպես՝ նշված կարգավորումը դեռեւս չունի «օրենքի» կարգավիճակ: Ուստի Օրենքի 1-ին հոդվածը դեռեւս չունի 1-ին մասի 5-րդ կետ, եւ կիրառված հղումը անհրաժեշտ է համապատասխանեցնել Օրենքի գործող կարգավորման ձեւին՝ հղում կատարելով չհամարկալված պարբերություններին:

Նույն դիտարկումը համապատասխանաբար վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետում կատարված «1-ին մասի 7-րդ կետում» հղմանը, իսկ 4-րդ կետում՝ «1-ին հոդվածի 1-ին մասը» հղմանը, Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետում՝ «1-ին եւ 2-րդ մասերը» հղմանը, իսկ 2-րդ կետում՝ «1-ին մասում» հղմանը, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում՝ «1-ին մասի 3-րդ կետից» հղմանը:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է կատարել երկու առանձին լրացումներ Օրենքի 2-րդ հոդվածի տարբեր մասերում: Հետեւաբար առաջարկում ենք նշյալ երկու լրացումները կատարել նույն հոդվածի առանձին կետերով:

5. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին հոդվածի 6-րդ մասում նշված է «Սույն հոդվածով եւ 5.2-րդ հոդվածով», առաջարկում ենք հստակեցնել, թե որ օրենսդրական ակտի 5.2-րդ հոդվածին է հղում կատարվում: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի պահանջներից եւ վերաբերելի է նաեւ Նախագծի՝ ոչ հստակ հղում պարունակող բոլոր դրույթներին:

6. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող «ե» կետի համաձայն՝ «(...) Թերության աննշան լինելու ապացուցման պարտականությունը կրում է վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները: (...) »: Ցանկանում ենք նշել, որ սույն իրավական նորմով վաճառողը կրում է պարտականություն, որը ձեւակերպվում է գնահատողական կատեգորիայի միջոցով, մասնավորապես՝ հստակ, միանշանակ ընկալելի եւ հասկանալի չեն այն չափանիշները, որոնք թերությունը դարձնում են «աննշան»: Համամիտ լինելով Սահմանադրական դատարանի այն դիրքորոշման հետ, որ «(...) հնարավոր չէ օրենսդրությունը կառուցել այն տրամաբանությամբ, որ դրանում առկա չլինեն գնահատողական կատեգորիաներ, մեկնաբանման ենթակա եզրույթներ կամ ձեւակերպումներ, սակայն դա չի կարող հանգեցնել իրավական անորոշության, քանի որ այդպիսի ձեւակերպումներն իրենց մեկնաբանությունն ու հստակեցումն են ստանում արդեն դատարանի կողմից կոնկրետ գործի հանգամանքների հաշվառմամբ եւ գնահատվում են դատարանի իրավակիրառ հայեցողության լիազորությունների իրականացման շրջանակներում(...) » (2020 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-1561 որոշում)՝ այնուամենայնիվ, առաջարկում ենք խուսափել պարտականություն նախատեսող նորմերում նման հասկացությունների կիրառումից եւ հնարավորինս այն հստակեցնել՝ սուբյեկտիվ գնահատման առարկա հանդիսացող հասկացությունների կիրառումը թողնելով միայն որպես «վերջին միջոց»:

Սույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 18-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում կիրառվող «զգալի անհարմարություն» եւ Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 19.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կիրառվող «լուրջ բնույթ» հասկացություններին:

7. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվում է 17.2-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ. 

«Հոդված 17.2. Ապրանքի անհամապատասխանության ապացուցումը

1. Սպառողին ապրանքի՝ այդ թվում թվային տարր պարունակող ապրանքի, առաքման պահից մեկ տարվա ընթացքում ապրանքի ցանկացած անհամապատասխանության հայտնի դառնալու պարագայում ապացուցման պարտականությունը կրում է վաճառողը (արտադրողը):»

Այսպես՝ նշված հոդվածն ունի «Ապրանքի անհամապատասխանության ապացուցումը» վերնագիրը եւ այդ հոդվածով նշված է, որ անհամապատասխանության հայտնի դառնալու պարագայում ապացուցման պարտականությունը կրում է վաճառողը (արտադրողը): Հոդվածի վերնագրի եւ դրա բովանդակության համադրությունից բխում է, թե վաճառողը (արտադրողը) պարտավորվում է ապացուցել անհամապատասխանության առկայության փաստը, այլ ոչ թե դրա բացակայությունը: Իրավական շփոթից խուսափելու նպատակով առաջարկում ենք քննարկվող դրույթը խմբագրել՝ ապահովելով վերջինիս վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունը միմյանց: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջից:

8. Նախագծի 12-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող գլխի համարը առաջարկում ենք ձեւակերպել հետեւյալ տեսքով՝ «II.1»՝ ելնելով այն հանգամանքից, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-ին մասի համաձայն՝ Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով, իսկ նույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Նորմատիվ իրավական ակտի գլուխների, հոդվածների միջեւ համապատասխանաբար նոր գլուխ կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով:

9. «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ձեւակերպման փոխարեն կիրառել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ձեւը, քանզի «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում նախաձեռնված է միայն մեկ փոփոխություն՝ հանձինս 2-րդ հոդվածի 2-րդ կետի:

10. «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվում է «Գովազդի մասին» օրենքի 2-րդ հոդվածում առաջին պարբերությունում «Սույն» բառից առաջ լրացնել «1.» թվով, իսկ հասկացությունները համապատասխանաբար համարակալել 1-11 թվերով: Միաժամանակ նույն հովածի 2-րդ կետով նախատեսվում է «Գովազդի մասին» օրենքի 1-ին պարբերությունում լրացնել 4-րդ եւ 5-րդ կետեր: Նշված լրացումների միաժամանակյա կատարման արդյունքում «Գովազդի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում կամրագրվեն երկու 4-րդ կետեր եւ երկու 5-րդ կետեր: Ուստի առաջարկում ենք վերանայել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված լրացումը համարկալումը ճիշտ եւ հաջորդական կառուցելու նպատակով:

11. «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող «Գովազդի մասին» օրենքում նոր լրացվող 21.1-ին  հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նույն օրենքին կատարվող հղումը առաջարկում ենք շտկել, մասնավորապես հղում կատարել «սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին»:

12. Միաժամանակ նշենք, որ Նախագծերի փաթեթում առկա են մի շարք վրիպակներ, դասական թվականների գրության սխալներ, որոնք շտկման կարիք ունեն:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների իրավական որոշակիությունը, համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարողներ՝   Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

                          Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 

                         Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 

03.02.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարողներ՝  Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

                         Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 

                         Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 

03.02.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Սպառողների իրավունքների պաշտպանության» եւ «Գովազդի մասին» օրենքներում՝ նպատակ ունենալով ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան սահմանելու սպառողների պաշտպանության արդյունավետ համակարգի կայացման շրջանակում առկա առանցքային նշանակություն ունեցող մի շարք հիմնահարցերի լուծմանն ուղղված կարգավորումներ, մասնավորապես՝ սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների սահմանման արգելում, սպառողների իրավունքների պաշտպանությունը հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի ժամանակ, սպառողների պաշտպանությունը՝ մոլորության մեջ գցող եւ համեմատություններ պարունակող գովազդի մասով եւ դրանց համար պատասխանատվության սահմանում, առուվաճառքի պայմանագրով եւ օրենքով սահմանված այլ պայմանագրերով ապրանքին ներկայացվող պահանջներին անհամապատասխանության դեպքում սպառողի իրավական պաշտպանության միջոցների սահմանում եւ այլն:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

29.01.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Գովազդի մասին» օրենքում:

Նախագծերի փաթեթով ներկայացվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը նպատակ ունի արդիականացնել սպառողների իրավունքների պաշտպանության իրավական կարգավորումները՝ հաշվի առնելով ժամանակակից առեւտրային հարաբերությունների զարգացումը, թվային տնտեսության առանձնահատկությունները, ինչպես նաեւ եվրոպական իրավական մոտեցումները:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքն, ըստ հեղինակի,  դեռեւս զգալի բարեփոխման կարիք ունի, ինչը պայմանավորված է իրավական բացերի առկայությամբ եւ գործող կարգավորումների թերություններով, որոնց լուծումը առանցքային նշանակություն ունի սպառողների արդյունավետ պաշտպանության ապահովման համար:

Նախագծերի փաթեթով էականորեն ընդլայնվում են սպառողների իրավունքների պաշտպանության երաշխիքները՝ մասնավորապես, ապրանքների համապատասխանության, թվային տարրեր պարունակող ապրանքների, առեւտրային երաշխիքների, ապացուցման բեռի բաշխման, ինչպես նաեւ հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի ոլորտներում: Առաջարկվող իրավակարգավորումները մեծապես համահունչ են Եվրոպական միության սպառողական իրավունքի հիմնական ուղղություններին:

Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթի վերաբերյալ, սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից առաջարկություններ եւ դիտողություններ չկան, սակայն, մեր կարծիքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մի շարք դրույթներ ունեն հստակեցման եւ լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն: Մասնավորապես՝

- որոշ իրավական հասկացություններ եւ չափանիշներ (օրինակ՝ «ողջամտորեն ակնկալվող» (հոդված 5.1), «անհամաչափ ծախսեր» (հոդված 7), «զգալի անհարմարություն» (հոդված 9)) ձեւակերպված են բաց եւ տարընթերցումների ու տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս,

- կարծում ենք, Նախագծով հստակ պետք է նշվի, որ խոցելի խմբերի համար (տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ցածր կրթական կամ թվային գիտելիքներ ունեցողներ) տեղեկատվությունը պետք է լինի ավելի պարզ, մատչելի եւ անհրաժեշտության դեպքում՝ թղթային (հստակ ամրագրելով «գին», «վերադարձի իրավունք», «երաշխիք», «ժամկետներ» հասկացությունները),

- Նախագիծը առավելապես հիմնվում է առցանց վաճառքի, թվային ստորագրության, էլեկտրոնային համաձայնությունների վրա, մինդեռ հատկապես մարզերի մեծաթիվ բնակիչները չունեն ինտերնետ կամ չեն կարող օգտվել թվային հարթակներից,

- ապրանքի կամ ծառայության վերադարձնելու ծախսը հիմնականում վճարում է սպառողը (ցածր եկամուտ ունեցող մարդը կարող է պարզապես չվերադարձնել ապրանքը՝ ծախսերից խուսափելու համար): Կարծում ենք, կարելի է սոցիալապես խոցելի խմբերի համար վերադարձի ծախսերը մասամբ կամ ամբողջությամբ թողնել վաճառողի վրա,

- թեեւ կան բողոքարկման մեխանիզմներ, սակայն սոցիալապես խոցելի որոշ խմբերի համար դրանք բարդ են, մարդիկ պարզապես հրաժարվում են պայքարել իրենց իրավունքների համար: Կարծում ենք, վեճերի լուծման եւ բողոքարկման մեխանիզմներն անհրաժեշտ է ավելի պարզեցնել՝  ստեղծելով անվճար, պարզ սպառողական բողոքների համակարգ (առցանց կամ հեռախոսով):

Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումները համապատասխանում են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում արդիականացման նպատակներին, սակայն դրա արդյունավետ կիրառումն ապահովելու համար նպատակահարմար է առանձին դրույթների հստակեցում եւ գործնական կիրառելիության բարձրացում:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդուման դեպքում, հեղինակն ակնկալում է, որ  կստեղծվի սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ գործող համակարգ եւ բարեխիղճ մրցակցության ու ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայր: 

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

30.01.2026թ.