ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1241-19.01.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1241-19.01.2026-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կրճատ անվանման հիշատակումից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: 

Նույն առաջարկությունը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի լրիվ անվանման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 45.3-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասով նախատեսվում է,  որ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին  հատուկ միջոցները հատկացնելու, պահելու, կրելու եւ հանձնելու կարգը սահմանվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից: Հարկ ենք համարում  նշել սակայն, որ ներկայումս հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու եւ հանձնելու  կարգի վերաբերյալ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը բացակայում է: Այս համատեքստում կարծում ենք, որ Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու օրենքի կիրառումը ապահովելու նպատակով ընդունել համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ: Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկում ենք Նախագծում նախատեսել անցումային դրույթ, որով կսահմանվի  համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի իրավակարգավորումն առ այն որ, եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են` ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝  Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 

                   Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248)

22.01.2026թ. 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Լ.Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 

                  Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248)

22.01.2026թ. 






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով նախատեսվում է  «Հակակոռուպցիոն կոմիտեի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացումներ, համաձայն որի, առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հնարավորություն ընձեռել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց շնորհակալագրից, հուշանվերից եւ դրամական պարգեւատրումից բացի պարգեւատրել նաեւ մեդալով եւ կրծքանշանով: Նախագծով առաջարկվում է նաեւ սահմանել լիազորող նորմ, որպեսզի հնարավոր լինի Կոմիտեի Նախագահի կողմից սահմանել համապատասխան Կոմիտեի ծառայողներին հատուկ միջոցներ հատկացնելու, կրելու եւ հանձնելու կարգը:

Նախագիծը   ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի   վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 

22.01.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում:

Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան լիազորող նորմ, որպեսզի հնարավոր լինի Հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)  նախագահի կողմից սահմանել Կոմիտեի ծառայողներին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու եւ հանձնելու կարգը: Միեւնույն ժամանակ, առաջարկվում է Կոմիտեի նախագահին հնարավորություն ընձեռել Կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց շնորհակալագրից, հուշանվերից եւ դրամական պարգեւատրումից բացի պարգեւատրել նաեւ մեդալով կամ կրծքանշանով:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                          ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

21.01.2026թ.