ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1242-19.01.2026-ԳԿ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1242-19.01.2026-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 3-րդ հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ նոր խմբագրությամբ շարադրվող 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Այն անձինք, ովքեր պետությանը նվիրաբերել են մշակութային արժեքներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված են կամ ենթակա են գրանցման պետական պահպանական ցուցակներում կամ գրանցամատյաններում, նվիրաբերված յուրաքանչյուր արժեքի դիմաց ազատվում են (մեկ անգամ) արտահանման իրավունքի լիցենզիա (եզրակացություն) եւ եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի վճարումից»: Հարկ է նկատել, որ վերը մեջբերված դրույթը վերաբերում է միայն մշակութային արժեքների արտահանման իրավունքի լիցենզիա (եզրակացություն) եւ եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տեսակի փաստաթղթերին, մինչդեռ Նախագծի 1-3-րդ հոդվածներով մշակութային արժեքների արտահանմանը վերաբերող համապատասխան փաստաթղթերի այլ շրջանակ է սահմանված: Մասնավորապես՝ արտահանման իրավունքի լիցենզիա (եզրակացություն) փաստաթղթի տեսակ Նախագծով սահմանվող փաստաթղթերի շարքում առկա չէ, փոխարենը կան երկու առանձին փաստաթղթերի տեսակներ՝ արտահանման լիցենզիա (եզրակացություն) եւ արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), որոնք քննարկվող նորմում նշված չեն: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք քննարկվող նորմը շարադրելիս հաշվի առնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները, դրանք են. «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 17-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում մշակութային արժեքների արտահանման հետ կապված փաստաթղթերի տրամադրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափը բարձրացվում է, իսկ hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների արտահանման փաստաթղթերի տրամադրման համար սահմանվում է պետական տուրք: Նախագծի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ Նախագիծը ուժի մեջ է մտնելու վերջինիս պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս անց: Կարծում ենք՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 17-րդ հոդվածով սահմանվող կարգավորումների եւ Նախագծի 4-րդ հոդվածով սահմանված վերջինիս ուժի մեջ մտնելու ժամկետի համակցությունը կարող է խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) տեսանկյունից: Այսպես՝ Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է. «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից»: Նախագծի 4-րդ հոդվածով որպես դրա ուժի մեջ մտնելու ժամկետ՝ նշված է վերջինիս պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամիսը: Մինչդեռ՝ Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով հստակ նշված է, որ ժամկետը պետք է սկսի հոսել համապատասխան օրենքի ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից: Հարկային տարվա սկիզբը որպես դրույթի գործելու սկիզբ սահմանելը, Օրենսգրքի համաձայն, պարտադիր պայման է: Ինչից բխում է, որ Նախագծի 4-րդ հոդվածով սահմանված վերջինիս ուժի մեջ մտնելու ժամկետը հակասում է Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորմանը, քանի որ չի պահպանվում դրանով նշված ուժի մեջ մտնելու նվազագույն ժամկետը: Այս դեպքում Նախագծի ուժի մեջ մտնելու հնարավոր ամենավաղ ժամկետը 2027 թվականի հարկային տարվա սկիզբն է: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածում նշված վերջինիս՝ ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանելիս հաշվի առնել Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:: Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 23.01.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 23.01.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է պետական տուրքի նոր տեսակների սահմանում, որոնք կիրառվում են մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար: Մասնավորապես, նախատեսվում է՝ մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության շրջանակներում սահմանված մշակութային արժեքների մաքսային գործառնությունների շրջանակը ամբողջությամբ չի ընդգրկում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված՝ պետական տուրքի տեսակները: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել նշված տուրքի տեսակները ներկայումս հաստատված ԵԱՏՄ կարգերին: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 23.01.2026թ.
Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում կատարել փոփոխություններ: Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար կարեւոր մշակութային արժեքների արտաքին առեւտուրը կանոնակարգելու, ինչպես նաեւ տուրքի տեսակները Եվրասիական տնտեսական միության կարգերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է՝
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 26.01.2026թ.
|