ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1239-30.12.2025-ԱՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1239-30.12.2025-ԱՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն է՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը պայմանագիրը ստորագրած կողմի (կողմերի)՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին, ներկայացված չէ: 

Արձանագրելով, որ Արտաքին գործերի նախարարության կողմից Նախագծին կից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին» եզրակացությունը չի պարունակում «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով պահանջվող պայմանագիրը ստորագրած կողմի (կողմերի)՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին տեղեկատվությունը՝ առաջարկում ենք Նախագծին կից ապահովել համապատասխան պահանջի կատարումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծին կից «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

13.01.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

1. Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր)  Հայաստանի Հանրապետության  օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաեւ համաձայնագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին» եզրակացության համաձայն՝ «Համաձայնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե տարանցումն իրականացվում է օդային ճանապարհով, ապա հետընդունման ենթակա անձը եւնրա հնարավոր ուղեկցողներն ազատվում են օդանավակայանով տարանցման վիզա ձեռք բերելու պահանջից, ինչը հակասում է «Օտարերկրացիների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ օտարերկրացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա եւսահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվող «ՀՀ միջազգային պայմանագիր» եզրույթը վերաբերելի է Հայաստանի Հանրապետության համապատասխան ներպետական ընթացակարգերն անցած եւ ուժի մեջ մտած պայմանագրերին եւ չի ներառում նախագծային փուլում գտնվող փաստաթղթերը, ուստի, քանի դեռ սույն համաձայնագիրը ուժի մեջ չի մտել, առկա է լինելու հակասություն Համաձայնագրի եւ ՀՀ օրենսդրության միջեւ:»: 

Այս դիտարկման առնչությամբ ցանկանում ենք նշել, որ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «միջազգային պայմանագիր» եզրույթի, որպես ընդհանուր կանոնից բացառություն նախատեսող իրավական ակտի կիրառումը չունի նեղ մեկնաբանում Օրենքում եւ չի կարող վերաբերել միայն նախկինում ընդունված ու սահմանված կարգով ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերին: Վերջինս նախատեսում է, որ միայն «միջազգային պայմանագրի» կարգավիճակ ունեցող իրավական ակտերով կարող են նախատեսվել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ընդհանուր կանոնից տարբերվող կարգավորումներ՝ առանց ժամանակային սահմանափակման: Հետեւաբար, գտնում ենք, որ Համաձայնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասը չի հակասում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին:

2. Արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր)  Հայաստանի Հանրապետության  օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաեւ համաձայնագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին» եզրակացության համաձայն՝ «Համաձայնագրի 1-ին հավելվածով սահմանվում է այն փաստաթղթերի ընդհանուր ցանկը, որոնց ներկայացումը համարվում է քաղաքացիության մասով ապացույց.

- ցանկացած տեսակի անձնագիր (...),

- պետության կողմից տրված նույնականացման քարտեր (...),

-նույնականացման քարտեր եւ այլ պաշտոնական փաստաթղթեր, որոնք պարունակում են անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն կամ հստակ նշում են քաղաքացիությունը:

Վերոնշյալ դրույթը հակասում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 4-րդ հոդվածին, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են` Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը եւ անձնագիրը, իսկ մինչեւ 16 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ կարող է չպահանջվել, եթե ներկայացվել են ծննդյան վկայականը եւ ծնողների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը:»: 

Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ցանկ, մինչդեռ Համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 4-րդ հոդվածի համաձայն որոշակի պայմանների առկայությամբ Հայցվող պետության կողմից ընդունման ենթակա են նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարված, քաղաքացիություն չունեցող անձիք եւ երրորդ երկրի քաղաքացիները, որոնց քաղաքացիության հաստատման համար որպես ապացույց կիրառվելու են Համաձայնագրի 1-ին հավելվածով սահմանված, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 4-րդ հոդվածով չսահմանված փաստաթղթեր: Հետեւաբար, գտնում ենք, որ Համաձայնագրի 1-ին հավելվածի եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 4-րդ հոդվածի միջեւ եւս առկա չէ հակասություն: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

13.01.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025 թվականի հուլիսի 21-ին Թբիլիսիում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը: Ռեադմիսիոն համաձայնագրերի կնքումը համարվում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետ գործիքներից մեկը: Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել հետընդունման հարցերով համատեղ կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե), որով պայմանագրի կողմերը սույն Համաձայնագրի կիրառման եւ մեկնաբանման առնչությամբ միմյանց կտրամադրեն փոխադարձ օգնություն: Կոմիտեն կազմված է Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից: Կոմիտեն ընդունում է իր աշխատակարգային կանոնները, նիստերն անցկացվում են անհրաժեշտության դեպքում՝ Պայմանավորվող կողմերից մեկի խնդրանքով:

Համաձայնագրում առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման: Մասնավորապես՝ անձանց տեղափոխումը կատարվում է հիմնականում ցամաքային եւ օդային փոխադրման եղանակներով: Ցամաքային եւ օդային ուղիներով վերադարձը չի սահմանափակվում Պայմանավորվող կողմերի ազգային փոխադրողների օգտագործմամբ: Վերադարձը կարող է իրականացվել կանոնավոր կամ չարտերային չվերթով: Մինչեւ Հայցվող պետության սահմանը կամ նպատակակետ հանդիսացող պետության սահմանն իրականացվող հետընդունման եւ տարանցման գործողությունների հետ կապված տրանսպորտային եւ վարչական բոլոր ծախսերը կրում է Հայցող պետություը: Հայցող պետությունը հաշիվ-ապրանքագիրն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, վճարում է կատարված ծախսերի դիմաց՝ գումարը փոխանցելով Հայցվող պետության իրավասու մարմնի բանկային հաշվին: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան

12.01.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025 թվականի հուլիսի 21-ին Թբիլիսիում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ Հայաստանի Հանրապետության կամ Վրաստանի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար սահմանված պահանջները չբավարարող կամ այլեւս չբավարարող անձանց հայտնաբերման, անվտանգ եւ կանոնակարգված վերադարձի համար Համաձայնագրի միջոցով եւ փոխադարձության հիման վրա արագ եւ արդյունավետ ընթացակարգեր մշակելու եւ այդ անձանց տարանցումը համագործակցության ոգով դյուրացնելու նպատակով:

Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա`

  • համատեղ եւ համակարգված քայլեր իրականացնել երկու պետությունների տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ՝ երրորդ պետությունների քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման եւ վերադարձի կազմակերպման   հարցերում,
  • իրավական հիմք կստեղծի հետընդունման գործընթացի կարգավորման համար,
  • կնպաստի միգրացիայի ոլորտում արդյունավետ համագործակցության   զարգացմանը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                         ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

13.01.2026թ.